...

Ռոբերտ, դու սո՛ւս

Ռոբերտ, դու սո՛ւս

«Վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը իշխանությունների հետ գնացել է բազմաթիվ գործարքների և կորցրել է վստահությունը»:

Հայաստանում կա երկու գործիչ, որոնք իրավունք չունեն անգամ կեսբերան խոսելու քաղաքական ստվերային գործարքներից: Եվ ահա նրանցից մեկը իրեն իրավունք է վերապահում քննադատելու ուրիշների գործունեությունը: Քոչարյանը մոռացել է, թե ինչպես էր 1997 թվականի աշնանից իշխանական թիմի որոշ ներկայացուցիչների ու ընդդիմադիր խմբակցությունների հետ համատեղ ստվերային գործարքներ պատրաստում: Մոռացել է «Միասնություն» դաշինքի մի շարք անդամների հետ իր ստվերային գործարքները: Մոռացել է, թե ինչպես էր նրանցից ոմանց խոստանում պաշտոն և բիզնես, միայն թե դավաճանեն Ստեփան Դեմիրճյանին: Այսօր արդեն ո՛չ Քոչարյանը և ո՛չ էլ ՄԱԿ-ի Գուրգեն Արսենյանը չեն ցանկանում հիշել, թե ինչ հրաշքով նորաստեղծ կուսակցությունը հայտնվեց խորհրդարանում և ինչպես ու հատկապես ինչ ստվերային գործարքի հետևանքով կոալիցիայում փոխարինեց «Օրինաց Երկրին»:

Ստվերային գործարք չէ՞ր արդյոք դավաճան բնորոշված Արթուր Բաղդասարյանին ԱԽՔ քարտուղար նշանակելը: Կամ ստվերային գործարք չէ՞ր հանուն Սերժ Սարգսյանի նախագահության «Մարտի 1» կազմակերպելը, պարզապես Սարգսյանը չկատարեց իր բաժին պարտավորությունը և այդպես էլ վարչապետ չնշանակեց այսօրվա «Հայաստան» դաշինքի ղեկավարին:

Իսկ թե ինչ ստվերային գործարքների շնորհիվ էին մոլի քոչարյանականները հայտնվում նույն Սերժ Սարգսյանի դեմ պայքարի բարիկադներում, կբացահայտեն ապագայի գաղտնազերծումները:

Հիմա գանք մեր օրեր: Սկզբում հայր և որդի երդվում էին, որ որևէ կապ չունեն «Հայրենիքի փրկության շարժման» հետ, բայց հետո ստիպված եղան խոստովանել, որ իրենք են ուշացրել Վազգեն Մանուկյանի դեղերը և նրան մղել փողոց` հեղաշրջում անելու: Եվ այստեղ գալիս է պահը, որ պետք է մասնակի համաձայնենք Քոչարյանի հետ: Խորհրդարանական ընդդիմությունը և հատկապես ԲՀԿ-ն գնացին ստվերային պայմանավորվածությունների, բայց ոչ թե իշխանությունների, այլ հենց իր հետ: Ի վերջո հասարակությունը նախընտրեց խորհրդարանում տեսնել տերերին և ոչ թե նրանց մարիոնետներին:

Արիս Վաղարշակյան

Հ.Գ. 1. Ամենամեծ ստվերային գործարքը թերևս Փաշինյանի օրակարգով ընտրություններին մասնակցելու քաղաքական ուժերից առաջինը համաձայնելու և ողջունելու դիրքորոշումն էր: Մինչ մնացած ուժերը հայտարարում էին, որ հիմա արտահերթ ընտրությունների ժամանակը չէ, Քոչարյանը բոբիկացավ և անակնկալի բերեց անգամ ամենամտերիմ դաշնակիցներին: Խաբեց շրջապատին և թիմին, թե ունի երկաթբետոնե աջակցություն արտասահմանից: Պոզների մոտ հյուրընկալվելը ներկայացրեց իբրև Պուտինի կողմից ուղիղ աջակցություն և ինդուլգենցիա, թե ինչ կուզես, կանես ընտրությունների ժամանակ: Մնացած «կռելու ենք» և այլն լիրիկական շեղում էր, որպեսզի թաքցվեր ստվերային գործարքի էությունը:

Հ.Գ. 2. Քոչարյանը շատ էր ոգևորվել վերջին օրը իրեն միացածներից: Բայց նա պետք է գիտակցի, որ նրանցից շատերը իսկապես հավատացել էին, որ իշխանությունը մի քանի օրից փոխվելու է և պատրաստ չեն ամիսներով ու տարիներով ռադիկալ ընդդիմություն լինելու: Հազար հարց ունեն, բիզնեսներ ունեն, չեն կարող իրենց նման շռայլություն թույլ տալ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ