ԳԻՇԱՆԳՂ
Ռ.Քոչարյանը միայնակ բռնապետություն հաստատել չի կարող, նրան օգնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ ու ծառայողներ, ինչպես նաև «պետականամետ» մտավորականներ։ Այսօրվա մեր «հերոսները», ինչպես ենթադրեցիք, այն մտավորականներն են, ովքեր՝ հիշելով հին բարի սովետական ժամանակները, զբաղված են իշխանության գովքով։ Նրանցից յուրաքանչյուրն իր ծառայության համար ունի շատ «լուրջ» պատճառ կամ պատճառներ։ Հիշենք մեր «պանծալի» մտավորականներից ոմանց։
Հիշենք անուն առ անուն
Արվեստագետ Հենրիկ Հովհաննիսյանը և գրող Ալվարդ Պետրոսյանը հորդորում են, որպեսզի Ռ.Քոչարյանը «խաչակրաց արշավանք» ձեռնարկի «անհնազանդ» ընդդիմության դեմ։ Երկուսն էլ հրաշալի գիտեն, որ երկրում ստեղծված ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն Ռ.Քոչարյանն է, սակայն քննադատում են ընդդիմությանը, որովհետև այսօրվա անօրեն վիճակը ձեռնտու է Հովհաննիսյանին ու Պետրոսյանին։ Արվեստագետը հեռուստատեսության և ռադիոյի հանրային խորհրդի անդամ է, որդին՝ առանցքային դերակատարություն ունի Տ.Նաղդալյանի շրջապատում։ Ռ.Քոչարյանն ապահովել է Հովհաննիսյանների ընտանիքի բարեկեցությունը՝ վերջիններիս համար երկրորդական դարձնելով մտավորականի սկզբունքայնությունն ու քաղաքացիական դիրքորոշումը։
Ա.Պետրոսյանը Քոչարյանին պարտական է ոչ միայն պատգամավորի այսօրվա կարգավիճակի համար, այլ նաև ակնկալիքներ ունի։ Ասում են, թե նա սոցիալական ապահովության նախարար դառնալու մտադրություն ունի և այդ նպատակով սերտ հարաբերությունների մեջ է նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։
Մեր մտավորականներից ոմանք «Առագաստ» սրճարանում էին, երբ Ռ.Քոչարյանի թիկնապահը սպանեց Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանին։ Բոլորը լռեցին, այդ թվում՝ Ռոբերտ Ամիրխանյանն ու Արմեն Սմբատյանը։ Լռության գինը դարձյալ «թանկ» արժի։ Հայտնի է, որ Ամիրխանյանն իր պատգամավորական մանդատի համար պարտական է Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան զույգին։ Այս դեպքում կոմպոզիտորը վարձահատույց եղավ, իսկ ահա Ա.Սմբատյանի «լռությունը» անմիջապես գնահատվեց. նա ստացավ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոն Մոսկվայում։ Այդպես մտածելու իրավունք ունենք այնքան ժամանակ, քանի դեռ պարոնայք Ամիրխանյանն ու Սմբատյանը լռում են՝ նպաստելով, որպեսզի իշխանությունները պարտակեն «Առագաստի» ոճիրը։
Նույնքան ցավալի է, որ մեծանուն դերասան Սոս Սարգսյանը հրապարակավ գովերգում է հանցագործ իշխանության առաջին դեմքերին։ Այլևս հարկ չկա խոսել «պետականամետ» մտավորականների մեծ ցուցակի մյուս ակնառուների մասին։ Ընդամենն արձանագրենք, որ այս մարդիկ վերածվել են իշխանության «սոխակների» ու դրա համար պարտական են Ռ.Քոչարյանին։
Գ. Ստեփանյան
Հ.Գ. Այս նյութը գրվել է մեծ ցավով, որովհետև ցավալի է տեսնել, թե ինչպես է անօրինական ու տգետ իշխանությունը նպաստում գրականության, երաժշտության և արվեստի բնագավառում մեծ ավանդ ունեցող մարդկանց հեղինակազրկմանը։ Անկեղծորեն ուզում ենք, որ մեր մտավորականությունը զերծ մնա պահի թելադրանքից, զանազան գայթակղություններից ու դառնա հասարակության առողջ շարժման ճարտարապետը։ Ուզում ենք հիշել մեր ակնառու մտավորականներին՝ այդ օրվա իշխանության լավ կամ վատ կոնտեքստից դուրս։ Վերջին հաշվով՝ մտավորականը արարում է ողջ պատմության համար, իսկ իշխանության գործունեությունը սահմանափակվում է խիստ որոշակի ժամանակահատվածով։
«Չորրորդ իշխանություն», թիվ 372, հունիս 28, 2002 թ