Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել հայաստանյան մի քանի քաղաքական ուժերի լիդերների հետ և քննարկել երկրի առջև ծառացած մարտահրավերներին միասնաբար դիմակայելու հնարավորությունները։ Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված այդ հանդիպման ձայնագրությունից, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Նիկոլ Փաշինյան - Շնորհակալություն, որ ընդունել եք հրավերը։ Իմ մոտավոր պատկերացմամբ՝ այս ծանր իրավիճակում մեզ անհրաժեշտ է մի կողմ դնել տարաձայնությունները և հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։ Ես, որպես վարչապետ, մեր նորօրյա Սարդարապատի կազմակերպման գործողությունների որոշակի ծրագիր եմ մշակել, բայց կցանկանայի լսել նաև ձեր առաջարկները։ Իսկ իմ ծրագիրը հետևյալն է։ Առաջին՝ կտրուկ բարձրացնել պարգևավճարները, իսկ Ալենչոյի համար նոր ավտո առնել։ Երկրորդ՝ մեր սահմանների անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով սահմանել, որ հունվարի 1-ից չպատվաստված քաղաքացիների մուտքը ՀՀ ինքնիշխան տարածք արգելվում է։ Հա, մեկ էլ ամենայն վճռականությամբ որոշել եմ շատ ջղայն հայացքով նայել Ալիևին։ Երկու շաբաթ պարապել եմ։ Էն օրն էլ փորձարկեցի, նայեցի բարեխիղճ գործարար Սամվել Լիմինդրովիչին՝ 30 միլիոն դրամ նվիրատվություն արեց։ Ի՞նչ առաջարկներ կան։
Ժիրայր Սեֆիլյան - Փրկության միակ ձևն այն է, որ մեզ 100 պիկապ տաք։ Մեկ էլ՝ ամեն սփյուռքահայ մեզ 10 դոլար փոխանցի։ Մեկ էլ․․․ Այ, Արա Պապյանը հուշում է, որ 20 միլիոն դոլար է պետք Թուրքիան ներսից պայթեցնելու համար։ Պլյուս 200 հատ գունավոր քսերոքս՝ Վիլսոնի Հայաստանի քարտեզը բազմացնելու համար, պլյուս 15 միլիոն հայորդի, որ այդ տարածքները բնակեցնենք․․․
Ռոբերտ Քոչարյան - Ես սկզբունքորեն դեմ չեմ, եթե պիկապները «Տոյոտա Արմենիայից» առնեք, բայց հիմնավոր լուծումը կլինի էն, որ իշխանությունը տաք ինձ։ Մնացած կետերի հետ համաձայն եմ։ Իմ կողմից էլ՝ կարամ զանգեմ Պուտինին։ Հա, քանի չեմ մոռացել։ Հող հանձնողին հանձնենք հողին։
Սերժ Սարգսյան - Ռոբերտ, չի՛ ստացվի։ Էդ դեպքում Դաշնակցությանը 101 տարի առաջ պիտի հանձնած լինեինք հողին, բայց համ ինձ հետ ա կոալիցիայի մեջ եղել, համ քո հետ։ Մնացած կետերին համաձայն եմ, բայց իշխանությունը պիտի ինձ հանձնեք։ Հրապարակավ խոստանում եմ, որ չեմ վերցնի, բայց դուք հանձնեք։
Իշխան Սաղաթելյան - Եկեք օրհասական այս պահին մի կողմ դնենք տարաձայնությունները։ Մենք պատրաստ ենք լիովին ընդունել ազգակործան իշխանությունների ծրագիրը, եթե մեզ տան նախարարական երեք պորտֆել, երկու մարզ և 4 հատ՝ Ալենչոյի ավտոյից։ Մենք անգամ ճանապարհների բացմանը կողմ կլինենք, որովհետև եթե ճանապարհները փակ մնան՝ ո՞նց ենք հասնելու Սասուն, մտնենք Վան, Մուշ-Ալաշկերտ-Արդահան։
Նիկոլ Փաշինյան - Լավ, եկեք ամփոփենք։ Ուրեմն այսպիսի ծրագիր ենք մշակում։ Ալենչոյի ավտոյի հարցը լուծում ենք, ես գնում եմ Սոչի, Ալիևին թարս չափում եմ, վախից մտնում է սեղանի տակ, էդ պահին Ռոբերտը զանգում է Պուտինին, նա սենյակից դուրս է գալիս, որ պատասխանի, Ժիրոյի պիկապները փողոցում սիգնալ են տալիս, Ալիևը գլուխը սեղանի տակից հանում է, ես էն Պուտինի նվիրած ձիթենու ճյուղը փաթաթում եմ Վիլսոնի քարտեզի մեջ և ուղիղ Ալիևի ճակատին․․․
Ցավոք՝ ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։