...

Քաղաքական «քցված» ուժերը պետք է փոխհատուցում պահանջեն նախկին ռեժիմից

Քաղաքական «քցված» ուժերը պետք է փոխհատուցում պահանջեն նախկին ռեժիմից

Մերժյալների ավերակների վրա իշխանության եկած նոր կառավարիչները զբաղված են նախկին իշխանությանը դեմոնիզացնելով, և հապաղում են քաղաքական գնահատական տալ ռեժիմին ու դրա մնացուկներին: Այս հապաղումն էլ վերջիններիս լեգիտիմ իրավունք է տալիս համախմբվել, սրել ատամներն ու քաղաքական լպիրշության նոր ռեկորդներ խփելով` կրկին հավակնել իշխանության:

Նախօրեին նախկին իշխող էլիտայի մաս կազմող ուժերից մեկի` ԲՀԿ-ի առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ու նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու միջնորդության բավարարումը փոխեց քաղաքական և մասնավորապես ընդդիմադիր դաշտում հաստատված ստատուս քվոն: Իր մեծությամբ խորհրդարանում երկրորդ ուժի կարգավիճակ ստանձնած ուժը, դատելով դատախազի միջնորդության մեջ շարադրված փաստերից, առնվազն նախավերջին` 2017-ի Աժ ընտրությունների ժամանակ (ենթադրաբար նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ ևս) խորհրդարան է մուտք գործել ընտրակաշառքի, այսինքն` սահմանադրական կարևորագույն` ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարման, ընտրական գործընթացի այլասերման միջոցով` խժռելով ընտրություններին մասնակցած այլ կուսակցությունների էլեկտորատը: Կարճ ասած` քվեի թալանով է զբաղվել: 

Նշանակում է` 2017-ի ընտրական մարաթոնին մասնակցած բոլոր կուսակցությունները կարող են հավակնել տուժողի կարգավիճակին, քանզի եթե չլիներ ընտրական զազրելի այս սպեկուլյացիան, նրանք գուցե ԱԺ-ում հայտնվեին,  քաղաքական իրադարձությունների ու երկրի զարգացման ընթացքն այլ ուղով ընթանար, քան այսօր է, շատ մարտահրավերներ գուցե հաղթահարված լինեին, և գուցե հեղափոխությունն ընդհանրապես չլիներ էլ: Այնպես որ, ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումից հետո, քաղաքական պատվախնդրությունը ենթադրում է, որ բացի իշխանությունից իրենց քաղաքական գնահատականը նախկին ռեժիմի մաս կազմող ԲՀԿ-ին պետք է շտապեն տալ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են մասնավորապես 2017-ի ընտրական մասխարայությանը: (Մենք միայն ԲՀԿ-ի շուրջ ենք ծավալվում, քանի որ ընտրակաշառքի մասսայական բաժանման մասին քրեական գործ է հարուցվել միայն այս քաղաքական ուժի առնչությամբ): Բացի քաղաքական գնահատականը, այս ուժերը թերևս նախանձախնդիր կգտնվեն ու որպես քաղաքական խարդախության զոհեր` փոխհատուցում կպահանջեն կրած բոլոր տեսակի` քաղաքական, ֆինանսական, բարոյական, վարկանիշային կորուստների ու վնասների համար: 

Հիշեցնենք, որ ընտրություններին այդ ժամանակ մասնակցում էր 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն․ «ԵԼՔ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան», «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքներն ու ՀՀԿ, ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», Հայաստանի կոմունիստական կուսակցությունները: 

Ես քեզ դոդ ասեմ, դու ինձ` չարիք 

Միով բանիվ, ՀՀԿ-ն ու բուտաֆորիկ ԲՀԿ-ն վաղուց` դեռևս 2015-ին են ախտորոշել զմիմյանս` փոխանակվելով իրար ուղղված քաղաքական գնահատականներով: Իսկ այժմ` վերջին շաբաթներին տեղի ունեցող զարգացումներն ընդամենը անցյալի արձագանքն են: ՀՀ քաղաքական կյանքի պատմության մեջ 2015-ը իրապես հանգուցային է, քանի որ մասնակիորեն լյուստրացիայի ենթարկեց քաղաքական դաշտը, ցույց տալով, թե ինչի է ընդունակ բորենիների ոհմակի սոցիոլոգիայով գոյատևող ռեժիմը: 

Այդ ոհմակի ՀՀԿ-ական «վոժդ» Սերժ Սարգսյանը «կեղծ քաղաքական երևույթ» անվանեց այսօր մեսիայի թիկնոց հագած Ծառուկյանին: Քաղաքական դերակատար, «որը երկրի համար դարձել է չարիք», «ով տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում»: «Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽԽՎ-ում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում՝ նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել»,- ասել էր Սարգսյանն իր հայտնի ելույթում և «քաղաքական դաշտը ֆեոդալական տրամաբանությունից մաքրելու» պահանջ դրել: 

Նա նաև տվել էր Ծառուկյանի «կրիմինալ բնութագիրը», որի մասին այսօր վկայում են ոչ թե «օդում կախված» լուրերը, այլ արդեն իսկ հարուցված քրեական գործերը: «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը՝ չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ ՀՀ վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին: Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»:                                                                                                        

Չուշացավ նաև «վոժդությանը» հավակնող Ծառուկյանի լակոնիկ գնահատականը: Ընդամենը մի քանի ժամ անց ԲՀԿ-ն կուսակցության խորհրդի նիստ հրավիրեց և կոչ արեց համազգային մոբիլիզացիայի` հասնելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, «ազատվելու չարիքի այս իշխանությունից»: «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»,- կարճ կապեց Ծառուկյանը, բայց «կարճեց գործը»:   

Հեղինե Մանուկյան 

Հ.Գ. Ահա այս երկու ուժերի ղեկավարները` «չարիքն» ու «չարիքի իշխանությունը» վերստին հավակնում են պետության ղեկին տիրանալ` «կաղկանձելով» երկրի մոտալուտ կործանման մասին: Մինչդեռ ակնհայտ է, որ «Երկրի կործանում» ասելով պետությունը սեփական անձի հետ նույնացրած նախկին էլիտայի անդամները նկատի ունեն իրենց կործանումը` հարուցված տարբեր աղմկահարույց քրեական գործերը, ապօրինի գույքի բռնագանձման վերահաս արհավիրքը և, անշուշտ, իրենց սպասող բանտերի «հյուրընկալ պատերը»:   

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020      

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ