...

Պատերազմն ու խաղաղությունը՝ հետախուզման մեջ

Պատերազմն ու խաղաղությունը՝ հետախուզման մեջ

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, գրել է. «Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Փաստորեն Հայաստանի նախկին 2 նախագահները հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում ինչի՞ Ադրբեջանը ուղղակի չի դիմում Հայաստանի դատախազությանը»:

Մեծ հաշվով, այն բանից հետո, երբ Ադրբեջանը հետախուզում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ, ենթադրվում էր, որ նմանատիպ գործողությունների շարքը սրանով չի ավարտվի:

Հիմա տեսնում ենք, որ այդպես էլ կա: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի դատախազության այս նոր հայտարարությանը նախորդեց ՔՊ անդամներից մեկի աղմկահարույց գրառումը, որտեղ նա արցախցիներին բազմաթիվ մեղադրանքներ էր հասցեագրել, հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումներ արել, արցախցիներին դավաճանության, պատերազմից փախչելու, հայաստանցիների հաշվին ապրելու մեջ էր մեղադրել: Խայտառակ մի գրառում, որը լայքել էին բազմաթիվ հայեր, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը: Սա՝ իմիջիայլոց:

Իսկ Ադրբեջանի այս գործողությունները ընդամենը մի բան են վկայում. պատերազմը չի ավարտվել և խաղաղությունն էլ մուրալով չեն ձեռք բերում: Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները խաղաղության դարաշրջանի մասին խոսեն, որ արդեն պետք է փակել պատերազմների էջը և այլն, դա չի ստացվելու: Խաղաղությունն իր գինն ունի, ու մենք դեռ պետք է վճարենք դրա համար, քանի որ մինչև հիմա իշխանությունն ու ընդդիմությունը դեռ չեն գիտակցել կամ չեն ընդունում, թե վերջին 20 տարվա իրենց քաղաքականությունը մեզ ինչ օրի է հասցրել: 

Ադրբեջանը փորձելու է առավելագույնս դիվիդենտներ քաղել, քանի դեռ մենք այս օրին ենք: Առիթներ է ստեղծելու՝ նոր պատերազմ, բախումներ սկսելու համար: Նոր պահանջներ է դնելու, նորանոր մարդկանց նկատմամբ է հետախուզումներ հայտարարելու: 

Այստեղ թերևս նորից տեղին է հիշեցնել, որ նման իրավիճակի մասին 20 տարի առաջ զգուշացրել էր Վանո Սիրադեղյանը՝ «Ո՞վ Քոչարյանին կհանձնի միջազգային դատարան» հոդվածում: 

Վանոն գրել էր. «Իսկ ո՞վ չի հանձնի, կպատասխանի ամեն մի հայ և արտահայտած կլինի համայն հայության այս պահի տրամադրությունը։ Բայց հանձնելու ժամանակ հասարակության մեջ որոշ քննարկում կընթանա։

Անշուշտ, կգտնվեն մարդիկ, որ դեմ կլինեն առհասարակ որևէ դատի, բայց հիմնական վեճի առարկան կլինի հետևյալը՝ հանձնել միջազգային տրիբունալի՞ն, թե՞ դատել Հայաստանում, թեկուզ և անօրինական ճանապարհով իշխանությունը զավթելու կամ 50 հազար հայ աղջիկ֊երեխաների մարմնավաճառության դրդելու մեղադրանքով։ Դա իբրև սկիզբ։ Հետո այնքան վկայություններ առաջ կգան և այնքան ցուցմունքներ և «ցուցմունքներ» կտրվեն, որ Քոչարյանը կփոշմանի, որ նախապես մեղայականով չի ներկայացել միջազգային դատարան։ Որոշողը վերջին հաշվով կլինի օրվա իշխանությունը։ Ճիշտ է, իշխանության որոշումը կախված կլինի միջազգային ճնշման աստիճանից»:

Ասել է: Սա էլ է ասել: Կանխատեսել: Զգուշացրել է, որ արկածախնդրությամբ, քյալլագյոզությամբ, ռացիոնալ մտածելակերպից հրաժարվելով, միջազգային հանրության հետ տուն-տունիկ խաղալու արդյունքում Հայաստանն ու Արցախը աղետի եզրին եք հասցնելու, ու եթե խելքի չգաք, արդեն անձամբ ձեզանով են զբաղվելու: 

Չենք կարող էմոցիոնալ կամ հումորով անդրադառնալ այս իրավիճակին: Շուն, գել, Քոչարյանն էլ, Սերժն էլ մեր երկրի ղեկավարներն են եղել: Բայց այս հարցում պատրաստի դեղատոմսեր չունենք. մի հատ մեծ կեղտի մեջ ենք: Սա պետք է բոլորը հասկանան: Իսկ քանի դեռ պետությունը խաղալիք է այս իշխանության ու ընդդիմության ձեռքում, մենք միայն ավելի շատ ենք թաղվելու կեղտի մեջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ