...

Ոչմիթիզականություն՝ Նիկոլի կատարմամբ

Ոչմիթիզականություն՝ Նիկոլի կատարմամբ

Քանի դեռ արտահերթ ընտրությունները «ջրվել են», մի բան թաքուն ասենք. բայց Նիկոլ Փաշինյանը լավ փչացրեց ոչմիթիզականության տեսլականը: Իրենից անկախ:

Երբ Նիկոլը 2018-ին եկավ իշխանության, արդեն շատ լավ գիտեր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը որտեղ է հասել: Այսպես կոչված Լավրովի պլանն արդեն կազմ ու պատրաստ էր: Ինքն ուներ երկու տարբերակ. կամ գնալ կարգավորման, ինչը ենթադրում էր Լավրովի պլանի իրագործում, կամ էլ՝ քցվել ոչմիթիզականության ջրերը: 

20 տարի շարունակ ոչմիթիզականությունը իշխանությունների միակ կարգախոսն է եղել: Ախր շատ հարմար կարգախոս էր: Դրա լավն այն է, որ ոչ մի թիզ ասելով՝ միշտ հերոսի շղարշով ես քեզ ներկայացնում: Կապ չունի, որ երկրի ունեցվածքը փոշիացնում ես, երկրի հարստությունները օտարներին ես հանձնում, կլաններ ես ստեղծում, օրումեջ մարդ սպանում, ընտրություններ կեղծում, ձև ես անում՝ իբր բանակ ես պահում. կարևորը, որ քեզ ոչ ոք հողատու չի համարի: 

Նիկոլ Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը՝ ոչմիթիզականությունը: Նախկինների 20-ամյա քարոզչության արդյունքն էր դա, ու նա՝ չհասկանալով, ընտրեց այդ տարբերակը:

Եվ երբ 2020 թվականի պատերազմը սկսվեց, միակ տարբերակը, որը կարող էր նման աղետի հանգեցնել, ոչմիթիզականությունն էր: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին նախօրոք զգուշացրել էին, որ եթե պատերազմ սկսվի, մեր համար վատ է վերջանալու, բանի տեղ չդրեց: Պատերազմը սկսվեց, մի քանի օրում պարզ դարձավ, որ վիճակը վատ է, քանի անգամ բաց տեքստով ասացին, որ համաձայնվի ռուսական խաղաղապահներ մտցնելու, պատերազմը դադարեցնելու և Լավրովի պլանը իրագործելու առաջարկին, չհամաձայնվեց: Որոշեց մինչև վերջ գնալ, որ հանկարծ չասեն. առանց կռվի հողեր հանձնեց: 

Ահա այդպես, նա գերադասեց մի ամբողջ սերունդ զոհաբերել, բանակը կործանել, հազարավոր փախստականներ ստանալ, որ պարտությունը հերոսական ստացվի: Կռվով թշնամուն տվեցինք այն, ինչ կարող էինք տալ առանց պատերազմի ու տվեցինք նաև այն, ինչը ընդհանրապես չպետք է տայինք: Իսկ հիմա առանց կռվի շարունակում ենք հակառակորդին տալ այն, ինչը նա կարող է վերցնել:  

Սա կլասիկ ոչմիթիզականության արդյունքն էր: Մի անգամ սա տեսել էինք 1920 թվականին, մի հատ էլ՝ հիմա: Դաշնակներն են, չէ՞, ասում, հերոսաբար կռվեցինք, Հայաստանի 80 տոկոսը տվեցինք թուրքերին: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է ասում. Արցախի 80 տոկոսը տվեցինք ադրբեջանցիներին: Բայց հո հենց նենց չե՞նք տվել: Կռվով ենք տվել, տղերքը հերոսաբար զոհվել են, մեր զրահատեխնիկան հերոսաբար ոչնչացվել է: 

Քոչարյանը լիներ, դաշնակները լինեին, նույն արդյունքն էր լինելու: Շատ էլ որ Քոչարյանը հիմա հայտարարում է, որ եթե ինքը լիներ, պատերազմ չէր սկսվի: Ճիշտ հակառակը. եթե դու չլինեիր, այդ դեպքում պատերազմը հաստատ չէր սկսվի: Այդ դու չես թողել, որ 1998-ին պատերազմն ավարտվի: 

Այս պատերազմը և դրա արդյունքները ոչմիթիզականության տեսլականի պարտությունն էին: Դա հստակ ցույց տվեց այդ կարգախոսը դրոշ դարձրած քաղաքական ուժերի գաղափարական և բարոյական սնանկությունը, իրենց դատարկությունը: Միշտ այդպես է եղել. նման ուժերը իրենց սնանկությունը, զրոյական էությունը ստիպված են եղել քողարկել ոչմիթիզականությամբ, ու նույնիսկ այն ժամանակ, երբ սրանց քյալլագյոզությունների արդյունքում հերթական աղետն է լինում, մեկ է, շարունակում են իրենց էշը քշել: Հայրենիք, պետականություն, արժանապատվություն... սրանց համար դրանք ընդամենը գեղեցիկ խոսքեր են: 

Մի հատ նայեք, էլի, ովքեր են այսօր իշխանություններին մեղադրում դավաճանության մեջ: Այն մարդիկ և այն ուժերը, որոնք 20 տարի ոչ մի թիզ ասելով, մետր առ մետր մեր երկիրը, Արցախը տարել են դեպի պարտություն: Նիկոլը՝ իրենից անկախ, սրանց բոլորին փչացրեց: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ