ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը՝ «Ժողովրդի» հետ զրույցում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է. «Ներկա պահի դրությամբ կա մրցակցող երկու կերպար՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես իշխանություն, և Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ընդդիմություն: Մնացածը, այսպես կոչված, փչացնողներն են: Հասարակությունն ամեն դեպքում ընտրություն է կատարելու Փաշինյանի և Քոչարյանի ուժերի միջև, սակայն այդ երկրորդ խմբում դուք չեք տեսնի Սերժ Սարգսյանին իր ՀՀԿ-ի հետ: Սերժ Սարգսյանի և նրա ուժի ակտիվ մասնակցությունն առաջիկա ընտրություններին հենց առարկայական է դարձնում հասարակության մտավախությունը՝ «նախկինների վերադարձի» հետ կապված: Սերժ Սարգսյանը, նրա ՀՀԿ-ն և մյուս կուսակցությունը՝ Արթուր Վանեցյանի «Հայրենիքը», կկտրեն Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատի պոտենցիալը: Քոչարյանը պետք է հրապարակային հեռու մնա այն ճամբարից, որը Հայաստանն ու Արցախը բերել է ողբերգության»:
«ՉԻ». Սա ինչ-որ նոր բան է. ԿԳԲ-ի նախկին շեֆն ու ռուսական «Տրանսնեֆտի» տնօրենի ներկայիս խորհրդականը Սերժ Սարգսյանին համարում է ընտրություններ փչացնող, Քոչարյանի ձայները փախցնող և ամենակարևորը՝ Հայաստանն ու Արցախը ողբերգության հասցնող:
Չգիտենք՝ Արմեն Աշոտյանը երբ և ինչ տոնայնությամբ կարձագանքի Կառլոս Պետրոսյանի այս հայտարարություններին, բայց մենք ասենք՝ հիմա հենց դա էլ փորձում են անել, իբր ընտրությունները Նիկոլի և Քոչարյանի միջև են լինելու: Սա և´ Փաշինյանին ձեռնտու կոնֆիգուրացիա է, և´ Քոչարյանին: Սև ու սպիտակն իրար մեջ բաժանել են, մնացածներին համարել ոտի տակ ընկնող ու փայ փախցնող:
Բայց էս ուր ենք հասել, եթե Սերժ Սարգսյանին համարում են նախկին, իսկ Քոչարյանին՝ ոչ:
«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021