...

Պարտադրված փաստաթուղթ. ամեն ինչ դեռ նոր է սկսվելու

Պարտադրված փաստաթուղթ. ամեն ինչ դեռ նոր է սկսվելու

Շուրջ մեկուկես ամիս տևած լայնածավալ պատերազմը թևակոխել է ամենավճռական ու ճակատագրական՝ հետպատերազմական իրավիճակի փուլը, երբ պարտված կողմը սկսել է «գույքագրել» պատերազմի հետևանքները (ցավոք՝ ոչ արդյունքները) ու մտածել հետագա անելիքների մասին։

Իսկ այս օրերին շրջանառվող այն օրակարգը, թե ինչը կամ ով հանգեցրեց պատերազմի, ով է մեղավորն ու ով «լավ տղան ու բանակցողը»՝ ժամանակավրեպ է։

Ինչ ունենք պատերազմի հետևանքով

Եռակողմ հայտարարություն, որը նույնիսկ մոտ չէ մինչ այժմ բանակցային սեղանների շուրջ՝ ԼՂ խնդրի կարգավորման տարբերակներից ամենավատին։ Կարճ՝ սա պատերազմի թելադրանքով առաջացած վատագույն լուծում է, կապիտուլյացիա։ Բնական է, որ հավաքական հայ հանրությունն ու մասնավորապես այդ հանրության մաս կազմող քաղաքական որոշ դերակատարներ հրաժարվում են համակերպվել հայտարարության մեջ ներկայացվածի հետ և իբրև թե «խնդրի լուծման» ելքեր են առաջարկում։ Այդ դերակատարների մեջ կա մեկը՝ նախկին դեսպան, որը, տևական ժամանակ լինելով հետախուզման մեջ, այս օրերին ակտիվ ստատուսներ է գրում և նույնիսկ իրավիճակի շտկման «հաշված ժամերի» մասին խոսում՝ այդպես էլ չասելով, թե որն է ելքը։ (Փաստորեն, այդպես էլ չաճեց խոհանոցային վերլուծաբանի մակարդակից)։ Իսկ ենթադրյալ ելքը նման վիճակում մեկն է՝ ՀՀ զինուժը, որը, ինչպես Պնախարար Տոնոյանը հայտարարեց, գործել է «սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման առումով, կարելի է ասել, տոտալ բլոկադայի պայմաններում», ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Կարապետյանի պնդմամբ էլ՝ ստիպված է եղել գնալ հրադադարի այս պայմաններին՝ հաշվի առնելով «ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները», վերսկսում է պատերազմը՝ կորսվածը հետ բերելու համար։ Ընդ որում՝ արդեն իսկ ռուս խաղաղապահների առկայության պայմաններում։ Թե ինչպիսին կլինեն հետևանքները՝ սարսափելի է նույնիսկ մտածելը։

Եթե Երևանում «հողերը հետ բերելու» կեղծ ու վտանգավոր օրակարգով ցույցեր անող հայտնի ուժերն այսքանը չեն գիտակցում, ուրեմն մեղմ ասած շառլատան արկածախնդիրներ են, որոնք մեկ նպատակ ունեին և են՝ Արցախի հարցի պատրվակով ռևանշի հասնելը։ Այ սա կլինի իսկական դավաճանություն, ոչ թե բանակի պարտության հետևանքով ստորագրված հայտարարությունը։

Ինչ իրավական ուժ ունի հայտարարությունը

Հայտարարության իրավական ուժի մասին վերլուծություն այս օրերին կարծեք թե չի արվում։ Փաստաբան Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա թեև ներկայացված է որպես հայտարարություն (նկատի ունենք գրավոր տեքստի ձև), սակայն գործ ունենք համաձայնագրին կամ պայմանագրին իրավազոր փաստաթղթի հետ։ Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՀ ԱԺ-ն է վավերացնում, կասեցնում կամ չեղյալ հայտարարում այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ։ ԱԺ-ն կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Բացի այդ, ըստ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի՝ միջազգային պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն է՝ անկախ դրա անվանումից։ Նույն օրենքի մեկ այլ կետի համաձայն՝ ՀՀ վարչապետն ունի միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասություն: Նորիկյանը նկատում է նաև, որ «եթե կներկայացվի հիմնավորում կամ պատճառաբանություն առ այն, որ Փաշինյանի ստորագրված փաստաթուղթը միջազգային պայմանագիր չէ, այդ դեպքում պետք է հիմնավորվի, թե ՀՀ վարչապետը իր կոնկրետ ո՞ր իրավասությամբ է առաջնորդվել խնդրո առարկա փաստաթուղթը ստորագրելիս, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։

Բացի այս, Միջազգային պայմանագրերի մասին օրենքը սահմանում է նաև, որ «միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) առաջարկությունը վարչապետին է ներկայացնում իրավասու մարմինը` հիմնավորելով դրա կնքման (դրան միանալու) նպատակահարմարությունը և կցելով ՀՀ արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին կամ կարգավորման ենթակա հարաբերությունները իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթով կնքելու նպատակահարմարության մասին:
Ինչպես տեսնում ենք, խնդրո առարկա փաստաթղթի ստորագրման և կյանքի կոչման ընթացակարգերի հետ կապված մի շարք չպարզաբանված հանգամանքներ կան, որոնք ամրապնդում են այն կարծիքը, որ սա ՀՀ-ին պարտադրված փաստաթուղթ է»։

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հիշեցնում են իրենց մասին

Այժմ գանք ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքներին։ Ավելորդ չէ վերահաստատելը, որ ԼՂ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կարգավորվող կոնֆլիկտ է։ Դրա խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը մինչ այժմ վարվել է համանախագահող երկրների մասնակցությամբ, խնդրի կարգավորման սկզբունքները մշակվել են բացառապես անդամ երեք պետությունների առաջարկով, աջակցությամբ ու միջնորդությամբ։ Մինչդեռ ստորագրված հայտարարության տակ միայն Մինսկի խմբի մեկ անդամի՝ ՌԴ-ի ստորագրությունն է։ Կոպիտ ասած՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն «ֆուկ» են եղել։ Սա արդյոք չի՞ նշանակում, որ գործ ունենք ոչ լեգիտիմ, միջազգային ստանդարտներին հակասող գործընթացի հետ։ Եվ որ հայտարարությունը դուրս է կարգավորման տրամաբանությունից, քանզի խախտվել է համանախագահող երկու երկրների մասնակցության իրավունքը՝ խնդրի վերջնական կարգավորման փաստաթղթի կազմմանը մասնակցելու առումով։

Իզուր չէ, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան արձագանքեցին Փաշինյան-Ալիև-Պուտին հայտարարությանը՝ հիշեցնելով, որ «տավարիշչ» Պուտինը (և կամ «բեյէֆենդի» Էրդողանը) չէ, որ պետք է բացահայտ կամ թաքուն հարց լուծեն, այստեղ ոչ պակաս իրավասություններ ունեցող ուրիշ առաջնորդներ էլ կան։

«Մենք ի գիտություն ենք ընդունել ՌԴ-ի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը և շահագրգռված կլինենք ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների և ծրագրերի մասին, երբ այն կայանա։ Մենք ուրախ կլինենք տեսնել բռնության վերջը, բայց առայժմ չենք կարող մեկնաբանել հրադադարի կամ հետագա քայլերի կոնկրետ մանրամասները: Այն, թե ինչպես են հակամարտության կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է հարցնել նրանց»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ֆրանսիայի նախագահականից էլ հայտարարել են, որ «ուսումնասիրում է ԼՂ-ում հրադադարի պայմանները»՝ նշելով, որ տևական համաձայնագիրը պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանն էլ իր հերթին է հայտարարել, որ «Հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ»: Եվ որ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: «Երկու կողմերի միջև քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել ԼՂ ապագա կարգավիճակը»,- նշել է պաշտոնյան՝ շեշտադրում անելով շատ կարևոր հանգամանքի վրա՝ ԼՂ ապագա կարգավիճակ, որի մասին ոչ մի հիշատակում չկա ստորագրված հայտարարության մեջ: Ուստի, պատահական չեն Թուրքիայից կամ Ադրբեջանից լսվող ջղաձիգ արձագանքները, թե «Ֆրանսիան բացահայտ հայամետ քաղաքականություն է վարում»։

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ստեղծված պայմաններում ՌԴ-ն կարող է ճանաչվել «օկուպանտ», որքան էլ նրա ռազմական ներկայությունը Ղարաբաղում տեղի ունենա եռակողմ համաձայնությամբ ու խաղաղապահ առաքելության անվան ներքո։ Ուստի ՀՀ քաղաքական (անկախ կողմնորոշումից), դիվանագիտական վերնախավի ողջ ռեսուրսն այժմ պետք է մի ուղղությամբ օգտագործվի՝ ոչ թե հրապարակներում դոշ ծեծել, երես ճանկռել ու հանուն ռևանշի վտանգել պետականությունը, այլ մասնավորապես ԱԺ-ի մակարդակով կանխել ԼՂՀ-ում հնարավոր վտանգավոր գործընթացները։ Եվ ինչպես նախօրեին ասաց Արցախի նախագահը. «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է: Պետք է մտածել, մտածել, մտածել, գնահատել ու որոշումներ կայացնել»։ Ակնհայտ է, որ վերոհիշյալ հայտարարությունը միայն ԼՂ խնդիրը չի շոշափում, այլև Հայաստանի՝ միջազգային իրավունքի սուբյեկտի անվտանգության և այլ իրավունքների (տարածքային ամբողջականություն) հարցը: ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչումն այժմ առավել քան երբևէ հրատապ է դարձել՝ «անջատում՝ հանուն փրկության» կոնցեպտին հղում անելով։ Այս ուղղությամբ ակտիվ ջանքերի գործադրումը մեր բոլորի կարևոր անելիքն է։

«Չորրորդ իշխանություն», թիվ 35, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   939 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ