...

Քաղաքական սուտմեռուկ

Քաղաքական սուտմեռուկ

1998-ին այսպես կոչված «պալատական հեղաշրջման» հետևանքով հրաժարական տված ՀՀ առաջին նախագահը իր առաջին քաղաքական հանրային ելույթն ունեցավ միայն մոտ 10 տարվա լռությունից հետո, երբ ի հայտ եկել էր լռության խախտման կարիքն ու հասունացել ասելիքը։ Մի քանի րոպե տևած այդ ելույթում տրվեց օրվա ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը, որին հաջորդեցին մասշտաբային քաղաքական իրադարձություններ՝ մոտ երկու տասնյակ կուսակցությունների համախմբում՝ Հայ Ազգային Կոնգրեսի ձևավորմամբ և բազմահազարանոց միտինգների, այսինքն՝ հանրային լայն աջակցության առկայության պայմաններում Տեր-Պետրոսյանի մասնակցությունը ՀՀ նախագահի ընտրություններին։

2018-ի միայն հանրային տոտալ մերժման գնով հրաժարական տված Սերժ Սարգսյանն ակնհայտ է, որ չգիտի իր խոսքի գինն ու քաղաքական խոհունության այնպիսի մակարդակ չունի, որպեսզի չանի բաներ, որոնք կվկայեն նրա մոտ մեկ այլ կարևոր հատկության՝ տարրական ինքնասիրության բացակայության մասին։

2018-ի խայտառակ հրաժարականից հետո նա ստեպ-ստեպ հիշեցրել է իր մասին՝ ոտքի վրա տված հարցազրույցների ու ռեպլիկների, կուսակցական հավաքների ժամանակ արտաբերած տեքստերի տեսքով, անցյալ տարեվերջին էլ նվաճեց նաև զագրեբյան ամբիոնն ու ի լուր միջազգային հանրության ելույթ ունեցավ։ Նա այն գործիչներից չէ, որոնք պաշտոնավարելով երկար և ձիգ տարիներ, քաղաքական ընչաքաղցության հետևանքով բախվելով բանկրոտության փաստին, վեհանձնորեն ընդունում են իրենց պարտությունը, բռնում են քաղաքական ճգնակեցության ճանապարհն ու ասպարեզն առժամանակ ազատում են իրենցից։ 

Զգացի՞ք առաջին ու երրորդ նախագահների՝ էքսնախագահական գործելաոճի էական, բովանդակային ու արժեհամակարգային տարբերությունը։ Եթե զգացիք, ապա զգացածն ամրապնդող մի պատկերավոր համեմատություն անենք։ Սարգսյանը նման է այն ամուսնալուծված կնոջը, որին ամուսինը վռնդել է անհավատարմության ու ամուսնական դաշինքի այլ կետերի խախտման համար, որին զրկել են ծնողական իրավունքներից, սակայն նա չի պատրաստվում համակերպվել իր կարգավիճակի հետ ու իր անպատեհ ակտիվությամբ անընդհատ հիշեցնել է տալիս իր մասին, ներխուժում է նախկին ամուսնու կյանք ու փորձում հարամել վերջինիս «տոնը»՝ նոր կազմած ընտանիքը։ Սակայն նա այդ ամենը ոչ միշտ է, որ անում է անձամբ, ավելի հաճախ՝ միջնորդավորված, առանձնակի ցինիզմով, վերջում էլ չքմեղանում է, թե՝ ինքը կապ չունի այն ամենի հետ, ինչում իրեն մեղադրում են։ Ասվածի վկայությունը նախօրեին, «Հարսնաքարում» տեղի ունեցած նրա ասուլիսային «տուռնեի» առաջին «պրոմո-կոնցերտի» ժամանակ հնչած պնդումն էր։ Ասուլիսը նվիրված էր Ապրիլյան պատերազմին և լրագրողի այն հարցին, թե արդյոք իր քաղաքական ակտիվությունը կարո՞ղ է քաղաքական ազդեցություն ունենալ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցի վրա, ավելի պարզ՝ արդյոք կարո՞ղ է զեկույցը քաղաքականացվել՝ կախված իր ու ՀՀԿ-ի քաղաքական ակտիվությունից, Սարգսյանն արձագանքեց․ «Ձեր հարցի մեջ կար հաստատում առ այն, որ ես քաղաքական մեծ ակտիվություն եմ ցուցաբերում։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Ի՞նչ ակտիվություն եմ ես ցուցաբերել, որ դուք էլ դա նկատել եք։ Ես այսօրվա ասուլիսը ևս չեմ համարում քաղաքական ակտիվություն, որովհետև Ապրիլյան քառօրյան, թեև շատ սերտ կապված է քաղաքականության հետ, այսօր մենք խոսում ենք բուն մարտական գործողություններից, դրա պատճառներից և հետևանքներից»։

Նկատեցի՞ք, որ Սերժ Սարգսյանը, շարունակելով մնալ ՀՀԿ նախագահի պաշտոնում (թեև հրաժարականից կարճ ժամանակ անց հայտարարել էր, թե պետք է քննարկվի իր հեռացման հարցը, սակայն ցայսօր մնում է իր տեղում), իրեն տարանջատում է կուսակցությունից (Սերժ Սարգսյան ասելով պետք չէ նկատի ունենալ ՀՀԿ), թիմից, որը օրն ի բուն ցուցաբերում է ակտիվության բոլոր տեսակներն (քաղաքականից ընդհուպ մինչև սեռական) ու մակարդակները (ընդհուպ մինչև հիպերակտիվություն) և օրը 26 ժամ (թվի վրիպակ մի փնտրեք) զբաղվում է գործող իշխանության «կաշին քերելով»։ Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ կողմից է թելադրված ՀՀԿ-ի «մենձ ու պըզդի» անդամների՝ ներառյալ տարագիր փեսան, ակտիվությունը, եթե ոչ Սարգսյանի։ Եթե ինքնաբուխ է այդ ակտիվությունն, ուրեմն գործ ունենք կուսակցության լիդերի գլխից թռած, նրան ուրացած ու ինքնագլուխ ակտիվացած խմբավորման հետ, որն ինքնուրույն, առանց «Սերժ» անունով բալաստի է փորձում հասնել փափագելի ռևանշին։

Պասիվ ակտիվիզմ

Այն, որ Սարգսյանը, հերքելով իր քաղաքական ակտիվությունը, մտնելով «քաղաքական պասիվիստի» կերպարի մեջ, դիմում է իրեն հոգեհարազատ ժանրին՝ բլեֆին, հասկանում են նույնիսկ ամենածանծաղամիտները։ Ակնհայտ է, որ նա, լինելով հետնաբեմում, ոչ մի վայրկյան չի դադարել զբաղվել ռևանշի ծրագրի ռեժիսուրայով՝ օրը 26 ժամ (կրկնում ենք՝ վրիպակ մի փնտրեք) շահագործելով իր մարիոնետներին՝ «մենձ ու պզդի» անդամներից մինչև տարագիր փեսա։ Սակայն քրեական ենթամշակույթի կանոններով, որոնցով առաջնորդվում էր և է նախկին ռեժիմը, Սարգսյանը ներկա իրավիճակում չի կարող առաջնորդել կոնտրհեղափոխությունը։ Ռևանշի ճամբարում դեմ են նրա թեկնածությանը, քանի որ նա ունի «վլաստը հանձնածի»՝ թուլամորթի համարում։ Իսկ մեկ անգամ նման քայլի գնացածը ապահովագրված չէ ռեցիդիվից՝ նույնը կրկնելու արկածախնդրությունից։ Այդ պատճառով էլ Սարգսյանը զիջել է ռևանշի ճամբարի «վոժդությունը» ու, որպես «մայր գետ», համակերպվել «ինքնամոռաց առվակների» համախմբմանը նոր առաջնորդի՝ լիդեր-սկուտեռիստի շուրջ։ Փեսան համախմբմանն ուղղված «քաղաքական ցրցամն» արդեն տվել է։ Միով բանիվ՝ ոչ մի տարբերություն ՍՍ և ՌՔ ինիցիալներով գործիչների միջև։ Երկուսն էլ կառավարել են քաղաքական «ակտիվ պասերով»՝ կեղծված ընտրություններ ու իշխանության վերարտադրություն, «պասիվ ակտերով»՝ տնտեսական մենաշնորհներ ու հովանավորչություն, ու «ակտիվ ակտերով»՝ «Հոկտեմբերի 27-ից» մինչև «Մարտի 1»։

Հեղինե Մանուկյան

Հ․Գ․ Բայց այստեղ մի նրբություն կա, տիեզերական օրենքի մակարդակի նրբություն, որի հետ հաշվի չնստել չեն կարող ռևանշի շտաբի «հիդրոլոգները»։ «Նույն գետը երկու անգամ մտնել հնարավոր չէ»։ Անհնար է։ Գետը վաղուց առաջվանը չէ, իրենք էլ մինչև կոկորդները խճճվել են արյան ու տիղմի մեջ։
Հարկ է նշել, որ 20-րդ դարում գիտնականները տարբեր բանաձևերի միջոցով ապացուցեցին, որ Հերակլիտեսի այս հռչակավոր պնդումը տարածվում է նյութական կյանքի բոլոր ոլորտների վրա։

«Չորրորդ իշխանություն», թիվ 23, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1130 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ