Ահավոր ջղայնացած է: 2022թ. հունվար ամսին իր տնտեսական եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2,3 տոկոսով: Քիչ առաջ դրա մասին զեկուցեց իր գանձապահը՝ Արմենչիկը, ու հիմա ինքը տեղը չի գտնում:
«Արմենչի´կ»,- ձայն է տալիս ինքը,- «արի տենանք, էս ինչի՞ ա վիճակը սենց»:
Արմենչիկը բացում է excel-ը. «Շեֆ ջան, հեսա, տես»:
Ինքը սկսում է հատ-հատ ստուգել. «Ըհը, էս «Նաիրի» բժշկական կենտրոնը, նորմալ է, կորոնավիրուսն ահագին օգուտ տվեց: Էս «Նաիրի ինշուրանսը». Լևոնն ասաց, որ գոհ է, 8 մլն քյաշ ա մուտքագրել: Էս «Կոնգրեսն» է, շատ լավ ա, մենակ դաշնակները 4 հատ գաղտնի ժողով են ստեղ անցկացրել: Բա ի՞նչն ա խնդիրը»:
«Շեֆ ջան, ծախսերն են շատացել»,- կմկմում է Արմենչիկը:
«Ինչի՞, այ տղա»,- հարցնում է ինքը:
«Դե, տես, 7 հատ նոր կայք ենք բացել, 12 հատ՝ տելեգրամ-ալիք, ընդե Միշիկի մի երկու թիվի փակվելու վրա էին, դրանք էլ ենք տիրություն անում: Ընդհանուր, 3 միլիոնով աճել են ծախսերը, մենակ ստեղ»:
«Հլը փաստաբանական ծախսերը բացի, տենամ»,- կարգադրում է ինքը:
«Շեֆ ջան, տարեկան 5 միլիոն քո փաստաբաններին ենք տալիս, պլյուս՝ էն Օրբելուն թոփ-թազա «Տոյոտա Լենդ Քրաուզեր» է տղեդ Իսակովի սալոնից նվիրել, պլյուս՝ ավելացել են Սեյրանի փաստաբանները, ասում են՝ մեզ փող չի տալիս, հաշիվները կալանքի տակ են, երկու ամսվա տան վարձն էլ չի կարում տա, դե, ուզած-չուզած, ծախսերը մենք ենք փակում: 2 միլիոն մենակ ստեղ ենք ավել փող տալիս»:
«Բա էս ի՞նչ ծախս է՝ 515 հազար դրամ»:
«Էդ էլ սայաթ շիրինյանի փաստաբանի ծախսն է, նոր տող եմ բացել էս տարվա համար»:
«Չհասկացա,- զայրանում է ինքը, սայաթի համար ես խի՞ պիտի վճարեմ»:
«Դե, շեֆ ջան, վատ տղա չի, տեսնում ես, առավոտից իրիկուն քո համար բան ա տալիս, ինչ են ասում... մի խոսքով, պլյուս, լայքում ա քո մասին բոլոր գրառումները»:
«Բա ի՞նչ ա արել որ»,- հարցնում է ինքը:
«Եսիմ, մութ պատմություն ա, ասում են, հյուրանոցից չայնիկ ա թռցրել, տո լի՝ տոստեր, մարդ գլուխ չի հանում»:
«Կասես, փաստաբանի ծախսերի կեսը թող ինքը տա»,- հրահանգում է ինքն ու հաջորդ տեղին անցնում. «Բա էս ի՞նչ ա՝ АД - 2.5 մլն դրամ»:
«Հա, էս էլ Արթուր Դանիելյանն է, սրա դեմն առնելու համար են էս ծախսերը: Մենակ էն կատաղած սմայլիկներ դնելու համար պակիստանցիներին 1200 դոլար ենք տալիս, պլյուս մի էդքան էլ Ցուկերբերգին ենք վճարում, որ դրան բլոկեն, մնացածն էլ քոմենթչիներին ենք տալիս»:
«Ախխ, «Առագաստում» ռաստ գար ինձ, էլի, մի երկու բան ասեի»,- հոգոց է հանում ինքը:
Այդ պահին ներս է մտնում Վիկտոր Սողոմոնյանն ու ասում. «Շեֆ ջան, նոր քննչականը հայտնեց, որ Կենդանիների պաշտպանության միջազգային լիգան քո դեմ հայց է ներկայացրել»:
«Это унижение,- քթի տակ մռմռթում է ինքը,- դե, ինչ ասեմ, Ալումյանին կանչի»:
«Արդեն ստեղ ա, դռան հետևում սպասում ա»,- զեկուցում է Վիկտորը:
«Բացի, Արմենչիկ, թազա տող բացի»,- տխուր ասում է ինքը:
Արթնանում է նոր տողից: