...

Հակահեղափոխության սիամական եռյակը

Հակահեղափոխության սիամական եռյակը

Ընդդիմադիր դաշտում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները հուշում են, որ ընդդիմության փիլոնի կամ կամուֆլյաժի տակ հանդես եկող տարբեր քաղաքական միավորները, անխոս, մեկ օրակարգի շուրջ են համախմբված՝ իշխանության վերազավթում, բայց ոչ թե դեմոկրատական, սահմանադրական եղանակով, այլ ֆորսմաժորային իրավիճակ հրահրելով:

Իշխանափոխության ամբիցիոզ ծրագիր սպասարկող «փոդրատչիները», «ստրոյբատի» ուստաներն ու բանվորները, սակայն, միմյանց հետ լեզու չեն գտնում, որ հուշագիր ստորագրեն, և նրանց վիճակը հիշեցնում է բիբլիական պատմությունը բաբելոնյան աշտարակաշինության մասին: Խոսքը Բաբելոնում երկնահաս աշտարակ կառուցելու փորձի մասին է, որ հաջողություն չունեցավ, որովհետև Աստված խառնակեց մարդկանց լեզուները, և նրանք դադարեցին միմյանց հասկանալուց: 

Ի խորոց սրտի մերժված Սերժ Սարգսյանը և կալանքից ժամանակավորապես ազատված Ռոբերտ Քոչարյանը` երբեմնի սիամական երկվորյակը, աներկբա է, որ ամենաշատն են շահագրգռված ռևանշի հարցում: Մնացած «գործիքները» ռևանշի օրակարգը կռում ու կոփում են` ամեն մեկն իր կարեցածի չափով: Անսամբլն այդ այսօր որքան էլ բազմաբևեռ է ու ներկայանում է մի քանի նորահայտ ու զառամյալ կուսակցություններով, սակայն ունի մեկ հրահանգիչ, որը Քոչարյան-Սարգսյան տանդեմն է, ճարտարապետն այն իրավաքաղաքական ժառանգության, որի ժառանգորդը հեղափոխության շնորհիվ դարձավ Փաշինյանի` փխրուն ուսերով ու երերուն ոտքերով իշխանությունը: 

Մերձքոչարյանական մամուլն օրերս գրեց, որ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր դաշտի մի շարք գործիչների հետ, հանդիպել է նաև Սերժ Սարգսյանին: Ինչ կարող են քննարկել այս երկուսը՝ բացի միմյանց որպիսությունը հարցնելուց ու բանտային առօրյայի մասին լուրերով փոխանակվելուց: Անխոս, իրենց կապող անցյալից` պետության անունից կայացված տարբեր գործարքներից ու հատկապես Հոկտեմբերի 27-ից ու Մարտի 1-ից, անցյալ, որի «ապագայացումը» պետք է կանխել այսօր` ներկայում: Այս երկուսը հասկանում են, որ անցյալի արյան համար պատասխան չտալու միակ ելքը երկու տարի առաջ խախտված քաղաքական ստատուս քվոն վերականգնելն է, երբ ՀՀԿ-ն իշխանություն էր, Քոչարյանը երիտասարդ թոշակառուի կարգավիճակում մարզում էր մկաններն ու էկզոտիկ կենդանիների որսով զբաղվում` երաշխիք ունենալով, որ իրենց կապող ընդհանուր անցյալը ապահովագրված է «անհաղթահարելի ուժի արգելքից»: Ահա այս տանդեմը ոչնչի առաջ կանգ չի առնի` իրագործելու անցյալը ներկա դարձնելու իդեա ֆիքսը:  

2008-ի և 2018-ի համաժողովրդական շարժումներն ապացուցեցին, որ եթե իշխանության նկատմամբ ատելությունն ու զզվանքը հասնում են կրիտիկական աստիճանի, փողոցները լցվում են իշխանափոխության պահանջով բազմահազար մարդկանցով, եթե այդ պահանջը առաջնորդում է ատելության սուբյեկտի հետ չկապակցվող որևէ առաջնորդ: Իսկ Քոչարյանն ու Սարգսյանը չեն կարող այդպիսի շարժում ո'չ գեներացնել, ո'չ էլ առավել ևս առաջնորդել, քանի որ ժողովրդի հիշողությունը համակարգչի անպետք ֆայլ չէ, որ ձեռքի մի հպումով ջնջես ու դրա փոխարեն նորը ստեղծես: Այս երկուսը նույնիսկ իրենց պաշտոնավարման ամենաեռուն շրջանում չեն ունեցել հանրային աջակցության բավարար մակարդակ, ժողովրդին երբեք չեն դիտարկել որպես իշխանության աղբյուր` հայցելով վերջինիս քվեն` իրենց վերարտադրությունը կազմակերպելով ընտրական մեքենայությունների ու բիրտ ուժի միջոցով: Այս տանդեմն, ահա, այսօր կանգնած է իշխանության վերադառնալու ծրագիրն իրագործելու անհնարինության առաջ, քանի որ սեփական դեմքով նման քայլի գնալը կնշանակի ստանձնել այն սամուրայի դերը, որը կրկնակի խարակիրիի է ենթարկում ինքզինքը: Նման քաջություն այս երկուսը չունեն: 

«Տանգո վ տռայոմ»

Որպես բուֆերային հարթակ` Քոչարյանի ու Սարգսյանի` «օպերացիա ռևանշի» համար կարող է ծառայել Ծառուկյանն իր ԲՀԿ-ով, և հենց նրա շուրջ էլ այս երկուսը փորձում են համախմբել ընդդիմադիր պայքարը:

Սարգսյանի կողմից կեղծ քաղաքական երևույթ բնութագրված գործարար-բարերարն, ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո սեփական բիզնեսն ու քաղաքական նախագիծ ԲՀԿ-ն պաշտպանելու ու փրկելու խնդիր ունի և այն սպասարկելու համար էլ գլադիատորի հանդերձանք հագավ ու սկսեց սուր ճոճել իշխանության վրա: Սակայն մարտադաշտ մտնելու դրդապատճառներից մեկն էլ այն է, որ Ծառուկյանը նույնպես տանդեմի անցյալի մի մասնիկն է և իր հասանելիքի չափով կիսում է Մարտի 1-ի պատասխանատվությունը: Չի բացառվում, որ մի օր նրան ևս այս գործով մեղադրանք առաջադրվի` հարստացնելով արդեն առաջադրվածների ցանկը: Ահա թե ինչու է նրա ԲՀԿ-ն այս ողջ ընթացքում ատամներով պահում ՍԴ ներկայիս կազմը և այժմ էլ պատրաստվում է վիճարկել կործանվող բաստիոնի բնակիչների «դատավճիռը»: Եթե ՍԴ-ն կարճի Քոչարյանին առաջադրված մեղադրանքը` ՔՕ 300.1 հոդվածի հակասահմանադրական լինելու հիմքով, քրեական պատասխանատվությունից կազատվեն նաև սույն հոդվածով մեղադրվող մյուս ամբաստանյալները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, որը թեև այս գործով մեղադրյալի կարգավիճակ չունի, սակայն այդ օրը մի օր գալու է: 

Քոչարյանին և մյուսներին առաջադրված քր. գործի կարճումը կազդարարի Մարտի 1-ի գործի փլուզում և դրանում ներգրավվածների և ապագայում պոտենցիալ ներգրավվողների կաշվի փրկություն: ԲՀԿ-ն այս պահին ԱԺ-ում միակ քաղաքական ուժն է, որն իր մանդատների միջոցով կարող է ծառայություն մատուցել թե' տխրահռչակ տանդեմին, թե' իր ղեկավարին: Այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Սերժ Սարգսյանի տարագիր փեսա Մինասյանի սիրո ու երկրպագության խոստովանությունն առ ԲՀԿ: «Հայաստանի ԱԺ-ում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի։ Չնայած բոլոր քաղաքական հալածանքներին՝ նրանցից յուրաքանչյուրը միշտ բացճակատ ու բարձր գլխով է քայլելու, որովհետև առանց վարանելու իրենցից կախված ամեն բան արեցին իրավական պետության ոչնչացումը կանխելու համար: Երանի հոգով ուժեղներին»,- գրել է Մինասյանն իր վերջին ստատուսում` միաժամանակ «քաղաքական տրյապկայի» վերածելով ԼՀԿ ղեկավար  Է. Մարուքյանին: Նախկին դեսպանը, որի հրովարտակով էլ մեկնարկեց Փաշինյանին հեռացնելու ագրեսիվ քարոզչությունը, բավարար ինտելեկտ ունի հասկանալու համար, որ քաղաքական «էռոռների», «սիստեմնի» սխալների հետևանքով քաղաքականության մեջ հայտնվածների հույսին մնալով «յարա չի սաղանա»: Սարգսյան-Քոչարյան տանդեմը, օգտվելով այն հանգամանքից, որ խոհանոցային սուրհանդակը լսարան ունի, նրա ձեռքով իր «ռևանշադրույքը» կատարեց ԲՀԿ-ի վրա: 

Ծառուկյանը որքան էլ բռնաբարի անցյալ ունի, ընտրակաշառատու է ու պետությունից հարկեր է թաքցրել, բայց երեսատեղ թողել է բարեգործի վեղարով մարդամեջ դուրս գալու, հասարակական որոշակի համախմբում ապահովելու և ռևանշի օրակարգը առաջ բրդելու համար: Բայց թարսի պես ներկայիս բաբելոնյան աշտարակաշինարարներից ամենաշատը հենց նա է լեզվից կաղում` բառիս բուն և փոխաբերական իմաստով: 

Սպասենք միշտ և ամենքին հետևող ու դատող Աստծո միջամտությանը:   

Հեղինե Մանուկյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ