Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները թերևս ամենաինտրիգայինն են նորանկախ պատմության մեջ: Ինտրիգային են ոչ միայն իրենց հնարավոր արդյունքների առումով, այլև հետընտրական զարգացումների մասով:
Գործող իշխանությունն արդեն մի քանի ռումբ է տեղադրել, որոնք կարող են պայթել՝ կախված նրանից, թե ինչ պատկեր կունենա ապագա խորհրդարանը: Նիկոլ Փաշինյանը չցանկացավ նախընտրական շրջանում հրաժարվել վարչապետի պաշտոնից, և Սահմանադրական դատարանը կարող է գրողի ծոցն ուղարկել այդ ընտրությունները՝ կախված խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Եթե անգամ ՔՊ-ն գրավի առաջին տեղը, բայց չունենա վստահ մեծամասնություն, ապա ՍԴ ներկայիս կազմը հեշտորեն կարող է չեղարկել ընտրությունների արդյունքները՝ երկիրը գցելով էլ ավելի մեծ ճգնաժամի մեջ: Զավեշտը նրանում է, որ գործող իշխանությունը չի կարողանա դժգոհել ՍԴ որոշումից, մեղադրել նրան քաղաքական կախվածության մեջ՝ հաշվի առնելով, որ հենց իրենք են իրենց հանճարեղ լուծումների շնորհիվ ստացել ՍԴ գործող կազմը: Ճիշտ այնպես, ինչպես չկարողացան դժգոհել «Մարտի 1»-ի որոշման մասով:
Սա՝ ինչ վերաբերում է հետընտրական ինտրիգներին, բայց կան նաև նախընտրական ինտրիգներ, որոնցից ամենահետաքրքիրը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հնարավոր մասնակցություն-չմասնակցությունն է արտահերթ ընտրություններին: Ոչ թե այն առումով, որ ՀՀԿ-ն կարող է հավակնել հաղթանակի և Սերժ Սարգսյանին վերադարձնել իշխանության, այլ ընդդիմության ռեսուրսների օգտագործման և բաշխման առումներով: Երրորդ նախագահի մասնակցության դեպքում կատաղի պայքար է գնալու տեղական «տասովշիկների» ռեսուրսի օգտագործման տեսանկյունից: Տարիներ շարունակ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը մշտական կապի ու ջերմ հարաբերությունների մեջ են եղել այդ զանգվածի հետ և նույն նյութական առաջարկության դեպքում նրանք ընտրելու են Ազատիչին և ոչ թե Սեդրակիչին, քանի որ առաջինը մշտապես ականջալուր է եղել նրանց հոգսերին, իսկ երկրորդը մշտապես վերևից է նայել այդ զանգվածին: Սերժ Սարգսյանը այդ խմբին դիտարկել է իբրև բնական դաշնակցի, իսկ Քոչարյանը՝ որպես ծառայի: Մտերմիկ շրջանակներում նա այսպես է արտահայտվել ընտրակեղծարարությամբ զբաղվողների մասին՝ պետք է անեն, թափները ինչ է, որ չանեն: Ըստ էության, նա նաև վաղուց կտրել է կապը նրանց հետ և միայն Սարգսյանի չմասնակցության դեպքում է հնարավոր կամուրջների վերականգնումը: Աջակիցների այն խումբը, որ պաշտպանում էր Քոչարյանին դատարանի բակում կամ այլ միջոցառումներում, չունի հեղինակություն, որ ինչ-որ մեկին ստիպի կամ համոզի ընտրել Քոչարյանին:
Այս առումով միակ բացառությունը Սյունիքի մարզն է, որտեղ Պղնձամոլիբդենային կոմբինատի ռեսուրսների շնորհիվ Քոչարյանը ունի ազդեցություն տեղական «տասովշիկների» նկատմամբ:
ՀՀԿ-ն դեռ չի շտապում արտահայտվել ընտրությունների մասնակցության մասին՝ պահպանելով ինտրիգը և անորոշության մեջ պահելով ընտրությունների ժամանակ փող աշխատելու ցանկություն ունեցող զանգվածին, բայց մայիսի 10-ից հետո ստիպված է լինելու հստակեցնել դիրքորոշումը՝ ուրախացնելով կամ տխրեցնելով Փաշինյանին ու Քոչարյանին:
Սերժ Սարգսյանի մասնակցությունը միանշանակ ձեռնտու է Փաշինյանին և ձեռնտու չէ Քոչարյանին: Հիմա գնդակը Սարգսյանի դաշտում է. նա կարող է վարվել այնպես, ինչպես վարվեց 2018 թվականին՝ նախընտրելով իշխանությունը հանձնել Փաշինյանին և ոչ թե Կարեն Կարապետյանին, կամ էլ չմասնակցելով՝ սրբագրի իր 3 տարի առաջվա վաղեմության գործողությունը:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021