ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Ղարաբաղի համար և ով է այն իրականում ծախել:
Լևոն Տեր-Պետրոսյան
Երբ 1998թ. Քոչարյանը եկավ իշխանության, շատերը դա դրական ընկալեցին, քանզի Քոչարյանի ղարաբաղյան ծագումը և ռազմական անցյալը համարվում էին Արցախի համար բարենպաստ ապագայի երաշխիք: Այդ մոլորությանը հավատալով բազմաթիվ մարդիկ օգնեցին Քոչարյանին` վերջինիս կողմից իշխանությունը զավթելու ճանապարհին: Նրանցից մեկը Վազգեն Սարգսյանն էր: Անհնար է պատկերացնել, թե այսօր Վազգեն Սարգսյանը ինչ ապրումներ կունենար, եթե տեսներ, թե ինչպես է Քոչարյանը Հայաստանը բզիկ-բզիկ անելով դարձրել առ ու ծախի առարկա: Մեղրիի համար Վազգեն Սարգսյանը Քոչարյանին պարզապես կտոր-կտոր կաներ:
Քոչարյանը իր քարոզչամեքենայով հանդերձ 4 տարի շարունակ թնդացնում էր հաղթական արտաքին քաղաքականության մասին: Ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող ցանկացած հանդիպում ներկայացվում էր որպես մեր դիվանագիտության նոր ձեռքբերում: Իրեն Արցախի համար անզիջում մարտիկ երևակայող Քոչարյանը իշխանության գալու պահից ի վեր երբեք չի ունեցել արցախյան հիմնահարցի լուծման որևէ ծրագիր, սկզբունք, հայեցակարգ: Կյանքը ցույց տվեց, որ նա իսկապես Ղարաբաղի հարցը միայն իշխանության գալու համար էր օգտագործում` որպես պատրվակ: Եվ առ այսօր նա ղարաբաղյան հարցը օգտագործում է այդ իշխանությունը պահպանելու համար: Նա շատ լավ գիտակցում է, որ ղարաբաղյան հարցի ցանկացած լուծման դեպքում երկար չի մնա իշխանության: Եվ սա է պատճառը, որ ընդդիմության ցանկացած ակտիվություն նա համարում է երկրի կայունությանը հարվածող գործոն, Հայաստանի արտաքին հեղինակությունը թուլացնող հանգամանք: Այսինքն, դրանով նա միշտ հող է նախապատրաստել, ղարաբաղյան բանակցություններում խայտառակվելու դեպքում մեղքը բարդել ընդդիմության վրա: Սակայն վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ Քոչարյանի վարած քաղաքականությունը պետական դավաճանության տարրերից բացի այլ բան չի պարունակում: Եվ Քոչարյանը դա այլևս չի կարողանում թաքցնել: Եվ չի էլ կարող դա բարդել որևէ մեկի վրա:
Դեռևս նախորդ տարվա փարիզյան հանդիպումից հետո նշվել էր, որ Քոչարյանը և Ալիևը եկել են ինչ-որ պայմանավորվածության: Եվ այդ պայմանավորվածությունները որոշակի սկզբունքների շուրջ են: Դրանից շատ ավելի վաղ արդեն խոսակցություններ էին գնում այն մասին, որ Մեղրին բանակցությունների առարկա է դարձել: Քոչարյանը սկզբից ի վեր հրապարակայնորեն միշտ ժխտել է Մեղրիի մասին պտտվող լուրերը՝ նշելով հանդերձ, որ Մեղրիի վերաբերյալ առաջարկ եղել է: Մի բան, որը չէր կարող լինել ՀՀ առաջին նախագահի օրոք: Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Քոչարյանը և Ալիևը Փարիզում, խիստ գաղտնի էր պահվում: Չնայած դրան, Քոչարյանը և նրա վարչակարգը միշտ փարիզյան սկզբունքներից էին խոսում: Որ Ադրբեջանը խախտում է փարիզյան սկզբունքները, որ Հայաստանը առաջնորդվում է փարիզյան սկզբունքներով, որ փարիզյան սկզբունքները խիստ շահավետ են Հայաստանի համար և այսպես շարունակ: Բայց թե ինչ էին իրենցից ներկայացնում այդ խորհրդավոր սկզբունքները` ոչ մի խոսք: Իսկական մուկ ու կատու: Միայն ընդդիմությունն էր պնդում, որ Փարիզում Մեղրին եղել է բանակցությունների առարկա:
Եվ ահա Ալիևը առաջինը բացեց խաղաքարտերը: Մի քանի օր առաջ նա որոշ մանրամասներ հրապարակեց փարիզյան պայմանավորվածությունների մասին: Այդ բանակցությունների մեխը, ըստ էության, եղել է այն, որ Մեղրիի կարգավիճակը հավասարեցվել է Լաչինի կարգավիճակին: Այսինքն, Ադրբեջանը ցանկանում է Մեղրին տեսնել այնպիսին, ինչպիսին մենք ցանկանում ենք Լաչինը մեր ձեռքում տեսնել: Ղարաբաղի կարգավիճակը ընդհանրապես չի վիճարկվում, այն ստանում է լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Ալիևը մեղադրում է Քոչարյանին այդ պայմանավորվածությունները խախտելու համար:
Բնականաբար, ՀՀ ամբողջ իշխանական վերնախավը` Քոչարյանի գլխավորությամբ, հերքեց նման պայմանավորվածությունների գոյությունը՝ Ալիևին մեղադրելով ստախոսության և Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու մեջ: Սակայն Քոչարյանը չասաց, թե այդ դեպքում ինչ պայմանավորվածություններ են եղել, եթե Ալիևը ստում է: Ոչ մեկը այդ մասին խոսք չասաց: Չնայած միշտ հայտարարում էին, որ դրանք Հայաստանի և Ղարաբաղի համար բավական բարենպաստ բնույթ են կրում:
Այս երկկողմանի խոսակցությունների մեջ լրիվ պարզություն մտցրեց Ֆրանսիայի արտգործնախարարությունը, որը հանդես եկավ չափազանց ինքնատիպ հայտարարությամբ, որով Ալիևը մեղադրվեց փարիզյան բանակցությունների արդյունքները գաղտնազերծելու մեջ: Այսինքն, Ալիևը ճիշտ էր ասում, որ Մեղրին եղել է այդ բանակցություններում առ ու ծախի առարկա: Իսկ հայտարարության վերջում ֆրանսիացիները, այսպես, իմիջիայլոց նշել են, որ Ալիևի հայտարարությունները տարածքների փոխանակման մասին իրականությանը չեն համապատասխանում: Դա նշանակում է, որ Ալիևը ստում է: Բայց եթե Ալիևը ստում է, ապա այդ դեպքում ինչու՞ են ֆրանսիացիները նրան մեղադրում փարիզյան գաղտնիքները հրապարակայնացնելու մեջ:
Մեկ հայտարարության մեջ այդպիսի հակասությունները ցույց են տալիս, որ Ալիևը այնուամենայնիվ ստախոս չէ: Ստում են ֆրանսիացիները և Քոչարյանը: Հակառակ դեպքում նրանք պարտավոր էին հասարակությանը ներկայացնել Փարիզի պայմանավորվածությունների արդյունքները, քանզի կողմերից մեկը` Ադրբեջանը, արդեն գաղտնիությունը չի պահպանել: Սակայն եթե Հայաստանը խոսի Փարիզի մասին, ապա դրանից առնվազն պետական դավաճանության հոտ կգա: Քոչարյանին այս պահին միայն դա էր պակասում: Սակայն Քոչարյանը դատապարտված է նաև այս ոլորտում իր հանցավոր գործունեությունը խոստովանել:
Մհեր Ղալեչյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 372, հունիս 25, 2002 թ