...

Հրայր Թովմասյանի երազը

Հրայր Թովմասյանի երազը

Ինքը վերջին բաստիոնում է աշխատում, բայց որքան էլ չարչարվում էր, դարձյալ միևնույն անխելքն է մնում։

Հուսահատված մի օր մտածում է, թե երբ պիտի պրծնի էս իշխանությունից, որոշում է գնալ Բուքիքյոյի մոտ՝ օգնություն խնդրելու:

Ճանապարհին հանդիպում է Ռոբերտ Քոչարյանը. «Բարի օր, Հրայր ախպեր, էս ո՞ւր ես գնում»:

«Գնում եմ Վենետիկ, դարդ ունեմ ասելու»:

«Դե որ Բուքիքյոյին տենաս, ասա մի հատ ագահ մարդ կա, գիշեր-ցերեկ 300.1 հոդվածի տակ կքված ապրում է, օր ու արև չունի, ասա՝ մինչև ե՞րբ պետք է դատի տակ մնա:

«Լա՛վ»,- պատասխանում է ինքը ու շարունակում ճանապարհը։

Շատ է գնում, թե քիչ, պատահում է մի սիրուն տղայի:

«Ո՞ւր ես գնում, ախպեր»,- հարցրեց տղան։

«Գնում եմ Վենետիկ՝ Բուքիքյոյի մոտ»։

«Երբ որ իրեն տեսնես,- աղաչում է սիրուն տղան,- ասա այսպիսի մի ջահել կա, առողջ, ահավոր հարուստ, մեդիաներ ունի, կաֆեներ, բայց չի կարողանում ուրախանալ, խոհանոցում սաղ օրը վեր ընկած, դուրս չի գալիս, ի՞նչ պիտի լինի նրա ճարը»։

Հաջորդը կանգնեցնում է Գագիկ Ծառուկյանը. «Ես հարուստ մարդ եմ, ուժեղ, հզոր, համա ով իշխանության է գալիս, ինձ համապատասխան բամփում է: Ի՞նչ անեմ, որ ինձանից յան տան»:

Լսում է նրա խոսքն էլ Հրայրը ու շարունակում ճանապարհը, մինչև հասնում է Վենետիկ, իմաստուն Բուքիքյոյին է հանձնում իր նամակը, պատմում ճանապարհին իրեն խնդրանքներ փոխանցածների մասին, իմանում պատասխաններն ու հետ գալիս:

Վերադարձին առաջինը պատահում է Քոչարյանին. «Ինձ համար ի՞նչ ասաց Բուքոն»:

«Ասաց, որ քո տակը լիքը ոսկի կա, մինչև էդ ոսկին չվերադարձնես պետությանը, ալբանացի ես մնալու»: 

«Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկու կեսը տամ քեզ, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ»:

«Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ: Ինձ բախտ են տվել, հեսա արձակուրդից վերադառնամ, բախտս գտնեմ, վայելեմ»,- ասում է ինքն ու հեռանում: 

Սիրուն տղային է տեսնում. «Հը՞, ինչ լուր բերիր իմ համար»: 

«Բուքիքյոն ասաց, որ խոհանոցում մենակ ես, դրանից ես տխուր, քեզ մի հատ լավ մտերիմ ընկեր բեր, երկուսով բորշչ սարքեք, էն ժամանակ կուրախանաս»:

«Բա դե արի՛, դու եղիր իմ խոհանոցային ընկերը»,- աղաչեց սիրուն տղան: «Չէ, ժամանակ չունեմ, գնում եմ բախտիս հետևից»,- ասում է ինքը ու հեռանում:

Վերջում Ծառուկյանն է իրեն կանգնեցնում. «Դե՞, ինչ լավ բան կասես»:

Ինքը երկար-բարակ դնում, պատմում է, թե ճանապարհին ինչ են իրենից խնդրել, Վենետիկում ինչ են պատասխանել, վերադարձին ում ինչ պատասխան է տվել... «Էդ սաղ հեչ, իմ, իմ համար ի՞նչ ասին»:

«Քեզ համար էլ ասաց, որ այ տենց ճնշված ման կգաս, մինչև մի չաթլախ մարդ գտնես, տաս առյուծներիդ, ուտեն կշտանան»:

«Է՜, բա քեզանից չաթլախ մարդ էլ որտեղի՞ց պիտի գտնեմ»,- ասում է Ծառուկյանն ու իրեն գցում վանդակը:

Արթնանում է սահմանադրության նորմերին համապատասխան:

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ