...

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ռոբերտ Քոչարյանի երազը

Նախընտրական հանդիպման է 3-րդ մասում: Ներկա են բազմաթիվ հեղինակավոր անձինք. Բանգլադեշցի Համոն, Արտաշատցի Հրոն, Երջոյի Հովոն, Մասիվցի Մրդոն, երրորդմասեցի Ծիվծիվը, Թոխմախի Կյաժը, Կոնդի Քյափը ու էլի նման դեմքեր:

Բացման խոսքը Աղվան Վարդանյանինն է. «Հաճելի է, որ այսպիսի հարգված, թաղում մեծ պատիվ ու հեղինակություն ունեցող մարդիկ են եկել: Ներկայացնեմ մեր հերոսին, չնայած, ինձ թվում է, ներկայացնելու առանձնապես կարիք չկա. որ ալիքը միացնում եք, իր գովազդն է, որ հայաթ մտնում եք, իր պաստառն է, որ տռաս հելնում եք, իր նկարով ստոլբեքն են: Ողջունենք. Արցախի ու Հայաստանի հիմնադիր-նախագահ Ռոբերտ Քոչարյան: Ծափ»:

Ինքը ծափահարությունների ներքո սկսում է. «Աղվան, էդքանը ասել էիր, էն էլ ասեիր, որ ատոմակայանի ու ընտանեկան բիզնեսի հիմնադիրն էլ եմ ես: Տղերք ջան, ընտրությունները մոտենում են: Պիտի էն կապիկուլյանտին ջարդենք: Դրա համար եմ ձեզ կանչել: 10 տարի ընտրություններում դուք եք եղել իմ հաղթանակներ ապահովողը: Առանց ձեզ զոռ կըլնի: Նենց որ, մի հատ մազգավատ արեք, ոնց եք իմ համար ձայն ապահովելու, էս կենաց-մահու կռիվ է»:

Երջոյի Հովոն ձեռք է բարձրացնում. «Պրն նախագահ, Շիրվանզադեի դպրոցում պրոբլեմ չունես. մեկը պռապուսկատ անի, կդնենք, կցխենք սաղին»: 

«Ապրես, Հովո ջան, ընտրություններից հետո մատդ Կոմիտասի որ կաֆեի վրա դնես, քոնն ա»:

Այդ պահին նրան է մոտենում Վիկտոր Սողոմոնյանը ու ականջին ինչ-որ բան շշնջում: «Ժողովուրդ ջան, կներեք, ասում ա, Նիկոլն ա իմ մասին խոսում լայվով: Տենանք ինչ ա ասում»: 

Նոթբուքը բացում, միացնում են, լսում Նիկոլին. «Հլը տեսեք, ի՞նչ ա ասում Լևոնը,- գոռգոռում է Նիկոլը,- ասում ա, որ Քոչարյանը հիվանդ էր, զանգեցի, ասի՝ ո՞նց ես: Ո՞վ ա տենց բան տեսել: Չի զանգել, ասի՝ թալանածդ հետ բեր: Հիմա ո՞վ է Ղարաբաղը ծախել: Պարզ չի, որ սրանք: Ծախել են, հիմա էլ ուզում են թաթար-սիրիական ավազակապետություն ստեղծել: Սրանք իրար հետ էն գլխից էլ քավոր-հոգեզավակային կապեր են ունեցել»:

Ինքը պլշած գլուխը քորում է, Աղվան Վարդանյանը ձեռքը տնկելով էկրանի վրա, բղավում է. «Ա՛յ մանկատան ապրանք», իսկ Բանգլադեշցի Համոն, Երջոյի Հովոն ու էլի մի չորս հոգի հարձակվում են նոթբուքի վրա, սկսում քացով խփել: 

«Մի րոպե, մի րոպե,- զայրանում է ինքը,- մի հատ հանգստացեք, կարող ա՞, գիտեք, ընտրատեղամասում եք»:

Բայց տղերքն արդեն էքստազի մեջ ընկած, իրեն չեն լսում, էնքան են ծեծում նոթբուքին, որ երկաթլվիկ են անում:

«Շեֆ ջան,- ասում է Աղվան Վարդանյանը,- շատ մի նեղվի: Համարի, որ ռազմահայրենասիրական զորավարժություններ էին, որոնց շնորհիվ լրացուցիչ 10 տոկոս կունենաս»:

Բայց այդ պահին Վիկտորը նորից մոտենում է իրեն, ականջին բան շշնջում, ինքը բջջային հեռախոսը վերցնում է, բայց հենց էկրանին երևում է Նիկոլի դեմքը, Մասիվցի Մրդոն, Կոնդի Քյափը ու էլի մի չորս հոգի հարձակվում են հեռախոսի վրա:

Արթնանում է հեղինակավոր հյուրանոցում:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ