Ներհայաստանյան կյանքը անցնող շաբաթում այնքան հարուստ էր իրադարձություններով, որ նույնիսկ մեկ տողով դրանց անդրադառնալով, բավական ծավալուն հոդված կստացվի: Սա երեւի բնորոշ է հեղափոխական, անցումային ժամանակներ ապրող երկրներին:
Իհարկե, գլխավոր իրադարձությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումն էր` «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ, որը ներկայացրել էին Քոչարյանի պաշտպանները` որպես հիմք ներկայացնելով Սահմանադրական դատարանի մի խումբ անդամների որոշումը:
Սրանով ձախողվեց Քոչարյանի եւ նախկին իշխանավորների ծրագրած մի ամբողջ բոլոլա-օպերացիան, ըստ որի ՍԴ-ն գոնե ձեւական մի տեղեկանք պետք է տար, հետո մնացածը տեխնիկայի գործ լիներ, դատավորը դրան հղում անելով, ազատ արձակեր Քոչարյանին:
Ի դեպ, այս որոշումից հետո Քոչարյանի «կողմնակիցները» դատարանի առջեւ հայտարարել էին անժամկետ նստացույց սկսելու մասին: Բայց երեւի այս ակցիան նախատեսված չի եղել Քոչարյանի թիմի «սմետայում», դրա համար պիցցա եւ օրավարձ չի հատկացվել, այդ իսկ պատճառով դատարանի առջեւ գոնե մի մարդ այդպես էլ չհայտնվեց:
Դատարանի այս որոշմամբ անվստահություն ներկայացվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին եւ նրա խմբին: Հիմա ՍԴ նախագահը աննախանձելի վիճակում է հայտնվել. հերիք չէ, Ազգային Ժողովը նրա լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել, իշխանություններն էլ սկսել են Հ. Թովմասյանին կոմպրոմատային ճանապարհով պատժել: Մեկնարկը տրվեց երեկ, երբ ձերբակալվեց Հ. Թովմասյանի սանիկը` Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետ Քոչար Խաչատրյանը: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ խորհրդարանի աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման համար: Այն է, մեդալներ են պատվիրել, որոնք պետք է արծաթից լինեին, սակայն պարզվել է, որ դրանք ցինկից ու պղնձից են: Թե Հրայր Թովմասյանը քանի սանիկ ունի, կերեւա հետագա զարգացումներից:
Հաջորդը ուժային կառույցներում շռնդալից պաշտոնանկություններն էին: Նիկոլ Փաշինյանը նախ աշխատանքից ազատեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, վերջին հանդես եկավ հրաժեշտի «կանգառով», իսկ ահա ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ազատվեց ու անմիջապես նշանակվեց վարչապետի խորհրդական: Թերեւս այն պատճառով, որ ի տարբերություն Վանեցյանի, Վ. Օսիպյանը այլ զբաղմունք չուներ: Այժմ ուժային կառույցները ժամանակավորապես կղեկավարեն նախկին պետերի տեղակալները, մինչեւ Ազգային Ժողովը կընդունի օրենքը, որը հնարավորություն կտա ուժային կառույցների ղեկավարների պաշտոններում քաղաքացիական կամ քաղաքական դեմքեր նշանակել: Իսկ այս պաշտոնների հավանական թեկնածուների զանազան անուններ են շրջանառվում. սկսած «Նավակ ճոճողից», մինչեւ «Հոկտեմբերի 27-ի գործի ճոճող»:
Սկսվել են ճոճվել նաեւ երկրի առավել օդիոզ դեմքերից մեկի, մեդիամագնատ, Վատիկանում (ի դեպ, սկզբից սխալմամբ գրել էինք Վենետիկում, հետո ուղղեցինք, թեպետ տարբերությունը մեծ չէ) մեր նախկին դեսպան Միքայել Մինասյանի դիրքերը:
Վերջինս մի շարք հրապարակախոսական, բարոյախրատական հոդվածներով հանդես եկավ, որոնց իմաստը, անկեղծ ասած, այնքան էլ չհասկացանք, բացի մի բանից, որ կոչ է անում հաշտվել անցյալի հետ, անցյալը չփորփրել, ձեռք չտալ եւ այլն: Բայց, իշխանությունները չանսացին նրա հորդորներին ու սկսել են փորփրել հենց Միքայել Մինասյանի անցյալը: Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտնեց, որ Միքայել Մինասյանը անցնում է Լոռու մարզում ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտի սեփականաշնորհման գործընթացում տեղ գտած խարդախությունների գործով, այդ օբյեկտը, ինչպես պարզվեց «ՁորաՀԷԿ»-ն է, որը Օստապ Բենդերի ոճով, բազմաթիվ մանիպուլյացիաների շնորհիվ ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայությունից հանել էին ու ջրի գնով տվել ոմն Մ.Մ.-ին: Այս Մ.Մ.-ն իր արտաքինով, սանրվածքով, խոսելու ոճով, ստատուսներով շատ նման է Միքայել Մինասյանին, բայց վերջնական որոշումը կկայացնի ՀՔԾ-ն, որը այս դեպքով քրգործ է հարուցել:
Իսկ թե ում դիրքերն են անսասան ու այս մեկուկես տարվա ընթացքում շարունակում է այդպիսին մնալ, ապա դա Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանինն է: Իշխանափոխություն կլինի, Քոչարյան կնստացնեն, կոռուպցիոն դեպքեր կբացահայտեն, ինքը ոնց եղել է այդ պաշտոնին, այդպես էլ մնում է, եւ նույն ձեւով էլ շարունակում է աշխատել: Երեկ, օրինակ, պարզվեց, Հանրային հեռուստաընկերության վերահեռարձակման իրավունքները Հյուսիսային Ամերիկայում պատկանում են Միքայել Մինասյանի “ՊանԱրմ Ինք” ընկերությանը, ինչի դիմաց Հանրայինին վճարվում է ամսեկան... 2500 դոլար: Երեւանի կենտրոնում մի հատ նորմալ առանձնատան ամսավճարի չափով: Սա Մարգարիտա Գրիգորյանի հանճարեղ մենեջմենթի հետեւանքն է: Հիմա մի քիչ բարձրացրել են վճարը` 4500 դոլար, իբր տեսեք, հեղափոխությունը մի քիչ մեր վրա ազդել է, բայց մեկ է, այդ իրավունքներով ձեւավորվող միլիոնավոր գովազդային դոլարները կհոսեն... ճիշտ է, ոմն Մ.Մ.-ի գրպանը: Այնպես որ, տուշոնկեքը թողեք, զբաղվեք իրական կոռուպցիայով:
Մհեր Ղալեչյան
«Չորրորդ իշխանություն» 1.2019