Ինքը FM-26/1 ռադիոկայանի ստուդիայում քաղաքագիտություն է դասավանդում խորհրդարանական ուժերի համար: «...և երբ Վարդան Մամիկոնյանը բունկերից դուրս եկավ, հայոց զորքը ցնծաց, պարսիկներին ջարդելով սկսեց առաջ գնալ, բայց Վասակ Մամիկոնյանը չթողեց, որ մերոնք հասնեն մինչև Եփրատ ու հակառակորդին կապիտուլյացիա պարտադրեն: Հարցեր կա՞ն»:
Վահե Հակոբյանը ձեռք է բարձրացնում: «Ասա, Վահե»: «Ընկեր Շիրինյան, իսկ հայոց զինվորների թրերը պղնձի՞ց էին պատրաստված, թե՞ ֆերոմոլիբդենից»: «Դե գիտեք, որ Արտաշես թագավորի օրոք գյոզալ երկիրը քանդել էին, բանակին հոտած միս էին տալիս, պղինձն էլ տանում, Պարսկաստան ծախում էին: Դրա համար 380-ականների ժանգոտած զենքերով էին մերոնք կռվում»:
Ռոբերտ Քոչարյանն է ձեռք բարձրացնում. «Ընկեր Շիրինյան, իսկ պարսիկներն էդ փղերը օրավարձո՞վ էին վերցնում, թե՞ ժամավճարով»:
«Չէ, պարսիկները Աֆրիկայում ներդրումներ էին արել, դրա դիմաց Նուբիան փղեր, առյուծներ, զեբրեր և այլ հարձակողական կենդանիներ էր մատակարարում: Հետո մերոնք բողոքի նոտա ուղարկեցին Նուբաց թագավորին, դրանից հետո մեզ 100 տաղանդ վարկի դիմաց սկսեցին ստրատեգիական նշանակության նիզակներ տալ: Հարցդ տուր, Արծվիկ»:
«Իսկ ինչի՞ Վարդան Մամիկոնյանը կոալիցիա չստեղծեց Բյուզանդիայի հետ»:
«Արծվիկ, ով ինչ խոսա, դու կոալիցիայից ես խոսում: Բյուզանդիան մեր թշնամին է եղել, միշտ տակից խփել է մերոնց: Հետո դրանք գնացին Ռուսաստան, այնտեղից մեր դեմ սկսեցին դավեր նյութել»:
Այդ պահին ստուդիա մտնում է Արայիկ Հարությունյանը. «Կներեք ուշացման համար, գնացել էի Էջմիածին՝ նորանշանակ Կաթողիկոսին Մայր Աթոռում ներկայացնելու համար»:
«Նստի, նստի,- ասում է ինքը ու նկատում, որ Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանն իրար քաշքշում են,- ի՞նչ ա եղել, մի հատ հանգիստ»:
«Ընկեր Շիրինյան, էս Ալենը եկել, տեղս է նստել, ասեք, թող ուրիշ տեղ նստի»,- բողոքում է Արարատը: «Թող ինքը գնա, կարո՞ղ ա գրանցված ա ստեղ»,- հակադարձում է Ալենը: «Արո, վերջում ազատ տեղ կա, Գրիգորյան Արմենը տեղափոխվել է ուրիշ դպրոց, գնա իր տեղը նստի»,- ասում է ինքը:
Հանկարծ դռները բացվում են, ներս են մտնում մի խումբ զինված ոստիկաններ, ստուգում ստուդիայի անկյունները և կանգնում այնտեղ, որից հետո ներս է մտնում տնօրենը՝ Նիկոլ Փաշինյանը: Բոլորը ոտքի են կանգնում ու հարգալից բացականչում. «Բարև ձեզ, ընկեր Փաշինյան»:
«Նստեք, նստեք,- ձեռքով է անում Նիկոլը,- ուզում եմ շնորհավորել ձեզ՝ ուսումնական նոր տարվա կապակցությամբ: Չնայած այնքան էլ հաջող չհանձնեցիք վերաքննությունը, անիմաստ բողոքարկեցիք, բայց ուրախ եմ, որ հաշտվել եք ձեր գնահատականների հետ: Այժմ ես գնամ, իսկ դուք խելոք նստեք և սովորեք: Պարոն Շիրինյանը մեր լավագույն դասախոսներից է, կպատմի ձեզ մեր աննախադեպ հաջողությունների և վառ ապագայի մասին: Ասացի, նստեք, կանգնած մի մնացեք»,- ասում է տնօրենը, ընկերական թփթփացնում իր ուսին ու հեռանում:
Արթնանում է Մակրոնի դեմքը վերլուծելիս: