Հայկական քաղաքականության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չունի բնությանը հատուկ սեզոնայնություն։ Մեզանում, առնվազն վերջին 20-25 տարվա ընթացքում, տարին բոլոր թեժ ամառ է, թեժ աշուն, նույնպիսի ձմեռ և գարուն։
Արտախորհրդարանական ընդդիմությունն՝ ի դեմս ռևանշի ճամբարի, կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆորսմաժորի այս ողջ ընթացքում ձեռքերը շփելով սպասում էր, թե երբ է հանվելու հանրահավաքների անցկացման արգելքը, որ ապահովի քաղաքական հերթական թեժաթավշային սեզոնը՝ միտինգ անի, ճտերը հաշվի (կորոնավիրուս, տնտեսական վիճակ, ԼՂ կոնֆլիկտ և այլն) ու կառավարության «բերանը բերի» անցած երկու տարվա ընթացքում «կերած կաթը»՝ (մասնավորապես՝ պարգևավճարներ)։ Առաջիկայում թերևս ականատեսը կլինենք նկարագրված իրավիճակին։ Իսկ մինչ այդ մի քանի արձանագրում անենք։
1. Շատերն են խոսում այն մասին, թե չպետք է գերագնահատել նախկինների վերադարձի շանսերը, քանի որ ժողովուրդը լավ հիշողություն ունի և չի կարող ապահովել այն ռեժիմի վերադարձը, որին 2018-ին մերժել ու վռնդել է կառավարական կաբինետներից։ Այնպես որ՝ նախկինների դեպքում կամենալը դեռ կարենալ չէ։ Բայցևայնպես, չպետք է նաև թերագնահատել իշխանությունից զրկված, բայց կառավարական կաբինետներում, մասնավորապես՝ իրավապահ մարմիններում, դատական համակարգում դեռ իշխանություն բանեցնող (ապացույցը՝ մոտ երկու տասնյակի հասնող՝ ՌԴ-ում ծվարած «Նոյի ագռավներն» ու քրեական գործեր շալակած, բայց ազատության մեջ ֆռֆռացողները) նախկինների հնարավորությունները։
2. Առայժմ ընդդիմության անվան տակ հանդես է գալիս գործող իշխանության հոգեվարքին սպասող, մասնավորապես Ն. Փաշինյանի ապալեգիտիմացման ուղղությամբ ահռելի ռեսուրսներ ծախսող տարերային մի ուժ, որը սպառնում է գնալով ավելի ագրեսիվ դառնալ ու ճգնաժամային ինչ-որ իքս պահի մեկ առանցքի շուրջ համախմբվել ու դառնալ իրավիճակի տերը։ Իսկ առայժմ ընդդիմությունը մեկ խնդիր ունի՝ հանդես գալ տարբեր բևեռներով, դիմադրության հնարավորինս շատ օջախներ ձևավորել ու ցույց տալ, որ իշխանափոխության պահանջը մեկ կենտրոնից թելադրված չէ, այլ տոտալ բնույթ ունի։
Կոնսենսուս, կե՛ր ու սուս
Ընդդիմությունն այսօր հանդես է գալիս չորս հիմնական (ոչ ֆեյք) «պրոֆիլով»՝ Ռ. Քոչարյան, Գ. Ծառուկյան, Ս. Սարգսյան և ՀՅԴ, մնացած հին ու նոր ընդդիմադիրները, որոնց կարելի է պայմանականորեն անվանել՝ «Միշիկը, Վանեցյանն ու ֆեյքերը», այս չորսի ասիստենտներն են։ Մեկ տարի առաջ «Կոնսենսուս մինուս 1» թեզը շրջանառության մեջ դրած Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ընդհանուր առմամբ քողազերծեց ընդդիմության ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Ըստ այդմ` գործող իշխանությունը երկիրը արագ տեմպերով «վարի է տալիս», այդ պատճառով էլ ընդդիմության սեղանին է դրված իշխանափոխության ամբողջ սեկտորը՝ հանրային ճնշումներից, փողոցներ փակելուց մինչև արտահերթ ընտրություններ։ Նայած հանգամանքներին։ Մնում է կազմակերպչական լուրջ աշխատանք տանեն ու իրենց հերթին «վարի տան» իշխանությանը։ «Բոլորը հասկանում են, որ վիճակը գնալով վատանում է, որ իշխանությունը պետք է փոխվի, հասկանում են, որ իրենք իրենց հոժար կամքով չեն գնալու և իշխանափոխությունը հնարավոր է լինելու հանրային զանգվածային ճնշումների միջոցով։ Սա ինքնանպատակ էլ չպետք է լինի, այլ նույն ընդդիմությունը պետք է անի երկրի համար։ Եվ եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, լրջագույն պրոբլեմներ է ունենալու առաջիկայում»։ «Բերանն արնոտ Մարդակերը էն անբան» ասում է նաև, որ «Ուկրաինայում երեք անգամ մայդանով իշխանություն են փոխել, մեր ժողովուրդը սովոր է, որ կարող է նաև փողոց փակելով իշխանություն փոխել, ինչպես 2018-ին, ինչի՞ եք բացառում, որ ևս մեկ անգամ հնարավոր չէ այս նույն տարբերակը»։ Պատահական չէ, որ այս օրերին գլխավոր ամբաստանյալի ՓիԱռ արշավի հիմնական թեզերից մեկն այն է, որ Քոչարյանը ճգնաժամային կառավարման մեծ փորձառություն ունի (վստահաբար «Հոկտեմբերի 27»-ն ու «Մարտի 1»-ը նկատի ունեն) և կարող է իր հմտությունները դրսևորել նաև այժմ՝ կորոնավիրուսային ճգնաժամի այս օրերին։ Իսկ որպեսզի դա տեղի ունենա, պետք է ամեն կերպ հետաձգել Մարտի 1-ի դատաքննությունն ու անմեղության կանխավարկածին հղում անելով (քանի դեռ չկա դատարանի որոշում, մարդն անմեղ է) ստանձնել ընդդիմադիր դաշտի դիրիժորի առաքելությունը։
Իսկ ինչ էր ասում ընդդիմության մյուս պրոֆիլը՝ Ծառուկյանը։ Ոչ մի հոգեցունց բան։ Կարճ՝ «Ձեր հեղափոխության վերջն եկել ա, տրաքած վիճակ ա», նաև՝ «իրեք ամիս հետո սով ա լինելու»։ Սեպտեմբերին լրանում է սովի համար կանխատեսված «իրեք ամիս հետո» ժամկետը։ Իսկ ԲՀԿ առաջնորդի՝ «անբարոյականի տղա ըլնեմ, թե (իշխանափոխության պահանջից) հետ կանգնեմ» հայտարարությունը, ինչպես գիտենք, ժամկետային սահմանափակում չուներ։
ՀՅԴ-ն էլ, առանձնապես ոչ մի դարակազմիկ միտք չերկնելով, ընդամենը կրկնում է Քոչարյանի ասածն ու Ծառուկյանի «պրոգնոզածը»։ Եվ, «կողմ ըլլալով» այս երկուսին, իր կողմից ընդամենը հավելում. «Մենք 130 տարեկան կուսակցություն ենք և գիտենք մի պարզ ճշմարտություն...»։
Արդ, իսկ ի՞նչ է ասում «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» խոստովանած, իր հրաժարականով Քոչարյանին «բագաժ տված» (ձևակերպումը Քոչարյանի «աջարակիցներինն» է) , Ծառուկյանին «վերադոդացրած», ՀՅԴ-ի իմացած պարզ ճշմարտությունը գլխիվայր շրջած թարս խիյարի մասնագետը՝ Սերժ Սարգսյանը։ Հե՜չ, ասում է այն, ինչ հորդորում են իր փիառշչիկները՝ «միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, որ նորանկախ ՀՀ-ի պատմությունը չի կարող սկսվել 2018-ի ապրիլից»։ Հետևություն՝ Նաջարյանը փոշմանել է, «Միլիոն» անունով ցլիկը հետ է ուզում։ Առայժմ՝ լավով։ Ասվածի ապացույցը. «Մենք շատ բան ունենք անելու։ Առանց հուսահատվելու անհրաժեշտ է համախմբել մեր պետության բոլոր ռեսուրսները, բոլոր կարող ուժերին ու անհատներին ու շարժվել առաջ»։ Այս տողերը հանրային գիտակցությունը սինթեզում է այսպես՝ 2018-ին տեղի ունեցած իրադարձությունները ընդամենը «կարճ միացման» հետևանք էին, և Սարգսյանը հայցում է «բաժանորդների» ներողամտությունը։ Մի խոսքով՝ «Առաջ, Հայաստա՛ն»։ Վատ չէր լինի, եթե Սարգսյանը, որն ակնհայտորեն ընկնել է փեսայի (ՀԷԿ-ի) ջրերն ու որոշել է ինքն էլ դառնալ նորաթուխ վլոգեր, ձայնագրման արանքներում լսեր 80-ականների հիթերը, մասնավորապես՝ «Жизнь не возможно повернуть назад»-ը՝ Ալլա Պուգաչովայի կատարմամբ։ Այս հիթի ունկնդրումը կարող է սթափեցնող ազդեցություն ունենալ նաև իշխանափոխության մյուս վերոթվարկյալ պահանջատերերի վրա, հատկապես, որ նրանցից ոմանք ստիպված են լինելու առաջիկայում վերադառնալ, ոմանք էլ առաջին անգամ ոտք դնել կալանավայր։ Չէ՞ որ… «И время ни на миг не остановишь»։
Իշխանությունը կատարե՞լ է տնային աշխատանքը
Արտակարգ դրության ավարտին ու դրանից հետո սպասվելիք զարգացումներին պետք է ուշիուշով պատրաստված լինի հատկապես իշխանությունը՝ որպես պատասխանող, և հավուր պատշաճի արձագանքի հայցվորի՝ ընդդիմության, իշխանափոխության օրակարգին։ Խոսքը ոչ միայն հանրահավաքների ժամանակ հնարավոր սադրանքներին ուժայինների միջոցով դիմակայելուն է վերաբերում, այլև առաջին հերթին նախընտրական խոստումների ու կառավարության ծրագրի «ընթացիկ կատարողականին»։ Մասնավորապես՝ հեղափոխությունից հետո անցած երկուսուկես տարվա ընթացքում ի՞նչ է արել իշխանությունը Սերժահայաստանը կամ Ռոբահայաստանը Հայաստան դարձնելու ուղղությամբ, որոնց հղում անելով էլ հանրությունը կցանկանա շարունակել ապրելը ոչ թե նախկին, այլ ներկա Հայաստանում։ Այսինքն, որպես իշխանության աղբյուր, կառկախի իշխանափոխության՝ ընդդիմության առաջ քաշած օրակարգը։
Հեղինե Մանուկյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 22, 2020