...

Ալեն Սիմոնյանի երազը

Ալեն Սիմոնյանի երազը

Նոր խորհրդարանի առաջին նիստն է: Ինչպեսև պայմանավորվել էին, եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրեն ընտրում են ԱԺ նախագահ: ՔՊ պատգամավորները բուռն ծափահարում են, քոչարյականները ձեռքերով դմփդմփացնում են սեղաններին՝ ի նշան բողոքի, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր պատգամավորներին ձեռքով նշան է անում, որ ռեակցիա չտան:

Ինքը բարձրանում, նստում է ԱԺ նախագահի աթոռին և ասում. «Այժմ պետք է ԱԺ փոխնախագահներ ընտրենք: Համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 9-րդ կետի 4-րդ դրույթի, փոխնախագահները ընդդիմադիր խմբակցություններից պետք է լինեն: Առաջարկում եմ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Համեցեք, պրն Քոչարյան»:

Ռ. Քոչարյանը կանգնում է, մոտենում ամբիոնին, բայց հենց ուզում է խոսել, հանկարծ գույնը գցում է ու պառկում գետնին: «Ձեզ ի՞նչ պատահեց, պրն Քոչարյան»,- հարցնում է ինքը:

«Եսիմ, էն վերևի դռնից երկար պլաշչով մի մարդ մտավ»,- պատասխանում է Քոչարյանը՝ շարունակելով գետնին պառկած մնալ:

«Հա, հետո ի՞նչ, էդ մեր հավաքարարն է, աղբարկղն է փոխում: Կանգնեք, կանգնեք, զավեշտի մի վերածեք նիստը»,- բացատրում է ինքը:

«Որ տենց ա, ես հանում եմ իմ թեկնածությունը: Չեմ ուզում էդ պաշտոնը»:

«Ինչի՞»,- հարցնում է ինքը:

«Մի տեսակ տհաճ հիշողություններ է արթնացնում: Համ էլ ես չեմ համապատասխանում թեկնածությանը, հեսա, նայեք, տեղեկանքը, վերջին 5 տարին ես մշտապես չեմ ապրել Հայաստանում: Ավելի լավ ա, թող Արմենչիկը ԱԺ փոխնախագահ լինի»,- առաջարկում է Քոչարյանը: 

«Կներեք,- առարկում է Արմենչիկը,- ես էլ չեմ կարող հավակնել այդ պաշտոնին: Ես պետք է միշտ լինեմ այնտեղ, որտեղ պրն Քոչարյանն է»: 

Գեղամ Մանուկյանը տեղից ձեռք է բարձրացնում, խոսք խնդրում. «Ես առաջարկում եմ ԱԺ փոխնախագահների պաշտոնները պահել ձեզ, փոխարենը մեզ տալ խորհրդարանի շենքի անվտանգության պահպանության իրավունքը»:

«Ես դեմ եմ»,- բացականչում է Վանեցյանը:

«Էդ ինչի՞ որ»,- հարցնում է Գեղամ Մանուկյանը:

«Որովհետև դուք նույնիսկ նորմալ կրակել չգիտեք: Ձեր գործողություններից անմեղ մարդիկ կարող են տուժել»,- պատասխանում է Վանեցյանը:

«Արա´, ով որ կասկածում է մեր կրակելու վրա, ինքը բ... բ... բոլշևիկի տղա է», գոռում է Գեղամը:

«Խորհրդարան նաշ»,- բացականչում է Վանեցյանը:

«Յավաշ, յավաշ»,- արձագանքում է Քոչարյանը: 

«Այս ընդդիմությունը չունի Երևան քաղաքի ակներև աջակցությունը»,- նկատում է Արայիկ Հարությունյանը:

«Ինձ 8 րոպե ժամանակ տվեք, էս խորհրդարանը սարքեմ սենատ»,- օթյակից հայտարարում է Արա Պապյանը:

Հանկարծ այս աղմուկի մեջ դահլիճում լսվում է Նիկոլ Փաշինյանի ձայնը. «Հարգելի պատգամավորներ, շնորհավորում եմ ձեր աշխատանքային առաջին օրը: Հենց այսպիսի բեղմնավոր և կառուցողական գործունեություն էի ակնկալում բոլորիցդ: Որ ասում էի՝ ապագա կա, ձեր համար էի ասում: Ալեն, շարունակի նույն տեմպով»:

Արթնանում է կառուցողական մթնոլորտում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ