...

Վազգեն Մանուկյանի երազը

Վազգեն Մանուկյանի երազը

Ինքը Ավանի հոգեբանական դիսպանսերում է: Ազգային փրկիչների բաժանմունքում հատուկ սենյակ են հատկացրել: Դռան վրա ցուցանակ է փակցված. «Տառապում է ազգը փրկելու մոլուցքով: Հիվանդության ախտանիշները ի հայտ են եկել 1990-ականներին: Հիվանդությունը վերջին 25 տարում խորացել է: Պարբերաբար հիվանդասենյակի ճաղերը ջարդելու նոպաներ են առաջանում: Ձեռքով չդիպչել. կարող է կտրուկ գործողությունների դիմել»:

Դիսպանսեր են մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ բաժանմունքում մոնիտորինգ անցկացնելու նպատակով: Բաժանմունքի վարիչը համանախագահներին հերթով ներկայացնում է հիվանդներին: «Խնդրեմ, մեր պացիենտներից Ռոբերտը: Ծանր դեպք է: Չէ, չէ, չէ, չէ, մի բարևեք, դա նրա մոտ կատաղություն է առաջացնում:

Զերծ մնացեք նաև «հաղթանակ», «պետություն» և «ժողովուրդ» բառերն ասելուց, դա նրան հոգեխանգարմունքի է հասցնում»,- զգուշացնում է վարիչն ու ասում. «Ռոբերտ, արի, քո հետ ուզում են խոսել»:

«Չեմ կարող, թրաշված չեմ»,- պատասխանում է Ռոբերտը, նստում մահճակալին, բարձը վերցնում ու սկսում է վերմակի մեջ խոթել: «Այդ ի՞նչ եք անում»,- հարցնում է համանախագահներից մեկը: «Հեչ, փորձում եմ բարձը ինտեգրել վերմակին: Դա է ազգիս փրկությունը»,- ասում է Ռոբերտն ու ձեռքով բարձը «տրամբովկա» անում:

«Ա՜»,- ծոր է տալիս համանախագահներից մյուսը և ասում. «Ռոբերտ ջան, ձեր համար բանբաներկա եմ բերել, վերցրեք»: Ռոբերտը վերցնում է, ուրախությունից թռչկոտում:

«Անցնենք առաջ»,- ասում է վարիչը. «Սա էլ Իշխանի սենյակն է: Իրեն թվում է, թե ինքը 130 տարեկան է: Տառապում է Ստամբուլի համախտանիշով: Ամեն օր կանգնում է մահճակալին, ելույթ ունենում: Ազգային փրկության խանգարում ունի: Ի՞նչ: Հա, էդ ձեռքինը խաղալիք «Մաուզեր» է: Առանց դրա իրեն մարդ չի համարում ու նոպայի մեջ է ընկնում»:

«Իսկ սա Նառայի սենյակն է: Խնդրում եմ, սուս մնացեք, թե չէ կչանգռի»:

Մոտենում են հաջորդ պալատին: Ներս են նայում: Պատերն ամբողջությամբ պատված են սրբապատկերներով: Պալատի մի անկյունում խոհանոցային պարագաներ են, թեյնիկ, «Արիել» լվացքի փոշի ու մի տրցակ թղթապանակներ: «Այս պացիենտը իրեն համարում է Հռոմի Պապը: Փորձում է լայվով փրկել աշխարհը»: 

«Բա այն ի՞նչ տարօրինակ սենյակ է»,- հարցնում է համանախագահներից մեկը: «Դա սենյակ չէ,- պատասխանում է վարիչը,- բունկեր է: Այս պացիենտը ազգի առաջնորդի մանյա ունի: Չենք կարողանում դարձի բերել: Շատ վտանգավոր քայլերի է ունակ: Մի անգամ մեր անուշադրության պատճառով դուրս եկավ փողոց, քայլելու ընթացքում այնպիսի իրարանցում ստեղծեց, մինչև հիմա տակից դուրս չենք գալիս: Բուժում ենք աղաթթվի 10 տոկոսանոց լուծույթով»:

«Իսկ հարցեր կարելի՞ է տալ»,- հարցնում են համանախագահները:

«Այո, իհարկե»,- պատասխանում է վարիչը: 

«Ո՞նց եք»,- հարցնում է համանախագահներից մեկը: Սակայն հիվանդի փոխարեն պատասխանում է Տիգրան Ավինյանը: «Լավ ենք»: «Ինչի՞ց եք դժգոհում»,- հարցնում է երկրորդ համանախագահը: «Նախկիններից, ներկաներից ու ապագաներից»,- պատասխանում է Ավինյանը: 

«Իսկ ինչո՞ւ նա չի պատասխանում»,- հարցնում է երրորդ համանախագահը: «Զբաղված է, մահճակալն է զոդում»,- ասում է Ավինյանը:

Ինքը այս ամենին հետևում է, չի դիմանում, ճաղերը ջարդում է ու հարձակվում համանախագահների վրա. «Եկեք իմ հետևից, ջարդեք սրանց գլուխները, մի հապաղեք»:

Վարիչը տագնապի ազդանշանը միացնում է, բաժանմունք են ներխուժում Օնիկ Գասպարյանն ու 40 գեներալները, մեշոկը հագցնում գլխին:

Արթնանում է Բաղրամյան 27 պալատում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ