...

Ալիևի սանձազերծ մուսաները

Ալիևի սանձազերծ մուսաները

Ինչո՞վ են տարբերվում իսկական ընդդիմությունն ու ընդդիմության անվան տակ վերջին երկու տարիներին քուչայական մակարդակի «մուտիլովշիկությամբ» զբաղվողները:

Իհարկե պետական մտածողությամբ, պետականամետ գործունեությամբ ու շրջադարձային իրավիճակում պետական մեքենայի անիվի մեջ փայտ չխոթելու և նույն այդ մեքենայի հետ անդունդում չհայտնվելու հեռատեսությամբ: Հեղափոխությունից հետո ընդդիմություն հռչակված հայտնի խաժամուժն արդյոք ունի՞ պետական մտածողության գեթ մեկ ունցիա: Սա այն հարցադրումն է, որի պատասխանը միանշանակ է` ոչ, քանի որ նման մտածողության առկայությունը, ինչպես ասում են, 40 գոմշի կաշվի ու ջաղացքարի տակ կկապանքեր այն անոսկոր լեզուն, որն անցած երկու տարիներին զբաղված է ԼՂ հարցը հակահեղափոխության օրակարգի սպասարկման սկուտեղ դարձնելով, «դիշովի պոպուլիզմի» մակարդակի իջեցնելով, անտեղի հոլովելով ու անխնա շահարկելով:

Դժվար է ասել` արդյոք Ալիևի ռազմատենչ գլխում ժանտախտի ժամին «հարսանիք անելու» միտք կծագե՞ր` ՀՀ Տավուշի սահմանագծում պատերազմական գործողություններ սանձազերծելու տեսքով, եթե նրա մանիակալ-դեպրեսիվ պսիխոզը ամենօրյա ռեժիմով չսնուցվեր ու չխրախուսվեր... որքան էլ տարօրինակ հնչի` հետհեղափոխական Հայաստանի «ընդդիմության» կողմից: Ի դեմս նախաճաշի, ճաշի ու ընթրիքի ժամին պատերազմի վերսկսման հավանականության մասին գուժող գառնիկիսագուլյանների ու դավիթշահնազարյանների, նախկին վարչապետ, թշնամի պետության ղեկավարին պատերազմի բարենպաստ ժամկետ հուշած Հրանտ Բագրատյանի, մինչ այժմ չտեղորոշված խոհանոցից լայվ մտնող ու ՀՀ գործող իշխանությունների ձեռք բերած զինատեսակներից մեկը «բարոյապես հնեցված», «արտադրությունից հանված» ու «բռակ» անվանող նախկին դեսպանի, Ալիևի բերանը Փաշինյանի դրած «լեզվի» մասին «մտահոգվող» Սերժ Սարգսյանի, որը վերջին երկու տարվա ընթացքում հասցրել է օգտագործել բոլոր տեսակի առիթներն ու ամբիոնները` իշխանությանը ցից հանելու համատեքստում հիշեցնել «Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»-ի մասին: Ով գիտի, գուցե Ալիևի ռազմատենչ գլուխը Սարգսյանի այսօրինակ ուղերձը մեկնաբանել է որպես առարկություն առ այն, որ ՀՀ գործող իշխանությունը կողմ է Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում լինելուն ու որոշել է արդարացնել հայաստանյան ընդդիմության սպասելիքները` ականջալուր լինելով նրանց արձակած քարոզչական համազարկին: Թեև դաժան է խոստովանելը, սակայն ընդդիմություն կոչվող, սակայն պետական գրեթե զրոյական մտածելակերպ դրսևորող հավաքականությունը քարոզչական ճակատում ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանի գործող ղեկավարությանը Ադրբեջանի նախագահին ու միջազգային շահագրգիռ լսարանին ներկայացնի որպես ԼՂ հարցում «բոբիկ» ու «ազգադավ շահեր» հետապնդողի, որը մսխում է նախկինների կուտակած արտաքին քաղաքական կապիտալը, ներպետական կյանքում զրկված է ամուր մեջքից ու ատելի է «բանիմաց ու կոփված», «ադեկվատ» ու «քաղաքական կենսագրություն» ունեցող ուժերի կողմից, հետևապես, ինչպես կասեր հայտնի մամուլի ակումբի տիրուհին` արժանի է «հուժկու» հարվածի:

Ասվածն է՛լ ավելի դաժան է հնչում հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման վարք է ցուցաբերում մի ռեժիմ, որը 1998-ին իշխանության էր եկել ԼՂ հարցի ալիքի վրա, իշխանությունը 20 տարի պահել ԼՂ խնդիրը կարգավորելու չիրականացած խոստումով, իշխանության մայրամուտին անցել Ապրիլյան պատերազմի մարդկային ու տարածքային կորուստների միջով: Հետևապես, որպես ԼՂ բանակցություններում գործող իշխանություններից 20 անգամ ավելի շատ կոփված, 20 անգամ ավելի շատ «ընկած-ելած ուժ» պետք է լավ իմանար, որ հատկապես ԼՂ հարցն այն «սուրբ տաճարն» է, որը պետք է զերծ պահել «ոտքի կոխան» դարձնելուց, առավելևս` այդտեղով փորելով դեպի ռևանշ տանող ճանապարհը:

Օրինակ վերցրեք

Եթե նախկին իշխանության հիշողությունը կարճ չէ, ապա պետք է որ շատ լավ հիշի պետականամետ մտածողության, նեղքաղաքական այսրոպեական շահերը պետական երկարաժամկետ շահին ստորադասելու այն «մաստեր կլասը», որը քանիցս ցույց է տվել ու շարունակում է ցույց տալ ընդդիմությունը` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի:

2010թ., երբ ԼՂ հարցով հերթական բանակցային փուլը պետք է տեղի ունենար, և մեկնարկել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ՀԱԿ-ը երկու անգամ «թայմ աութ» վերցրեց և տևական ժամանակ դադարեցրեց հանրահավաքային պայքարը, որպեսզի չթուլացնի պետության մեջքը, չխանգարի թող որ ընտրակեղծիքի ու արյան գնով պետության ղեկին տիրացած իշխանությանն այդ երկու խնդիրների կարգավորման գործում: Եվ, ամենակարևորը, զերծ պահի վերջիններիս արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումների պարտադրանքից:

2016-ի ապրիլյան պատերազմի օրերին ևս հանուն երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորման, համազգային կոնսոլիդացիայի, ՀԱԿ-ը մի կողմ թողեց քաղաքական տարաձայնություններն օրվա իշխանության հետ ու համազգային համախմբման դիրքերից հանդես եկավ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վերջինիս հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը, ինչպես նշվել էր պաշտոնական հաղորդագրության մեջ, վերաբերել էր մասնավորապես Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում սպասվող զարգացումներին «և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը»:

Իսկ այդ հանդիպումից մի քանի ամիս անց` ՀԱԿ կուսակցության 2-րդ համագումարում, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալ­ված կլինի, եթե այս ելույթի հաշտարար ոգին և հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի ու ավելի ևս կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու և ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծած հաջորդ պատե­րազ­մում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու ևս մի քանի շրջան կկորցնի։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի...»։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ նախկին երկու նախագահները` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը վերջին միջադեպից հետո նման` ներազգային համախմբման անհրաժեշտության կոչով հանդես չեն եկել: Չենք կարծում, թե բառապաշարի խեղճության կամ երեսատեղի բացակայության պատճառով: Իսկ կունենա՞ն արդյոք բավականաչափ քաղաքական խոհեմություն ու վեհանձնություն նման կոչ անելու համար` դարձյալ միայն Աստծուն է հայտնի:

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ