...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Հայ-հայկական հակամարտությունը

Անցնող շաբաթ հիմնական իրադարձությունները Տավուշի մարզի հայ-ադրբեջանական բախումներից տեղափոխվեցին Վայոց ձորի հայ-հայկական բախումներ: Ամուլսարի շուրջ հակամարտող կողմերը կատաղի մարտեր են մղում: Հակառակորդները փոխնիփոխ հաջողությամբ հարձակվում են, պաշտպանվում, դիրքեր գրավում, կորցնում: Ընդամենը երկու օրում մի քանի ճակատամարտ է եղել, որտեղ փառապանծ ոստիկանները գրեթե ձեռնամարտի էին բռնվել փառապանծ բնապահպանների հետ: Այս հակամարտության ելքն առայժմ պարզ չէ:

Բայց մի բան պարզ է. քոչարյանա-միշիկական բոլոր լրատվամիջոցները՝ իրենց վարձկաններով, սազանդարներով, զառանցողներով, աջարակիցներով, այդքան չէին կարող վնաս հասցնել իշխանությանը, որքան՝ իշխանություններն իրենք իրենց: Իշխանության դիրքորոշումն այս հարցում այդպես էլ չգիտենք: Կամ իրենք գիտեն, չեն ասում, կամ էլ չգիտեն՝ ինչ անեն: 

Մենակ թե չենք հասկանում, թե Ամուլսարի շուրջ ընթացող բախումների համար նախկինները ինչու են քննադատում Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ վարչապետը: Դե որ ասում եք, թե Տավուշում նոր դիրքեր գրավելու հետ վարչապետը որևէ կապ չի ունեցել, ուրեմն՝ ձեր տրամաբանությամբ, այս դեպքում էլ կապ չունի: Ի՞նչ տարբերություն՝ պատերազմը Տավուշում է, թե Ամուլսարում: Բա չէ. դրական բան է լինում, ասում եք՝ ինքն իրեն եղավ, վատ բան է լինում, մենակ վարչապետն է մեղավոր: 

Ստրկատիրական մեդիադաշտ

Քոչարյանա-միշիկական մեդիան (ՔՄՄ) վերջն է: Մենք չէինք պատկերացնում, որ այս աստիճանի ստրկամտություն է տիրում այնտեղ: ՀՀ Առաջին նախագահն ասում է. ժողովուրդ, ԿԳՄՍ-ի կողմից Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճը շատ ցածր մակարդակի է, ամոթ է, խայտառակություն է: 

Իսկ նախկիններին պատկանող տասնյակ լրատվամիջոցներ գրել են. Տեր-Պետրոսյանն ասել է, թե ԿԳՄՍ կողմից Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչները շատ ցածր մակարդակի են, ամոթ է, խայտառակություն է: Գիտենք, էլի, սրանց զանգել են, այդ միշիկ-գրիշիկները, հրամայել, որ այդպես ներկայացնեն, լրիվ նենգափոխված, շուռ տված: Ու այս լրատվամիջոց կոչվող լափակերների մեջ չի գտնվել գոնե մեկը, որն ասեր՝ չէ, ամոթ է, մարդը ուրիշ բան է ասել, մենք ուրիշ բան գրենք, սիրուն չէ, ամոթ է, անբարո է: Բոլորը ստրուկի հնազանդությամբ հրամանը կատարել են: Բոլորը:

Հայտնի պատմություն կա, որ մուկը հրաշագործին խնդրում է, որ իրեն կատու դարձնի, որ կատուներն այլևս իրեն չնեղեն: Հրաշագործը մկանը կատու է դարձնում, բայց հենց առաջին իսկ կատվին տեսնելով՝ սա փախչում է: Հետո շուն է դարձնում, հետո՝ գայլ, վերջում ընդհանրապես վագր, բայց մեկ է, հենց կատու է տեսնում, նորից փախչում է: Հրաշագործը մկանն ասում է. կներես, ես կարող եմ քեզ արտաքնապես փոխել, բայց սիրտդ չեմ կարող:

Հիմա էս մեր նախկինների լրատվամիջոցներն են: Ուզում եք, CNN-ից հզոր տեխնիկա ունենաք, ուզում եք, ամեն մեկդ տասը ստուդիա պահեք, 24-ժամյա եթեր ունենաք, ընտանեկան լրատվամիջոց լինեք, կուսակցական, ամեն մեկիդ տակ մի-մի ավտո դնեն, բոլորիդ այֆոն նվիրեն, մեկ է՝ ստրուկի հոգեբանությունը ձեր միջից դուրս չի գալու: Բժշկությունն ու հրաշագործությունը դրա դեմ անզոր են: 

Պնդաճակատության շքերթը

Բժշկությունն անզոր է նաև ՍԴ դատավորների ընտրության գործընթացում: Թվում է, թե բանականության սահմաններում ամեն ինչ ասված էր, անհրաժեշտ խորհուրդները տրված էին, նորմալ մարդիկ նորմալ առաջարկներն արել էին, հիշեցրել էին, թե ինչ չափորոշիչներ պետք է կիրառվեն ՍԴ դատավորի թեկնածուների դեպքում:

Բայց այստեղ էլ են այդ անիծյալ չափորոշիչները շուռ տված կիրառել: Արմեն Սարգսյանը ներկայացնում է մեկի թեկնածությունը, որին մի անգամ արդեն առաջադրել էր, խորհրդարանն էլ մերժել: ԲԴԽ է, ինչ է, սրանք էլ մի հատ հին կոճղ են առաջադրում, դե, իսկ իշխանություններն էլ Վահրամ Ավետիսյանի դեպքում պնդաճակատ դուրս եկան: Իբր Սահմանադրական դատարան են բարեփոխում: ՍԴ դատավորների ընտրության հարցում ամենակարևոր չափորոշիչը անտեսվեց. թեկնածուի քաղաքացիական վարքագիծը: Այսինքն, մարդ, որը ՀՀ քաղաքացուն պատշաճ համոզմունքներ ունի, գիտակցում է, թե ուր է գնում, ինչի համար, մարդ, որն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ իր գործունեության համար հաշվետու է հասարակությանը, որ նրա համար առաջին պլանում մարդն է, քաղաքացին: Բռնել, 3 պայմանական Ալվինա Գյուլումյանի փոխարեն 3 նոր Ալվինա Գյուլումյան են առաջադրել: 

Որ հանկարծ ներքաղաքական ճգնաժամ առաջանա, բանը հասնի ՍԴ-ին, այդ ձեր առաջադրած թեկնածուները ոչ թե օրենքին են նայելու, այլ թե ում կողմն է թեքվում նժարը: Գագիկ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի օրինակով դա գիտենք: Տաք եք, դեռ չեք զգում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 21, 2020

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ