...

Ո՞վ կփրկի «շարքային Նիկոլին»

Ո՞վ կփրկի «շարքային Նիկոլին»

Տրամաբանորեն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վերջին շաբաթը 44-օրյա պատերազմից ի վեր ամենածանրը պիտի լիներ։ Այն ժամանակ նա մի կերպ պահպանեց իշխանությունը՝ սկզբում խաբելով, թե «Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա» է իրականացնելու, իսկ ավելի ուշ՝ Արցախի վրա վերջնականապես խաչ քաշելուց հետո, խոստանալով «խաղաղության դարաշրջան»։ Ու հանկարծ ակնհայտ դարձավ, որ դա նույնպես փուչիկ էր, Ադրբեջանն էլ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է «գեներացնում» ու բացահայտորեն պատրաստվում նոր պատերազմի։ 

Պարզ ասած՝ հաշված օրերի ընթացքում փլուզվեց այն սուտը, որով Նիկոլը երեք տարի շարունակ կերակրում էր ժողովրդին։ Ու նա սեփական ստի փլատակների տակ մնալուց խուսափելու ուղիների տենդագին փնտրտուքի մեջ է, որովհետև «տևական խաղաղության» հեռանկարով գայթակղված ու միանգամից հիասթափված ժողովրդի համբերության բաժակը կարող է լցվել։ Եվ, ինչպես միշտ, այս ծանր վիճակում նրան օգնության է հասնում․․․ ճիշտ է, խորհրդարանական ընդդիմությունը։

Վերջին երեք տարիների «ռազմավարությունը» քարուքանդ է եղել, Հայաստանն այդ ընթացքում հաջողացրել է փչացնել հարաբերությունները համարյա բոլոր պոտենցիալ դաշնակիցների հետ, երկիրը կանգնած է նոր պատերազմի շեմին, պետական կառույցներն ամրապնդելու, արտաքին քաղաքականությունը վերանայելու, հասարակությանը համախմբելու և բազմաթիվ այլ կարևորագույն հարցեր կան, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դրանցից որևէ մեկը լուծելու կարողություն չունի, և հանկարծ ընդդիմադիր պատգամավորը վեր է կենում ու սկսում՝ է՛լ Շիրազ, է՛լ «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», է՛լ «Տիգրանի կառուցած քաղաք»․․․ Հետո էլ Քոչարյանի տղան է մեյդան ընկնում՝ թե «ինչի՞ց եք վախենում»։ Վերջ, Նիկոլն ու նրա ուսապարկերը կարող են թեթևացած շունչ քաշել, փրկությունը ճիշտ ժամանակին էր։ Այ հիմա կարելի է խոսել Արագած լեռան բարձրությունից, Ջոմոլունգմայից, վերահաստատել, որ «ժողովուրդն իմ ընտանիքն է», Լյովիկի «պորտը տեղը դնել»՝ հիշեցնելով, որ նրա հայրը լեգիտիմ չէր, սատկած առյուծների հետ էր նկարվում, և այլն։ Մի խոսքով՝ վերախաղարկել այն էժանագին թամաշան, թե «հա, ես ձախողվել եմ, բայց այլընտրանքն այ սրանք են, հո չե՞ք մոռացել»։ 

Ուշադրություն դարձրեք՝ «ընդդիմադիր» այս պատգամավորների խոսքում ոչ քաղաքական բովանդակություն կա, ոչ միտք, ոչ էլ, առավել ևս, որևէ ողջամիտ առաջարկ։ Բայց Լևոն Քոչարյանի համար դա ի՞նչ նշանակություն ունի, նրա մտքով երևի չի էլ անցնում, որ անգամ իր դեմքի արտահայտությունը, միմիկան ու ձայնի տեմբրն են տհաճություն պատճառում մարդկանց, որովհետև հորն են հիշեցնում, ու հենց դրա համար էլ իշխանական քարոզչամիջոցներն ամենաակտիվն են տարածում իր «ելույթը»։ Նրան ի՞նչ, հարցը գրել-տվել են ձեռքը, ինքն էլ վարժ կարդացել է, երևի նաև մտքում համարել, որ «ռեյծինգը» ահագին բարձրացավ, և հանգիստ կարող է գնալ ու շարունակել «կաչատ անել» մկանները։ Իսկ որ վրան մի քիչ «կայֆավատ էղան»՝ ոչինչ, չէ՞ որ ինքն է՛լ «տակ չմնաց», համ էլ՝ բա ազատության մեջ հայտնվելու և պատգամավորական մանդատի համար պիտի վճարել, իսկ ժողովրդի համար «բոբո» աշխատելու և դրանով իսկ Նիկոլի իշխանությունն ամրապնդելու դիմաց ավանսն արդեն վճարել են՝ հոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել են, բիզնեսներին էլ երևի առանձնապես ձեռք չեն տա։ 

Իսկ եթե խորհրդարանում նորմալ ընդդիմություն լիներ՝ գլխավոր ուսապարկատերն իրեն այդքան հարմարավետ չէր զգա։ Հիմա «անշուն գեղ է մտել՝ առանց մահակ է քայլում»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ