...

Ոչ մի վիրուս ՍԴ-ում

Ոչ մի վիրուս ՍԴ-ում

Հայտնի են Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար իրավասու մարմինների առաջադրած բոլոր երեք թեկնածուների անունները:

Կառավարության թեկնածուն, ինչպես արդեն հայտնի է` ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանն է, Դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ արդեն երկրորդ անգամ ներկայացրել է ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Երկու դոկտոր-պրոֆեսորների ու մեկ դատավորի ՍԴ գործուղելու պատասխանատվությունը, փաստորեն, պետք է ստանձնի մեկ մարմին` խորհրդարանը: Նշենք, որ այս երեք թեկնածուների ընտրությունն էլ, հաշվի առնելով դրան նախորդած կարծիքներն ու քննարկումները, խնդրահարույց են լինելու ԱԺ-ի համար:

Ինչ նկատի ունենք. ինչպես հայտնի է, Վ.Ավետիսյանի թեկնածությունը առաջացրեց քաղաքացիական հասարակության լայն շրջանակների մեծ դիմադրությունը: Կարծել, թե Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահի որդու թեկնածությունը որոշվել է Փաշինյանի թիկունքում և նա էլ, աչքերը փակ, առանց տնտղելու թեկնածուին, տվել է «ադաբրյամսը», ծայրահեղ միամտություն է: Որդի Ավետիսյանի թեկնածությունը, վստահ ենք, այդպես կառավարության պատերից դուրս չէր գա, եթե Փաշինյանի քիմքին հաճո չլիներ: Եվ այժմ, փաստորեն, գնդակը կառավարության ղեկավարի քաղաքական հենարանի` ԱԺ-ի, դաշտում է, և հենց այդ մարմինն էլ գրելու է «դրամայի ֆինիշը»: Նկատենք, սակայն, որ այդտեղ, մասնավորապես խորհրդարանական մեծամասնության շարքերում, վստահ չեն, որ թե արդյոք բարձրացված աղմուկից հետո հնարավոր կլինի քվեարկել Ավետիսյանի օգտին: (Ոմանք էլ կասկածներ են հայտնում վերջինիս մասնագիտական կարողությունների մասով):

Այս անվստահությունը ստեղծել է մի այնպիսի վիճակ, երբ Ավետիսյանին ընտրելով կամ չընտրելով վեր է հանվելու շատ ավելի խորքային` կառավարություն-ԱԺ հարաբերությունների ներդաշնակության հարցը: Այն ԱԺ-ի, որի ուսերին էր դրված ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու տարիուկես տևած գործընթացը։ Եթե ԱԺ-ն ընտրի Ավետիսյանին, ապա դա կնշանակի թքած ունենալ հնչած բոլոր մտահոգությունների վրա և ՍԴ գործուղել պրոբլեմատիկ դատավորի` ավելացնելով այդտեղ արդեն իսկ եղած պրոբլեմատիկների թիվը: Հանրային առարկություններին ընդառաջ գնալու և Ավետիսյանին չընտրելու փաստն էլ կդիտվի որպես խզում ԱԺ-ի և կառավարության միջև: Կստացվի, որ չկա կոնսենսուս իշխանության երկու թևերի միջև, և «ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջ ձեռքը», ինչը վստահաբար շահագրգիռ ուժերը կմեկնաբանեն որպես «ճաք` թիմի ներսում»:

Մերժման գծով ռեկորդակիրը հնարավոր է նոր ռեկորդ սահմանի

Նկատենք, սակայն, որ արդեն իսկ առաջադրված թեկնածուներին կամ նրանցից որևէ մեկին մերժելը չի լինի հայտնություն, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուների մերժման հարցում ԱԺ-ն ռեկորդակիր մարմին է: Խորհրդարանը (գործող և նախորդ) հասցրել է մերժել մասնավորապես ՀՀ նախագահի ներկայացրած ՍԴ դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը ՀՀ նախագահը ներկայացրել էր նաև 2019-ի մայիսի 15-ին, որը ԱԺ-ն մերժեց մայիսի 29-ի քվեարկությամբ: Վաղարշյանից հետո նախագահը արդեն երկրորդ անգամ առաջադրեց Վահե Գրիգորյանին, որի թեկնածությունը մերժել էր նախորդ խորհրդարանը: Վերջինիս ԱԺ-ն ՍԴ դատավոր ընտրեց 2019-ի հունիսի 18-ին: Այս անգամ արդեն, եթե ԱԺ-ն կողմ քվեարկի Վաղարշյանի թեկնածությանը, այդ հանգամանքը կարող է արդարացիորեն հարց առաջացնել` ինչու էր նախորդ անգամ ԱԺ-ն դեմ նրան (30 կողմ, 53 դեմ), արդյոք նման քվեարկությունը քաղաքական որոշման հետևանք չէր և ինչ է փոխվել անցած մեկ տարում, որ այժմ հավանության է արժանանում արդեն մեկ անգամ մերժվածը: Նշենք, որ այս համատեքստում դիվանագիտական նուրբ ժեստ է արել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը` ողջունել է Վաղարշյանի առաջադրումն ու վստահություն հայտնել, որ «այն կայացվել է Հանրապետության նախագահի և իրեն այս հարցում խորհրդականների կողմից խնդրին առնչվող բոլոր հանգամանքների բազմակողմանի և բարեխիղճ քննության արդյունքում»: «Ինքս ծանոթ չեմ թեկնածուին և իր աշխատանքներին նույնպես ծանոթանալու առիթ չեմ ունեցել։ Ես հուսով եմ, որ պարոն Վաղարշյանն ԱԺ-ին է ներկայացնելու ՍԴ-ի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության, առհասարակ, զարգացման իր տեսլականները։ Եվ դրանք իմին համընկնելու դեպքում՝ ես հաջողություն եմ մաղթում նրան ընտրվելու և դրանից հետո դատավորի աշխատանքային գործունեության ընթացքում»,- ասել է դատավորը։

Ինչ վերաբերում է Երվանդ Խունդկարյանին, ապա նրա թեկնածության առաջադրումը ևս ոչ միանշանակ է ընդունել մասնագիտական հանրությունը: Նրան ոչ միայն համարում են նախորդ ռեժիմի` դատավորի պատմուճան կրող սպասավորը, այլև տարակուսում` ինչո՞ւ է «դատարանների պապան» համաձայնել ծանր տեղը թեթևացնել ու ՍԴ շարքային դատավոր դառնալ: Եթե նա ընտրվի ԱԺ-ի կողմից` ՍԴ նախագահ դառնալու հեռահար ծրագրով, ապա դա կնշանակի, որ առկա է քաղաքական պայմանավորվածություն իշխանության ներսում, այսինքն` Հրայր Թովմասյանին չեզոքացնելով նրան փոխարինում են մեկ այլ Հրայրով, ինչը կասկածի տակ է դնում իշխանության` ոչ կախյալ ՍԴ-ունենալու մասին հավաստիացումները: Նշենք, որ ՍԴ նախագահին ընտրում է ՍԴ-ն` իր կազմից, 6 տարի ժամկետով:

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Անշուշտ, խորհրդարանական կառավարման տրամաբանությունը հուշում է, որ այս ՍԴ-ի կազմավորման հարցում վերջին խոսքի իրավունքը ԱԺ-ինն է, և հենց այս մարմինն էլ պատասխանատու է լինելու երկրում սահմանադրական արդարադատության ձևավորման և կամ վերականգման հարցում: Ուստի, ենթադրում ենք, որ ԱԺ-ն թե՛ Ավետիսյանի, և թե՛ մնացած արդեն իսկ առաջադրված և ապագայում առաջադրվելիք թեկնածուներին ընտրելիս զերծ կմնա քաղաքական և այլազան նախապաշարմունքներից, կառաջնորդվի բացառապես պետական-հասարակական շահով և իր քվեարկությամբ ի չիք չի դարձնի լեգիտիմ, անկախ և վարկանիշային ՍԴ ձևավորելու իր նպատակադրումը:

Այս համատեքստում հիշենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը նշել էր. «Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ և դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն: Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար, ՍԴ կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից»:

Իսկ այժմ ունենք այն, ինչ ունենք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ