...

Ներսում՝ խաբող, դրսերում՝ «լոխ»

Ներսում՝ խաբող, դրսերում՝ «լոխ»

Երևի շատերն են հետևել Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը։ Ողորմելի տեսարան էր։ Ու ողորմելիությունը ոչ միայն ինքնին «կառավարական օթյակի» կազմն էր, այլև այն, թե ինչպես են այնտեղ բազմած խղճուկները, ներքին լարվածությունից սփրթնած ու կուչ եկած, հետևում, թե ինչպես է մաչոյի քայլվածքով դահլիճ մտնում մեկը, ով այդ իրավունքը ստացել է բացառապես իրեն ու իր ընտանիքին ամենավերջին խոսքերով հայհոյած մարդու և իր՝ հանուն մի կտոր լափի այդ հայհոյանքները կուլ տալու շնորհիվ։ 

Բայց ի՞նչ արած, «ժողովրդավարություն» է։ Ու այնպես էլ չէ, որ ՔՊ, «Հանրապետություն» ու «Դոգ» ընտրածներն ավելի լավ քաղաքապետի էին արժանի։ Ի՞նչ, խաբե՞լ են ընտրողներին։ Իհարկե խաբել են, բայց ո՞վ է մեղավոր, թող չխաբվեի՛ն։ Առավել ևս, որ տրյուկը նոր չէր։ Ռոբերտ Քոչարյանը, որն ավագանու այս ընտրություններին «ռեբրենդինգով» էր մասնակցում, 2003-ին նույն տրյուկն արեց Արտաշես Գեղամյանի միջոցով, 2008-ին Սերժ Սարգսյանն այդ տրյուկի համար «վարձեց» Արթուր Բաղդասարյանին ու դաշնակներին, բայց գաղափարը նույնն էր․ գտնվում են ճղճղան լիդերներ, որոնք ամենավերջին խոսքերով հայհոյում են իշխանական թեկնածուին, դրա շնորհիվ ահագին ձայն ստանում, իսկ հետո՝ կամ իրենց վարձը ստանում ու մի կողմ քաշվում, կամ իշխանությունների հետ կոալիցիայի մեջ մտնում։ Ի վերջո՝ հիմա ո՞վ է հիշում Արտաշես Գեղամյանին ու Արթուր Բաղդասարյանին․ մի քիչ հայհոյեցին, մոռացան։ Վաղն էլ «Դոգին» են մոռանալու, իսկ հաջորդ ընտրությունների համար իշխանություններն այլ «մատերիալ» հաստատ կգտնեն, որովհետև հավակնորդների պակաս չկա։ 

Բայց պրոբլեմը գիտե՞ք որն է։ Տարբեր մանիպուլյացիաներով ժողովրդին «ֆռցնելով» ու իշխանությունը պահպանելով՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի ոչ մի օրենք չի խախտում ու «թղթերով» ամեն ինչ ճիշտ է անում։ Ավելին՝ անունը դնում է «ժողովրդավարություն» ու հպարտանում, որ թեև հերթական անգամ կարողացավ ճարպկորեն խաբել ժողովրդին, բայց «թղթերով ամեն ինչ կարգին է»։ Իսկ հետո գնում է ինչ-որ տեղ բանակցությունների, վշտաբեկ կրիայի պոզայով ուսերը կախ կուչ գալիս ինչ-որ անկյունում ու սկսում տրտնջալ, թե հասեք-փրկեք, Ալիևն ինձ խաբեց, ռուսներն ինձ խաբեցին, միջազգային կառույցներն ինձ խաբեցին․․․ Հասկանո՞ւմ եք, մարդը սեփական երկրում սեփական ժողովրդին խաբելը «ղոչաղություն» է համարում, իսկ դրսերում իրեն խաբելը՝ տիեզերական անարդարություն։ Բայց դրսերում էլ է «ժողովրդավարություն», այնտեղ էլ է «փաստաթղթերով ամեն ինչ ճիշտ», ու այնտեղ է՛լ պայմանական «դոգերի» պակաս չկա, որոնք ասում են մի բան և անում հակառակը։ Դրա համար էլ, օրինակ, Ռուսաստանը խոսքով հանդես է գալիս որպես Հայաստանի չտեսնված-չլսված ռազմավարական դաշնակից, բայց «տակից» գործում է Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, Արևմուտքը խոսքով «խստորեն դատապարտում է» Ադրբեջանի հակահայ գործողությունները, բայց «տակից» էներգետիկ և այլ ոլորտներում սերտորեն համագործակցում է այդ երկրի հետ, և այսպես շարունակ։ Է, լավ են անում՝ խաբում են, խելք ունես՝ մի՛ խաբվիր։ Առավել ևս՝ խաբվելուց հետո բարոյականության դասեր մի տուր, որովհետև բարոյականությունից խոսելու ի՞նչ իրավունք ունի մեկը, ով սեփական երկրում հայտարարում է, թե կարող էր խուսափել հազարավոր զոհերից, բայց այդ դեպքում իրեն «դավաճան» կասեին, ու ասելուն պես վազում-թաքնվում կարմիր բերետավորների թիկունքում։ 

Մի խոսքով՝ աշխարհից սեփական երկրի նկատմամբ բարոյական վերաբերմունք պահանջելու իրավունք ունի միայն նա, ով ինքը սեփական ժողովրդի հանդեպ բարոյական է։ Նիկոլ Փաշինյանն այդ իրավունքը չունի, ու ցավն այն է, որ «համարժեք վերաբերմունքին» ոչ թե ինքն է արժանանում, այլ Հայաստանը։ Ինչ արած, եթե հանդուրժում ենք՝ ուրեմն, «ժողովրդավարության կանոններով», ավելիին արժանի չենք։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ