...

Երեսնամյա ստաժով դիվերսանտները

Երեսնամյա ստաժով դիվերսանտները

30 առաջ տեղի ունեցած պատմությունը դարձյալ կրկնվում է: Իրավիճակի զավեշտը նաև նրանում է, որ առաջին դեպքի հիմնական դերակատարը կրկին փորձեց իր վրա վերցնել կառավարության հրաժարականը պահանջող ուժերի ավանգարդի դերը:

Բայց, ի տարբերություն 91-92 թվականների, երբ նա (Վազգեն Մանուկյանը), ընդդիմության ղեկավարն էր, հիմա ավելի շուտ ներկա ընդդիմության կամիկաձե ԱԹՍ է: Այսինքն՝ պայթելու միջոցով փորձում են վնաս հասցնել: Մեծ է գայթակղությունը գոնե մեկ նյութում չօգտագործել ռազմական տերմինաբանություն, սակայն առանց դրա անհնար է բնորոշել հայտնի ուժերի գործողությունները: Սա դիվերսիա էր խոր թիկունքում և վերջ:

Եվ հատկապես տհաճ է, որ բանակի ժամանակավոր դժվարությունների և անգամ որոշակի պարտությունների վրա փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել այնպիսի մարդիկ, որոնք բոլոր այդ փուլերով անցել են: Թե՛ Բագրատյանը, թե՛ Խոսրով Հարությունյանը և թե՛ նրանց քաղաքական կնքահայրեր Քոչարյանն ու Սարգսյանը անցել են պարտությունների միջոցով: Եվ հիմա որոշել են կառավարության հրաժարականը պահանջել նշված առաքելության մեջ արդեն 30 տարի մշտական ստաժ ունեցող Մանուկյանը և դաշնակցությունը: Նույն կուսակցությունը, որի շարքային անդամների մի մասը կռվում էր ռազմաճակատում, իսկ մյուս մասը՝ ղեկավար կազմը, հանրահավաքներ էր կազմակերպում Ազատության հրապարակում:

Թեպետ այս իշխանության հետ հաճախ չի պատահում, բայց պետք է արձանագրել՝ գլխի ընկան, որ պետք է ռազմական դրություն հայտարարել: Հակառակ պարագայում մենք կտեսնեինք ամենօրյա հանրահավաքներ, պիկետներ, կառավարության պահանջով պաստառներ, և Հակոբկոխյանը իհարկե դարձյալ հացադուլ կհայտարարեր:

Եվ քանի որ խոսք գնաց իշխանության մասին, ապա չենք կարող չանդրադառնալ նաև վերոնշյալ դիվերսիային տրված պատասխանին: Ի՞նչ արեց իշխանությունը: Պաշտոնապես չարձանագրեց, իսկ ոչ պաշտոնական ալիքներով ասաց հետևյալը. մենք ձեզ կանդրադառնանք պատերազմից հետո: Կարելի էր ծիծաղել, եթե լացելու չլիներ:
Պատերազմի մի կողմից խոր թիկունք է անցել դիվերսիոն խումբ, որի նպատակը երկիրը առանց ղեկավարության թողնելն է, խուճապ տարածելն է և կռվելու ցանկությունը վերացնելը: Դիվերսիոն խումբը բացահայտված է, հայտնի են նրանց անունները, միսիան և այլն, բայց ասվում է՝ ոչինչ, դուք ձեր գործը արեք, մենք հետո, պատերազմի ավարտից հետո կգանք ձեր հետևից:

Չնայած նրան, որ ներկա իշխանությունը մշտապես ցանկանում է նշել իր աննախադեպությունը, բայց 2018 թվականի հեղափոխությունը աշխարհի առաջին թավշյա հեղափոխությունը չէր: Պատմությունը գիտի այդպիսի բազում հեղափոխություններ: Բայց պատմությունը չգիտի դաժան պատերազմ, որ կարելի է հաղթել թավշյա միջոցներով, հատկապես թիկունքում գտնվող դիվերսանտների պարագայում:

Ամենայն հավանականությամբ իշխանությունը սպասում է, որ դիվերսանտներն էլ կվարակվեն կովիդով և կլքեն մարտի դաշտը, կամ էլ թիկունքում մնացած ժողովուրդը հաշվեհարդար կտեսնի նրանց հետ՝ հասկանալով, որ, միևնույն է, իշխանություններից օգնություն ակնկալելն անիմաստ զբաղմունք է:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ