...

Պալատավոր ախպեր ջան

Պալատավոր ախպեր ջան

Տեսանք՝ սոցցանցերում աղմուկ են բարձրացրել, որ Սևադա Խոջաբաղյանին շնորհել են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը: Պալատական մտավորական, ծախված, ինչ ասես, որ չեն ասում:

Մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ Սևադա Խոջաբաղյանին ցեխը կոխողների մի ստվար զանգվածը քոչարյանականներ են: Շատ են նեղվել: Ոչինչ, սովորեք, մենք ո՞նց էինք հանդուրժում քոչարյանական ժամանակաշրջանի պալատական մտավորականությանը, որը, ի տարբերություն Սևադա Խոջաբաղյանի, ամեն օր զբաղված էր Քոչարյանի գովքով: Պարզ է, «նիսյա» չէին անում:

Ահա և ներկայացնում ենք դեռ 1998 թվականի մի հրապարակում, որ պատկերացում ստանաք, թե այն ժամանակ ինչ էր ներկայացնում իրենից մտավորականությունը:

«Շաբաթ օրը ՀՀ նախագահը հանդիպեց Հայաստանի մտավորականների հետ։ Բոլորը չէին, բայց շատերն էին, նաև նրանք, ովքեր վերջերս շքանշաններ էին ստացել։ 

Վերջիններիս ուղղած՝ որն է հանդիպման նպատակը և առիթը հարցիս, նրանցից մեկն ասաց. «36 թվին հատ-հատ էին կանչում, հիմա միանգամից՝ բոլորին»։ Շատերը միայն ենթադրում էին հանդիպման նպատակը։ 

Մտավորականների հետ հավասար պայմաններում գտնվելու ցանկությամբ ՀՀ նախագահը դահլիճ մտնելուց և ողջունելուց հետո, անմիջականություն և անկեղծ մթնոլորտ ձեռք բերելու մտադրությամբ՝ հանեց կոստյումը։ Ապա նշեց, որ նման անկեղծ հանդիպումները մտավորականների հետ պարբերական բնույթ պետք է ստանան. «Ինձ համար շատ պարզ հարցեր հաճախ այնպիսի պարզաբանումներ են ստանում, որ ճիշտ գնահատելու համար կարևոր է անմիջական կապը»։ 

Նախագահի՝ հանդիպումը բացող ելույթից դատելով, մեր երկիրը օր-օրի ծաղկում է, տնտեսությունը սրընթաց զարգանում, բարձունքներ է հաղթահարում, ամեն օր ներդրումներ են կատարվում, իսկ կոնյակի գործարանի վաճառքը «փայլուն գործարք է»։ Ենթադրվում է, և շատերը հաստատ գիտեին, որ հանդիպման խոսակցությունը հիմնականում կոնյակի գործարանի շուրջ էր ծավալվելու։ Ենթադրվում էր, որ նախագահը նույնպես դա գիտեր, և ոչ միայն գիտեր, այլև հանդիպման հիմնական մտադրությունը մտավորականներին համոզելն էր, որ կոնյակի գործարանի սեփականաշնորհումը աշխարհում չտեսնված գործարք է։ Ասում է՝ «Ինձ համար անհասկանալի է, երբ կոնյակի գործարանի համար ասում ենք, որ կոնյակը դա, չգիտեմ՝ մշակույթ է, դա ազգային հարստություն է, և այլն, և այլն»։ 

Խոստացավ, որ կոնյակի գործարանը Հայաստանից ոչ ոք ոչ մի տեղ շալակած չի տանելու, իսկ մտավորականները, որ նախագահին ոգևորված պատմում էին իրենց «դարդն ու ցավը», շատերն իրենց ոլորտներին վերաբերող խնդիրները՝ «թագավորին» երևալու կամ իրենց մտահոգությունները պատմելու հնարավորությունը (գուցեև՝ միակ) բաց չթողնելու անհանգստությամբ լցված վրա-վրա բողոքում, պատմում էին, չգիտակցելով հանդիպման բուն ենթատեքստը։ Սիլվա Կապուտիկյանին Ռ. Քոչարյանի ծավալուն խոսքից հետո միայն մտահոգում էր մի բան. «Միայն հարցուպատասխան է լինելո՞ւ, թե՞ նաև ելույթներ։ Եթե ելույթներ չեն լինելու՝ հանգիստ տեղներս նստենք»։ 

Ելույթներ եղան, չէին էլ կարող չլինել, բայց՝ 5 րոպեանոց։ Մթնոլորտին սխալ ուղի տվեց առաջին՝ Լևոն Հախվերդյանի, զգացմունքներով ու բանականությամբ լի, «սա ի՞նչ բան է» ոճով ելույթը։ Մի քանի րոպեի ընթացքում նա հասցրեց խոսել մեր հանրապետության բոլոր պրոբլեմների մասին, ինչպես՝ քաղաքում լցված կազինոներից, հայոց այբուբենից, հանցագործ պատգամավորներից և այլն։ Լ. Հախվերդյանի զայրացած ելույթին մտավորականները փորձեցին վերջ տալ ծափահարություններով։ Շուտով պրն Հախվերդյանի ձայնալարերը խզվելու նշաններ ցույց տվեցին։ Տեղերից մինչև կզգուշացնեին՝ «ջուր տվեք» և մինչև նախագահը ջուրը կտար, պրն Հախվերդյանը շարունակեց՝ ինչպե՞ս կարելի է պատգամավորի աշխատավարձը դարձնել 400 դոլար այն դեպքում, երբ գիտական աշխատողը 12 դոլար է ստանում։ 

Այս ելույթից խիստ ազդված, Հենրիկ Իգիթյանը, երկրի, քաղաքի նկատմամբ օտարականության զգացումով հայտարարեց. «… 1992 թ. օպերայում և հեռուստատեսությամբ, մամուլով ասացի, որ ես պրեզիդենտ չունեմ, իմ պրեզիդենտն իմ Աստվածն է, և ասացի, որ տեսնում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջը։ Եվ ես այսօր իրավունք չունեմ ոչ մի բան ասել պրն Քոչարյանին։ Ես դեռ այդ իրավունքը չունեմ, որովհետև ինքն այդ իրավունքն ինձ չի տվել՝ ոչ լավ, ոչ էլ՝ վատ։ Այն դեֆորմացիան, որ կա Հայաստանում, պետք է շտկվի»։ Ելույթները գնալով ավելի շիկանում էին։ 

Տնտեսագետ Խոջաբեկյանը տեսականորեն խոսեց շուկայական հարաբերությունների մասին, և որ սեփականաշնորհումները քարուքանդ արեցին երկրի էկոնոմիկան, մեկ ուրիշը նոր նախագահին հիշեցրեց, թե ինչպես էր նախկին նախագահի ճակատին ճշմարտություններ ասել: 

Սոս Սարգսյանը նախագահին առաջարկեց հեռուստատեսությամբ ժողովրդի համար ամիսը մեկ ելույթ ունենալ, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ իրեն հարգում են, ասելով՝ «Այն փաստը, որ դուք գնահատական չեք տալիս անցյալ կառավարությանը, հուսահատեցնում է մարդկանց… Հանցավորներին պետք է պատժել» և այլն։ 

Մի խոսքով, այս ռիթմով հանդիպումը շարունակվեց մոտ երկու ժամ, նախագահը համոզեց առարկելու ուժ և ցանկություն չունեցող մեր հարմարվողականությանը վարժված մտավորականներին, որ երկու տարի հետո կգիտակցեն, թե ինչպիսի լավ գործարք էր կոնյակի գործարանի սեփականաշնորհումը. երկու տարի հետո, ըստ նախագահի, ուրիշ խոսակցություն կլինի։ Շոգած ու քրտնած հայ մտավորականները բավարարվածության զգացումով դուրս եկան դահլիճից», 23.06.2008թ.:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ