...

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ռոբերտ Քոչարյանի երազը

Ինքը նոր է ազատվել կալանքից, հասել է տուն, թոռների հետ նկարվել, լողավազանում լողացել ու «մասանդրայում» բազմել է բազկաթոռին՝ ոտքերը դրած ջրով լի մի տաշտակում, որտեղ ոսկե ձկնիկներ են լողում, իսկ ինքը ոսկե որդերով կերակրում է նրանց։ Թիկունքում մի մեծ ժամացույց կա։ Նայում է ժամին ու զանգում. «Մարգո, Վլադիմիր Վլադիմիրովիչին իմաց տուր, որ եթե ես վերադառնամ, Ղրիմի անկախությունը կճանաչեմ։ Հա... հա.. հիմա արա՝ հենց էս օրերին, Հեյդարիչի հետ պայմանավորվել եմ»։

Անջատում է հեռախոսն ու նորից համար հավաքում, բայց այդ պահին ուրախ-ուրախ մտնում է Վիկտոր Սողոմոնյանը. «Շեֆ, Ալումյանն ասում ա՝ 1 դատավորի էլ են համոզել»։ «Տոյոտայում» փայ տվեք»։ «Բայց Հրայրն էլ ասում ա՝ ՄԻԵԴ-ում բան դուրս չի գա»։ «Ասա, թող ստավկեքը եռակի բարձրացնեն, Ալվինան էլ թող իրա թոշակի հարցերն ինքը լուծի»,- ասում է ու բերանը ծռելով՝ քթի տակ հայհոյում։

Այդ պահին հեռախոսակապը միանում է։ «Թավադյան,- ասում է ինքը,- ֆեյսբուքի պրոֆիլներ առնելուն թափ ավելացրեք, բարձրացրեք գները»։

Մտնում է Արմեն Գևորգյանը. «Շեֆ, դեպուտատները տատանվում են»։ «Ասեք՝ երկու շաբաթից իշխանությունը վերցնում ենք»,- ասում է ինքն ու նայում ժամացույցին։ Ժամացույցից գլուխը հանում է կկուն ու կանչում. «Արցախը մերն է լինելու»։ Աչքերը ճպճպացնելով ավելի ուշադիր է նայում կկվին ու նկատում, որ կկուն Սերժի դեմքով է։

Նորից զանգում է հեռախոսը։ Ինքը միացնում է բարձրախոսը. «Ի՞նչ կա, Վազգե՞ն»։ «Աներձագս էլի բան ա գրել, սաղ ֆեյսբուքը քֆրտում ա»,- ասում է Վազգեն Մանուկյանը։ «Լավ ա, լավ,- ասում է ինքը,- որ քրֆում են, ուրեմն կարդում են»։ « Հա,- բողոքում է Վազգեն Մանուկյանը,- էդքան բան մեր ընտանիքի վրա ենք վերցրել, բայց «Վերնատան» կռիշը կաթում ա»։ «Այ տղա, հեսա շոգերն ընկան, էլ ի՞նչ կաթալ, ի՞նչ անձրև»։ «Անձրև չի կաթում, է, կռիշն ա հալվում։ Սենց որ գնա, գետնատուն ա պետք գալու»։ «Որ իմ տեղը դու նստեիր ԿԳԲ-ի կամեռում, հիմա «Վերնատունդ» երկնաքեր սարքած կլնեի»,- դեմքը ծռմռելով ծիծաղում է ինքը։ «Ես որ նստեմ, բա ո՞վ ա փեսուն գաղափարներ տալու»։ «Փեսեն էլ քո գաղափարով չի շարժվում,- ասում է ինքը,- չե՞ս տեսնում, իրա մեխանիզմներն ա խոդի տվել, էլ Լևոնին չի կպնում»։

Մտնում է Վանեցյանն ու մի քանի ոսկե ճիճու լցնում տաշտակը։ «Շեֆ, Կադիրովը պատրաստ ա Հեյդարիչին օգնելու, բայց ինձ թվում ա՝ պատրաստ չի»,- ասում է Վանեցյանը։ «Բա դոյսեներդ ո՞ւր են»- հարցնում է ինքը։

«Դոսյեները մեր դոսյեներն են, իրա սաղ դոսյեները վերևներն օգտագործել են արդեն»։ «Վերև» բառն ասելիս գլխով վերևն է ցույց տալիս։ Այդ ժամանակ կկուն նորից դուրս է գալիս և կանչում. «Արցախը մերն է լինելու»։ «Մեզ էդ ա մենակ մնում»,- ասում է ինքը, ոտքերը հանում տաշտակից ու վեր կենում։ Վիկտոր Սողոմոնյանն ավել-սավոկով արագ-արագ հավաքում է տաշտակի ջրից թափված ոսկե ճիճուները։

Արթնանում է Աննա Դանիբեկյանի անհաղորդ հայացքի ներքո։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ