...

Իշխանությունը մտադիր է նապաստակին ծխել սովորեցնել

Իշխանությունը մտադիր է նապաստակին ծխել սովորեցնել

Աներկբա է, որ հեղափոխությունից անմիջապես հետո արված որոշ կարևոր նշանակումներ, ինչպեսև ԱԺ ընտրությունների նախընտրական ցուցակի կազմումը ցայտնոտային որոշման հետևանք են, իսկ ցայտնոտը, ինչպես հայտնի է, լավագույն հուշարարը չէ վճռական որոշումներ կայացնելիս:

Եթե Փաշինյանն ունենար ավելի երկար մտածելու ժամանակ և ընտրության, կադրային որակյալ ռեզերվի լայն հնարավորություն, ապա համոզված ենք, որ թե՛ կառավարության, և թե՛ ԱԺ-ի պատկերն այսօր բոլորովին այլ կլիներ, որից էլ կածանցվեր այս երկուսի ՕԳԳ-ն:

Մինչդեռ հեղափոխությունից երկու տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանության «խոցելի կրունկը» շարունակում է մնալ կադրային քաղաքականությունը, երբ որոշ նշանակումներ բացի այն, որ շոկ են առաջացնում հանրության մոտ, այլև կասկածի տակ են դնում նշանակողի ադեկվատությունը` նշանակումն անելիս թելադրվել է մտածող օրգանի՞ց, թե՞ կրունկից եկող ազդակներով: Ասվածի ապացույցը վերջին մի քանի օրերի նշանակումներն են իշխանության տարբեր օղակներում, որոնցից մեկն էլ ոստիկանությունից Վովա Գասպարյանի օրոք հեռացված` «Գեբելս» մականունով Գրիշա Ամիրխանյանի նշանակումն է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնում: Իսկ թե ինչպիսի շոկային ազդեցություն ունեցավ հանրության վրա ավելի վաղ Վ. Օսիպյանին ոստիկանապետ նշանակելը` հաշվի առնելով վերջինիս անցած ճանապարհն ու նախկին ռեժիմին մատուցած ծառայությունները, հիշում են շատերը: Շատերը հիշում են նաև, որ իր շոկահարույց նշանակումը Փաշինյանը շտապեց հիմնավորել այսպես` մինչև հեղափոխության հաղթանակը մենք և Օսիպյանը փշալարերի տարբեր կողմերում էինք, իսկ այս նշանակմամբ բոլորս կլինենք փշալարերի նույն կողմում: Այսինքն` նախկինների ու ներկաների միջև առկա «փշալարային բարյերի» քանդման գործընթացը նոր-նոր կառավարություն ոտք դրած վարչապետը սկսեց կադրային ոչ լեգիտիմ նշանակումներով: Իսկ թե ինչով ավարտվեցին այդ նշանակումները և որտեղ են այժմ մասնավորապես Օսիպյանն ու մեկ այլ կարևոր` ԱԱԾ տնօրենի պաշտոնում կարգված Վանեցյանը` հայտնի է բոլորին. մեկը դարձ կատարեց «ի փշալարս յուր», մյուսն էլ հայտնվեց փշալարերից կախված վիճակում` դարձավ ճոռոմախոս ընդդիմություն:

Թվում էր, թե ԱԺ-ի և կառավարության ձևավորումից` պետական մեքենան վարելու լեգիտիմ իրավունք ստանալուց հետո կրունկային տրամաբանությամբ առաջադրումներին ու նշանակումներին վերջ կտրվի, հատկապես այնպիսի ատյաններում, որոնք «շողուլի բերելու» համար իշխանությունը ստիպված է եղել այս ընթացքում ահռելի ժամանակ ու նյարդեր վատնել, մեծ քանակությամբ թանաք ու քրտինք թափել: Խոսքը մասնավորապես ՍԴ-ն նոր դատավորներով համալրելու և այդ կառույցի լեգիտիմությունը գոնե մասամբ վերականգնելու մասին է: Սակայն ինչ արեց իշխանությունը: Ոչինչ, ընդամենը կրկնեց «հակափշալարային» քաղաքականության անհաջող փորձը` ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելով Վահրամ Ավետիսյանին, որի հայրը` Դավիթ Ավետիսյանը, ինչպեսև Օսիպյանը, մինչև հեղափոխությունը գտնվում էր փշալարերից այն կողմ. 2008-2016 թվականներին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն ու քննել նաև «Մարտի 1-ին» առնչվող գործեր: Իշխանությունն այսպիսով հավանաբար ուզում է գործնականում ապացուցել, որ «զավակները պատասխանատու չեն ծնողների արարքների համար»՝ մոռանալով, որ զավակները կարող են հայտնվել իրենց ծնողների արարքների «ջառման քաշողի» կարգավիճակում` երբ բանը հասնում է նման պատասխանատու պաշտոնում նշանակվելուն:

Իշխանությունն այս առաջադրմամբ գուցե նաև հույս ունի, որ Ավետիսյանն ընտրվելու դեպքում մոխիր կլցնի իր գլխին, քուրձ կհագնի, կուրանա իր հորը, կդառնա ամենքի ու բոլորի երազանքների դատավորը: Հնարավո՞ր է այդպես: Գուցե, ինչպես որ հնարավոր է նապաստակին ծխել սովորեցնելը (ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսուհին): Սակայն ՍԴ դատավորի դեպքում իշխանությունը ստիպված է լինելու մեծ գին վճարել իր մոլորության համար, եթե պարզվի, որ ինչպես նախորդ դեպքերում, այս դեպքում ևս «հնարավորը» ընդամենը վատ ուսումնասիրված անհնարինն էր: Իսկ գինն այն է լինելու, որ ՍԴ-ն, փաստորեն, համալրվելու է ոչ լեգիտիմ, մի ամբողջ կյանք` 12 տարի պաշտոնավարման ժամկետով դատավորով, ինչի հետևանքով միայն խորանալու է բարձր դատարանում առկա լեգիտիմության դեֆիցիտը: Իշխանության ուզածը սա՞ է:

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Եթե Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունենար նման առաջադրում, ապա ոչ ոք կասկածի տակ չէր դնի առաջադրողների ադեկվատությունը, և հասարակությունը, թերևս, անուշադրության մատներ առաջադրումն էլ, առաջադրվողին էլ: Սա ուներ մի պարզ բացատրություն` նախկին ռեժիմը լեգիտիմ չէր, և ամեն ինչ մեկնաբանվում էր հենց այս համատեքստում` ուզուրպացրել էին երկրի կառավարման «ջոյստիկը»` ում, որտեղ ուզում` նշանակում էին: Եվ ցանկացած նշանակում ներդաշնակվում էր ռեժիմի էությանը: Նշանակվողներն էլ պարտավորվում էին սպասարկել կլանային շահերն ու գործել այդ շահերին ներդաշնակ` բացառելով որևէ բախում, հատկապես` շահերի: Օրինակ, առաջադրելով Հրայր Թովմասյանին կամ որևէ այլ թեկնածուի ՍԴ դատավորի պաշտոնում, օրվա իշխանությունը համոզված էր, որ երկրի սահմանադրական արդարադատության «պոստը» իրենց վերահսկողության տակ է` իր «80-ականների զենքերով» և «նորագույն ԱԹՍ-ներով»: «Պոստավիկներն» էլ գիտեին, որ իրենց առաքելությունը առաջին հերթին կոռումպացված բուրգի մոնոլիտությունը երաշխավորելն է, որի կարևորագույն հանգույցներից մեկն էլ իրենք են: Այսինքն` մինչև որտեղ է ի զորու կտրել-կրակել իրենց մասնագիտական թուրն ու թվանքը, որից այն կողմը կսասանի բուրգը: Եվ եթե Ավետիսյանը առաջադրվեր նախկին ռեժիմի օրոք, ապա անաչառ ու անկողմնակալ դատավոր լինելու մասին նրա խոստումը առնվազն խինդ ու փռթկոց էր առաջացնելու իրեն առաջադրողների մոտ: Էլ չասենք, որ Դ. Ավետիսյանի զավակը լինելու հանգամանքը վստահաբար դիտարկվելու էր որպես բարեբախտություն, այլ ոչ թե խոչընդոտ ու խայտառակություն: Ու երևի թե ոչ ոք այդ դեպքում չէր հիշի և աղաղակի ծնողների ու զավակների մասին վերոհիշյալ ասույթ-ասացվածքի մասին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ