Առանց պատվի զգացողության
Մի հատ խոսք կա, շաբաթվա ավարտի առթիվ ենք ասում. իշխանությունը այլասերում է, բացարձակ իշխանությունը՝ այլասերում է բացարձակ:
Շաբաթն անցավ ահա այս խոսքի նշանաբանով: Վահե Վարսանյանը սիրուն էր գրել՝ Ավետիք Չալաբյանի եղբոր պատմության մանրամասները ներկայացնելով, հետո Էդիկ Բաղդասարյանն էր պատմել, թե ինչպես է իր երբեմնի մտերիմներից մեկը, որը հիմա իշխանության մեջ է, լայաղ չի անում նույնիսկ նամակներին պատասխանել: Վանո Սիրադեղյանը դիպուկ էր նկատել. «Քաղաքական խաղը ոչ միայն դուրս է գալիս կանոններից, այլև բացառում է պատիվը, զինակցության զգացումը, ուրացվում է միասին կերած հացը»:
Այս 25 տարվա մեջ ուրացողության հազարավոր դրվագներ ենք տեսել, երբ երբեմնի զինակիցները, ընկերները՝ իշխանության գալով, թքում էին ընկերության ամանի մեջ, մոռանում միասին կերած հացը, իսկ երբեմն էլ ընկնում էին նրանց ետևից, ովքեր հիշեցնում էին այդ հացի մասին:
Այդ առումով հիմա մենք նորից վերադառնում ենք այդ ժամանակները:
Формула любви
Վերջին 25 տարում մեկ այլ ֆորմուլա էլ է գործել Հայաստանում. իշխանություն - փող - ավելի շատ իշխանություն - ավելի շատ փող: Մոտավորապես այս կարգի մի բանաձև էլ գործում է ընդդիմության դեպքում. ընդդիմություն - տենդեր - ավելի շատ ընդդիմություն - ավելի շատ տենդեր: Տասնյակ միլիոնավոր դոլարներ է, որ ընդդիմությունը, ավելի ճիշտ՝ ընդդիմության գլխավոր առաջնորդ նշանակվածը, դնում է գրպանը:
Ու սա դեռ մենակ Քոչարյանների ընտանիքն է: Մինչդեռ իրենց «ընդդիմադիր» գործունեության համար մյուս ընդդիմադիրներն էլ են ըստ արժանվույն գնահատվում: Օրերս սոցցանցերից մեկում քննարկում էր ընթանում, որտեղ այս ընդդիմության երբեմնի համախոհներն իրենց հիասթափությունն ու զայրույթն էին հայտնում, թե ոնց են իշխանությունն ու ընդդիմությունը պասերով իրար պահում: Բացի ոստիկանական մեքենաների պետգնումից, որի մասին նշվել էր այդ քննարկման ժամանակ, մեկն էլ գրել էր, որ իշխանական բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, հաճախակի իրենց հանգիստն անցկացնում են Իշխան Սաղաթելյանին պատկանող հյուրանոցում: Ստուգել չենք կարող, բայց շատ հնարավոր է:
Նոր ընդդիմություն, նոր տենդերներ
Դե, համենայնդեպս, այս տենդերը Քոչարյանը լրիվ վաստակել էր: Մարդը հայրենափրկիչ մի շարժումով խաղից դուրս թողեց Արթուր Վանեցյանին, մի շարք այլ ընդդիմադիրների, ձեռի հետ էլ հանրային դժգոհության ալիքը կախեց փշալարերից, ահագին մարդու էլ փուռը տվեց: Ընդդիմադիր այս շարժումը մաքսիմալ խայտառակելու համար մի հատ էլ առաջին պլան բրդեց Միսթեր Բինի հայկական տարբերակին: Մեկի տեղը երկու հատ տենդեր է հասնում, նաղդ:
Դրա համար ապահովագրեք ձեր քաղաքական կարիերան «Նաիրի ինշուրանսում». եկամտաբերությունը՝ մեկին մեկ է: Հայրենիքի փրկության հաջորդ սերիայի ընթացքում էլ ձեր հանգիստը վայելեք ոչ միայն Սաղաթելյանների, այլ նաև Քոչարյանների հյուրանոցներում: