...

Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը

Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը

Մենք՝ մեր մասին

Շաբաթն ավարտենք մշակութաբանական մտորումներով: Քանի շոգերը չեն ընկել: Որ հետևում էինք շաբաթվա իրադարձություններին, հերթական անգամ համոզվեցինք` հենց այնպես չեն հայկական որոշ հեքիաթներ ստեղծվել: Դրանք գրվել են` հաշվի առնելով մեր ժողովրդին բնորոշ հատկանիշները:

Կարդացեք աշխարհի բոլոր հեքիաթները, միայն մենք ունենք «Կիկոսի մահը», «Քաջ Նազարը», մեկ էլ «Մկների ժողովը»: Այս ոճի և սյուժեով այլ ստեղծագործություններ ուրիշ տեղ չեք գտնի:

1998թ. հեղաշրջումից հետո մինչև հիմա մեր երկրի գլխավոր գործող անձը Քաջ Նազարն է: Մեկը, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ թագավոր է կարգվել, իրեն բազմաթիվ հերոսություններ են վերագրել, իր ամեն խոսքը, շարժուձևը համարել են խիզախության էտալոն: Իր մասին գրքեր են գրել, մտավորականները բանաստեղծություններ են ձոնել, արձանը դրել, ու էս միջավայրում կորչում էր սթափության այն ձայնը, որ Քաջ Նազարն իրականում այնքան էլ քաջ չի, ավելին, այնքան վախկոտ է, որ վախենում է Ղարաբաղի հարցը լուծել, վախենում է, որ Քաջ Նազարի միֆը կվերանա: Ու ավելի քան 20 տարի մենք քաջ նազարների ձեռքով երկիրը բերեցինք, հասցրեցինք այս օրվան: 

Հիմա քաղաքական դաշտում պայքար է գնում, թե ով է Քաջ Նազարը, իրենցից որ մեկն է ավելի քաջ: 

Քաջ մկների ժողովը

Նույն ընդդիմությունը, որը 20 տարի Քաջ Նազար է փառաբանել, նրան հերոսացրել, պայքարում է Քաջ Նազարի դեմ: Պարզ է, չէ՞, որ գաղափարազուրկ, վախեցած ընդդիմությունը ի վիճակի չէ իրական պայքար մղել իշխանության դեմ: Ու դրա համար, երբ հետևում ես նրանց վերջին 3 տարվա գործունեությանը, լրիվ «Մկների ժողովն» է: 

Անընդհատ ժողովներ են անում: Այդ ժողովներում մեկը մյուսից խրոխտ ելույթներ են ունենում, բոլորն առաջարկում են կատվի վզից զանգ կախել, հայտարարում են, որ մեր հայրենիքը կփրկվի միայն այն դեպքում, երբ զանգը կախած կլինի կատվի վզից: Ամիսներ շարունակ ժողովների մեջ են, փողոցներ են փակում, դրոշներ ծածանում, քայլում, պարում: Ու շարունակում կատվի վզից զանգ կախելու անհրաժեշտության մասին խոսել:

Տղամարդ են փնտրում

Ամենաթարմ օրինակը. երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը մի տեղ հարցազրույց է տալիս, ասում է. «Որքան Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարումը շարունակի, նա մեզ թողնելու է Հայաստանի և Արցախի մահվան վկայականը, ուստի անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնք կունենան նույն նպատակը ու կկանգնեն մինչև վերջ՝ պատրաստ կյանքը զոհելու»: Հարցնում են. բա «Դիմադրության» շարժման ժամանակ չկա՞ր այդ 100 մարդը, ասում է. «Ո՛չ, չկար 100 մարդ, որոնք պատրաստ էին գնալ մեռնելու, որ երկիրը ազատեն այս չարիքից»։

Դե ասեք, որ սա հատված չէ «Մկների ժողովից»*: Չի ասում՝ ես պատրաստ եմ գնալ մեռնել, որ երկիրը փրկվի այս չարիքից, եկեք իմ ետևից: Ասում է՝ 100 հոգի է պետք, որ գնան մեռնեն: Բա դու հոգի չե՞ս: Ասում է՝ ես ճառ ասե՞մ, թե գնամ մեռնե՞մ:

Էս տիտղոսային ընդդիմությունը ճառ ասողների հավաքական է: Բան չունենք ասելու, հոյակապ ճառեր են ասում, մեկը մյուսից լավը, բայց մենակ ճառ, դրանից դենը իրենք ուրիշների գործն են համարում: 

Դրա համար էլ իշխանությունները որևէ խնդիր չունեն: Ինչ ուզում, անում են: Գիտեն, որ դիմացինները ճառ ասող են: Ու մի հատ էլ ղժժում են ընդդիմության վրա, ասում. «Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա»: 

*- Բոլոր համընկնումները պատահական են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ