...

Օդի հարաբերական պաշտպանվածության մասին

Օդի հարաբերական պաշտպանվածության մասին

Պատերազմական գործողությունների ընթացքում հանրության շրջանում լսվում են «օդը փակելու» մասին հորդորներ՝ ուղղված ռազմական ղեկավարությանը։

«Օդը փակեք՝ մնացածը զինվորը կանի», «օդը փակեք, որ տղերքին հրթիռակոծությամբ չոչնչացնեն, արտիլերիան աշխատի»… ահա այսպիսի տասնյակ գրառումների կարելի է հանդիպել սոցցանցերում։ Պատերազմի հատկապես առաջին օրերին արձանագրված զոհերի ճնշող մեծամասնութունը, եթե հավատանք տարբեր (ոչ պաշտոնական) վերլուծությունների, եղել են հենց օդային հարձակման հետևանքով։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը օրերս իր հարցազրույցներից մեկում (factor.am) արձագանքեց «օդը փակելու» մասին հայտարարություններին՝ նշելով, թե աշխարհի ամենահզոր, ՀՕՊ-ի լավագույն միջոցներով հագեցած խտությունը Իսրայելում է, բայց տասնյակ ու հարյուրավոր հարվածային, օդային միջոցներից ինչ-որ տոկոս անցնում է։ ««Օդը փակել» հասկացությունը սիրողական ընկալում է, և ցավում եմ, որ որոշ մարդիկ դա շատ են օգտագործում, և հանրությունը սկսում է հավատալ, որ կա մի միջոց օդը փակելու, որը չի կիրառվում։ Ոչ թե պետք է ասել «օդը փակեք», այլ պետք է ասել՝ մեզ պետք է բարելավել ՀՕՊ մակարդակը։ Այո՛, մենք պետք է ձգտենք այնպիսի ՀՕՊ միջոցների, որ տասը ԱԹՍ-ից մեկ, երկու, հինգը խոցելու փոխարեն, խոցենք ութը»։

Ըստ Հովհաննիսյանի՝ «նախ զուտ խոցող միջոցը, առանձին վերցրած զենքը էֆեկտիվ չէ: ՀՕՊ ամեն մի առանձին միջոց ֆիքսված ժամանակում կարող է խոցել x քանակի ԱԹՍ կամ օդային հարձակման այլ միջոց: Օդային հարձակման միջոց ունեցողը դա հաշվարկում է և ինչ-որ կոնկրետ տեղամասում ստեղծում է 3x քանակի օդային հարձակման միջոց, կարող ես խոցել 1x, 2x-ը բաց է մնում, և այդ 2x-ը փորձելու են քո ՀՕՊ միջոցին շարքից հանել, որպեսզի հաջորդիվ ավելի ապահով աշխատեն: Սա հասարակ բանաձև է օդուժի և հակաօդային պաշտպանության պայքարի մեջ»:

Նշենք, որ մինչև լայնածավալ պատերազմը հաճախակի էին դարձել (նմանատիպ իրավիճակ էր նաև 2015-ին՝ քառօրյա պատերազմից առաջ) շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք, ինչպես հաղորդում էր ՊԲ մամուլի ծառայությունը, ունեին ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Մասնավորապես այս տարվա ապրիլի 21-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել էր ORBITER տիպի ԱԹՍ։ Հուլիսի 18-ին էլ հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցվել էր հետախուզական թռիչք իրականացնող ORBITER-3 տիպի ԱԹՍ։

Բանավեճ՝ օդի թեմայով

Պատերազմից որոշ ժամանակ առաջ Արցախի օդի պաշտպանված լինելու հարցի շուրջ բանավեճ ծավալվեց Արցախի գործող և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի միջև։ Վերհիշելով այդ բանավեճն ընթացող պատերազմի լույսի ներքո, կարելի է հետևություններ անել։ Նախ՝ հունիսին Հ1-ին տված հարցազրույցում Արայիկ Հարությունյանն արձագանքելով 2019-ին ձեռք բերված զինատեսակների մասին քննադատությանը, թե դրանք թանկ էին ու ոչ այնքան լավը, շրջադարձային էր համարել այդ սպառազինության ձեռքբերումը։ «Իհարկե, 2016-ին օդային հարված տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր: Չեմ ուզում ամբողջ մանրամասներն ասել, բայց այսօր վստահ հայտարարում եմ, որ ոչ միայն ամբողջ Ստեփանակերտի, այլև Արցախի օդն է պաշտպանված։ Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն, իրենց նշած, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են։ Բացի դրանից՝ նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, այսօր օգտագործում ենք։ Գիտեք, ամենախոցելին մեզ համար օդն էր»,- ասել էր նա։ 

Չուշացավ Սերժ Սարգսյանի նախատինքով լի արձագանքը Արցախի նախագահի աղմկահարույց հայտարարությանը։ «Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը»,- մասնավորապես ասել էր Սարգսյանը: Նկատենք, որ «անպաշտպան օդին» Սարգսյանն անդրադարձավ նաև իր հայտնի ասուլիսի ժամանակ, նշելով, թե ապրիլին Ստեփանակերտի երկինք որևէ ադրբեջանական անօդաչու թռչող սարք մուտք չի գործել: Մինչդեռ նշենք, որ 2016թ. ապրիլի 8-ին «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ ԼՂ նախկին նախագահ Բ․ Սահակյանի խոսնակ Դ․ Բաբայանը հայտարարեց, որ, օրինակ, ապրիլի 7-ին ադրբեջանական մեկ անօդաչու սարք մուտք է գործել Ստեփանակերտի օդային տարածք ու ոչնչացվել: 

Անօդաչուների թեման այսքանով չեզրափակվեց։ Սեպտեմբերի 2-ին իր պաշտոնավարման 100-րդ օրը, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը Արցախի նախագահը վերստին անդրադարձավ այս թեմային։ «2016 թվականի ապրիլին Ստեփանակերտի երկնքում սավառնում էին ադրբեջանական բազմաթիվ անօդաչու սարքեր, և դրանցից միայն մեկն է հաջողվել խոցել: …Բավարարվենք դրանով, այլ մեկնաբանություններ չանենք: Ես չեմ ուզում անդրադառնանք ինչո՞վ էր պաշտպանված, ի՞նչ էր աշխատում, ի՞նչ չէր աշխատում... Բայց, ինձ թվում է, մեկնաբանությունը հստակ է, չէ՞. ցանկացած ստեփանակերտցու այստեղ նստած հարցրեք` ապրիլին Ստեփանակերտում քանի՞ թռչող սարք էին տեսնում... Մի հատ չէր, որ մի հատը խփել ենք և վերջացել ա», - նշեց Հարությունյանը: Թե ով էր ճիշտ ու ով էր խարդախում այս բանավեճում՝ թող դատեն փորձագետները։

Օդը փակելու մասին խոսակցությունների համատեքստում նշենք, որ թշնամու ԱԹՍ-ները ընթացող պատերազմի ժամանակ միայն Արցախի և հարակից տարածքների երկնքում չէ, որ սավառնում են, այլ հատում են նաև ՀՀ օդային տարածքն ու «զգետնվում»։

Հայաստանի օդն ու Արցախի օդը մեկ չեն

Նշենք, որ Ապրիլյան պատերազմից հետո՝ հունիսի 30-ին, ԱԺ-ն իր արտահերթ նիստում վավերացրեց Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը, որը Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել էին 2015թ․ դեկտեմբերի 23-ին։

Փաստաթուղթը դեռ այն ժամանակ բուռն քննարկումների առիթ տվեց՝ «օդը զիջեցիք ռուսներին» եզրակացությամբ։ Մտավախություններ կային, որ ՀԱՊԿ ՀՕՊ համակարգում ընդգրկվելու դեպքում, որտեղ առաջնային դերակատարություն ունի Ռուսաստանը, Հայաստանն իր ՀՕՊ սուվերենությունը զիջում է ռազմավարական դաշնակցին: Մինչդեռ, ՊՆ ղեկավարությունը հավաստիացրեց, որ սույն համաձայնագիրը ՀՀ-ին չի զրկում հակաօդային պաշտպանության սեփական միջոցները կառավարելու ինքնուրույնությունից, ինչպես նաև ՀՀ-ին հնարավորություն կտա օգտագործել ՌԴ հակաօդային միջոցները ևս։ Ընդգծենք, որ սույն ՀՕՊ համակարգը նախատեսված է գործելու միայն ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակ:

Համաձայնագիրը հնարավորություն է տալիս օգտագործել ՌԴ ԶՈՒ օդատիեզերական զորքերի հնարավորությունները` ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառում: ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերն ունեն արբանյակային համակարգ, որը ՀՀ տարածքում կարող է օգտագործվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի: Ռուսական կողմն ունի նաև հսկման համակարգեր, որոնք նույնպես կարող են կիրառվել ի շահ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի:

Այդ օրերին (պատերազմն սկսվելուց հետո՝ նույնպես) հանրության շրջանում հարց ծագեց՝ արդյոք ՀԱՊԿ ՀՕՊ ընդհանուր համակարգը պաշտպանելո՞ւ է նաև Արցախի երկինքը։ Ոչ, քանի որ համաձայնագրում նշված «Հավաքական անվտանգության առանձին շրջան» հասկացությունը բնորոշվում է որպես ՀՀ տարածքի և օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս: Այդ իսկ պատճառով ԼՂՀ տարածքում Համաձայնագիրը չի գործում և, հետևաբար, այն չի ազդում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համագործակցության վրա: ԼՂՀ ՊԲ-ն ունի հակաօդային պաշտպանության իր ուժերը, որոնց աշխատանքի արդյունավետության գնահատականը տվեց պատերազմը։

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Նշենք, որ 2019-ի վերջին Հայաստանի զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով։

«Չորրորդ իշխանություն», թիվ 34, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ