...

Ով և ինչպես է «ուղերձել» կամ «չուղերձել»

Ով և ինչպես է «ուղերձել» կամ «չուղերձել»

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը մայիսի 9-ի կապակցությամբ ուղերձ է հղել, որում, մասնավորապես նշված է. «Թանկագին հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։ 77 տարի առաջ հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ու առաջադեմ մարդկության հետ միասին հաղթանակ տարավ ֆաշիզմի դեմ մղած մեծ պատերազմում: Հայերս մեր արժանի ավանդը ներդրեցինք այդ պայքարում: Պատերազմ մեկնած 600 հազար հայորդիներից 300 հազարը չվերադարձան մարտի դաշտից»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ուղերձ է հղել, որում մասնավորապես նշված է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով։ Այս տոնը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի ավարտը և մարդկության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը: Պատերազմում տարած հաղթանակով քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին: 107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, մեր բազմաթիվ հայրենակիցներ մարտնչել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել մի շարք երկրների հակաֆաշիստական պայքարին ու փառքով պսակել իրենց անունը: Այսօր խոնարհվում ենք մեր հերոսների, մեր նահատակների գործի ու հիշատակի առաջ, հպարտանում՝ մեր նախնիների հերոսությամբ: Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին միաձուլվելով կամավորական ոգու հետ՝ դարձավ արցախյան գոյապայքարի, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման առհավատչյան: Այսօր` 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո, կսկիծով ու դառնությամբ ենք արձանագրում, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հաղթանակի, այլև այդ հաղթանակի բազմաթիվ պտուղներ կորսված են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ»:

Ռոբերտ Քոչարյանն իր ստատուսում գրել է. «Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների: Շնորհավոր Մայիսի 9» և լուսանկար տեղադրել, որտեղ պատկերված են 1945թ. Բեռլինյան Ռայխստագն ու 1992թ. Շուշին:

ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը զինվորական համազգեստով լուսանկար է տեղադրել և գրել. «Այսօր Հաղթանակի օրն է, ու թեև մեզանից խլել են մայիսյան Եռատոնը՝ մեզ զրկելով Շուշիի փառահեղ ազատագրումը Շուշիում տոնելու իրավունքից, Արցախի պաշտպանության բանակը՝ հաղթանակած լինելու փառքից և ուժից, մենք ապրում ենք այն գիտակցումով, որ երկրապա՛հ է մեզանից յուրաքանչյուրը»:

ՀՀ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել, որտեղ նա Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու դիմաց կանգնած է և գրել է. «Այսօր հենց այն խորհրդանշական օրն է, երբ ազգովի պիտի բարձրաձայնենք՝ մայիսյան եռատոն կերտած ժողովուրդը չի՛ ծնկելու, ոտքի՛ է կանգնելու, ոչ թե մուրալու, այլ պարտադրելու՛ է խաղաղություն՝ արժանապատիվ խաղաղություն»:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում նշել է. «Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը: Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում»:

ՀՅԴ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը բան չի գրել տոնի առթիվ: Բայց հիշեցրել է, որ այսօր ժամը 17:00-ին արի´, Ֆրանսիայի հրապարակում գործ կա: 

Հիմա, ամփոփենք այս ուղերձները: Դե, հասկանալի է, որ նախագահի ու վարչապետի ուղերձներում եռատոնի մասին խոսք չկա, Արցախի բանակի կազմավորման օրվա վերաբերյալ չի հիշատակվում: Նախագահը խոսել է բացառապես 1941-45թթ. պատերազմի մասին, Նիկոլ Փաշինյանը մի փոքր անդրադարձել է Շուշիին, բայց հիմնականում՝ հայերի մասնակցության մասին 2-րդ համաշխարհային պատերազմում և որոշ վիճակագրական տվյալներ, թե ինչքան զոհ ենք ունեցել, քանի հերոս և այլն:

Ընդդիմության ներկայացուցիչներից միայն Սերժ Սարգսյանն է, որ ոչ կամուֆլյաժով է, ոչ էլ Շուշիից ինչ-որ կադրեր է դրել: Ուղերձին կցել է իր ներկայիս լուսանկարը: 

Բայց ամենահետաքրքիրը Իշխան Սաղաթելյանի պահն է, որ գոնե մի կես բերան չի խոսել մայիսի 9-ի տոնի մասին: Սա ինչ-որ տեղ բացատրելի է, քանի որ ՀՅԴ-ի համար մայիսի 9-ը ոչ թե հաղթանակի, այլ պարտության խորհրդանիշ է՝ հաշվի առնելով, որ ՀՅԴ-ն երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստների հետ է համագործակցել, ֆաշիստների համար է ջոկատներ (լեգեոններ) կազմավորել, նացիստների շարքերում է կռվել Կարմիր բանակի դեմ:

Մի քիչ դժվար է սեփական պարտությունը շնորհավորել, մի քիչ դժվար է սեփական ամոթալի էջերից մեկը հիշատակել: Մի խոսքով, մուխանաթ թեմա է, ավելի լավ է, գնացեք Ֆրանսիայի հրապարակ և միացեք «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին: Միայն թե մի մոռացեք, որ մենք արդեն ունեցել ենք հայկական դիմադրության շարժում, որը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում պայքարում էր ֆաշիստական օկուպացիայի դեմ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ