...

Քոչարյանը, Գևորգյանն ու Օսկանյանը կհիշեն

Քոչարյանը, Գևորգյանն ու Օսկանյանը կհիշեն

Երեկ դատարանում ընթերցվել է Ռոբերտ Քոչարյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ նա 2008 թվականին 3 միլիոն դոլար կաշառք է ստացել։ Ըստ մեղադրանքի՝ կաշառքը տվել է գործարար Սիլվա Համբարձումյանը՝ հանքերի շահագործման լիցենզիաներ ստանալու նպատակով։ Գործարքը իրականացվել է այն ժամանակ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջնորդությամբ, կաշառքից փայ է ունեցել նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Ի դեպ՝ թե՛ նրան, թե՛ Քոչարյանին այս հոդվածով 7-ից 12 տարվա ազատազրկում է սպառնում։ Առաջիկայում վկայի կարգավիճակով դատարանում կլինի նաև Վարդան Օսկանյանը։ Մինչ այդ Քոչարյանը մեղադրական եզրակացությանն այսպես է արձագանքել․ «Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, ինչը չպետք է անեի, կամ ինչ չեմ արել` ինչ պիտի անեի: Ուղղակի չի նկարագրված որևէ գործողություն, որին բացատրություն ես պետք է տամ, երբ որ հարցաքննվեմ, ուղղակի չկա: Ես պետք է գամ, այդ փուլը որ գա, կանգնեմ այդ ամբիոնի մոտ ու ասեմ` ինձանից ի՞նչ եք ուզում: Չի նկարագրված որևէ գործողություն, որ ես արել եմ, որը չպետք է անեի կամ հակառակը»։ Ի պատասխան՝ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն արդեն դատական նիստերից դուրս հակադարձել է․ «Տարածված տակտիկա կա` միշտ չհասկանալ, ինչքան էլ բացատրես` չհասկանալ: Օրինակ` կարելի էր չհասկանալ, որ գրված է մեղադրանքի մեջ 2007 թիվ, էդ որ տոմարով է, կարելի է ասել, որ դա չկա մեղադրանքի մեջ գրված, մեղադրանքը նկարագրված է բավականին հստակ: Երբ որ ասում են, որ չկա նկարագրված, թե ինչ գործողություն է արված, նկարագրված է, ինձ թվում է` դուք էլ լսեցիք, թե ով ում ինչքան ինչ է փոխանցել, ով ինչպես է դա ստացել»:

Ի դեպ՝ երեկ դատավոր Աննա Դանիբեկյանը Քոչարյանի փաստաբանների նկատմամբ դատավարական սանկցիա է կիրառել` նրանց տուգանելով 50 հազարական դրամով։

Քոչարյանի՝ կաշառք վերցրած լինել-չլինելը՝ մի կողմ, բայց չափազանց հետաքրքիր է լինելու Օսկանյանի վկայությունը։ Ըստ էության՝ գործարքի միջնորդը հենց նա է եղել, բայց նա մնացել է ընդամենը վկայի կարգավիճակում։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ տիկին Սիլվան էլի՛ պաշտոնյաների անուններ է տվել, որոնց մեղադրել է իրենից կաշառք վերցնելու և տեղ չհասցնելու մեջ։ Մի նախարար կար՝ Արամ Հարությունյան՝ Բուլկի մականվամբ։ Նրան էլ էլի միլիոններ էր տվել։ Այս թեմաներից մեկով հարցազրույցի ժամանակ, Նվեր Մնացականյանը շշկռված թվերից՝ տիկնոջը հարցրեց, թե այդքան գումար իրեն որտեղի՞ց, տիկինն էլ հանգիստ հակադարձեց, թե իր տարեկան շրջանառությունը հարյուրավոր միլիոններ է եղել, և ինքը հանքարդյունաբերության բիզնեսի խոշոր խաղացողներից է։ Բոլոր դեպքերում՝ հետաքրքիր ու դիտարժան են լինելու այս դատավարության հաջորդ փուլերը՝ ապացույցների բազայի հրապարակումից մինչև վկաների հարցաքննություն հենց դատարանում։

Ի դեպ՝ երեկ սոցիալական ցանցերում տարածվեցին Աննա Դանիբեկյանի նախկին և ներկա լուսանկարները, որտեղ տիկինն ակնհայտորեն փոխված էր՝ լավ իմաստով։ Տիկնոջ արտաքինի փոփոխությունը քննարկման առարկա դարձավ միայն այն պատճառով, որ նա հանդգնել էր Քոչարյանին հարցնել՝ ընդունո՞ւմ է մեղադրական եզրակացությունը։ Պատասխան չստանալով և հանդիպելով նրա փաստաբանների դեմարշին՝ նիստերի դահլիճը ինքնակամ լքելու միջոցով, Դանիբեկյանը, ինչպես արդեն հասկացաք, տուգանքի որոշում էր կայացրել փաստաբանների մասով, ինչն էլ դարձել էր սոցիալական հարթակներում նրա դեմ ծավալվող գարշելի գործընթացի առիթ։ Ծանոթ ձեռագիր է, ուղղակի այն ժամանակ սոցիալական մեդիան չկար, և այդօրինակ գործընթացները իրականցվում էին իրական կյանքում՝ ավելի դաժան մեթոդներով։ Քոչարյանը, Գևորգյանն ու Օսկանյանը կհիշեն։  

Գոհար Վեզիրյան 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ