...

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ռոբերտ Քոչարյանի երազը

Նախընտրական արշավը սկսվել է: Շտաբի պետ Աղվան Վարդանյանը ներկայացնում է հանդիպումների ժամանակացույցը. սկզբից՝ «Տոյոտա Արմենիա», հետո՝ «Նաիրի Ինշուրանս», այնուհետև՝ «Կոնգրես» հյուրանոց: Վերջում քայլերթ են անելու Մյասնիկյանի պողոտա, որտեղ ծաղիկներ պիտի դնեն մարտի 1-ին ժողովրդից տուժած պաշտոնյաների հուշաղբյուրին: «Շեֆ, համարի, որ ընդե 93 տոկոս ձայն ունես»,- ասում է Աղվանը:

«Յա´, բայց ինչի՞ 93»,- զարմանում է ինքը: «Դե,- կմկմում է Աղվանը,-  էն յոթ տոկոսը ձեր բարեկամներն են, Հայաստանում քվեարկելու իրավունք չունեն»:

Ինքը թեքվում է դեպի Հայկ Ալումյանը. «Զանգի Սահմանադրական դատարան, թող մի հատ էս հարցը սաաբրազիտ անեն»: «Հարց չկա, շեֆ, բա որ չհասցնեն մինչև հունիսի 20-ը»,- հարցնում է Ալումյանը: «Որ ասեն՝ չեն հասցնում, ինձ կասես, կզանգեմ Պոզներին, սաղ հարցերը ուլադիտ կանի»:

Մինչև շտաբի նիստում ելույթ ունենալը ինքը զանգում է Սերժ Սարգսյանին, բայց վերջինս չի պատասխանում: «Հըմ»,- հըմ է անում ինքը, վերցնում է շպարգալկան, դնում դեմը ու սկսում կարդալ ելույթի տեքստը. «Հարգելի համախոհներ, հաշ, թը, թը, փը... էս ի՞նչ ա գրած, Վիկտո´ր»,- զայրանում է ինքը: Վիկտորը վերցնում է շպարգալկան, նայում. «Շեֆ, էս ելույթիդ ինտերնետային հասցեն է, դա բաց թող»:

«Հաա, բա էս ջնջեք, որ ցյուրիմածության մեջ չընկնեմ»,- ասում է ինքն ու շարունակում խոսքը. «Իմ պաշտոնավարման տարիներին Հայաստանը երկնիշ աճ ուներ, տարեկան աճը կազմում էր 10 զրո-զրո... Վիկտո´ր, բա էս ի՞նչ էր»,- նորից զայրանում է ինքը: Վիկտորը հոգոց հանելով, նորից նայում է տեքստին. «Շեֆ, էս զրոներ չեն, տոկոսների նշաններն են»: 

«Բա դե տառերով գրեք, մարդ բան հասկանա»,- մուննաթ է գալիս ինքը. «Տարեք, դզեք, իմ ուզած ձևով բերեք»:
Վիկտորը շպարգալկան տանում է, խոսք է խնդրում շտաբի վարչության անդամ Գևորգ Պետրոսյանը. «Պարոն մեծարգո նախագահ, կըլնի՞, մի առաջարկ անեմ»:

«Ասա, Գևորգ»: 

«Պարոն մեծարգո նախագահ, առաջարկում եմ ձեզ ռուսերենով ելույթ ունենալ: Համ էդքան չեք տանջվի հայերենի վրա, համ էլ դա տոնկի նամյոկ ա ռուսներին»:

«Ա, լյավ պյան ես ասում»,- ուրախանում ա ինքը,- «մեկ ա, ասուլիսները մենակ ռուսներին եմ տալու, հարցազրույցներս էլ մենակ Սալավյովին»:

Այդ պահին սենյակ է մտնում Գառնիկ Իսագուլյանն ու շնչակտուր ասում. «Շեֆ, Նիկոլը որոշել ա ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալ»:

«Ո՞նց թե: Էդ մեր ռեյտինգին կխփի»,- բացականչում է ինքն ու նորից զանգահարում Սերժ Սարգսյանին, բայց զանգն էլի անպատասխան է մնում:

«Արմենչիկ, մի հատ կապնվիր Կարեն Կարապետյանի հետ»,- հրահանգում է ինքը: «Ո՞ր մեկի հետ, շեֆ»,- հարցնում է Արմենչիկը:

«Որը պատահի, տարբերություն չկա»,- ասում է ինքն ու միացնում Հ1: Հաղորդավարն ասում է. «Լուրերը, թե Հանրային հեռուստատեսությունը պատրաստվում է նաև ադրբեջաներենով հեռարձակվել, ստոր հերյուրանքներ են, քանի որ ռուսերեն են հեռարձակվելու»: 

«Սա որոշել ա ինձ դաբիտ անի՞»,- տագնապած ասում է ինքը ու նորից զանգում Սերժ Սարգսյանին: Հեռախոսից լսվում է. «Բաժանորդը ձեր համար անհասանելի է»: 

Արթնանում է Պոզների ընդունարանում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ