Սեպտեմբեր-հոկտեմբերյան լայնածավալ պատերազմի անցած 10 օրերը, իրավամբ, լայնածավալ լյուստրացիայի ենթարկեցին համաշխարհային քաղաքականությունն ու դրանում ՀՀ-ի մասնակցությունը՝ ևս մեկ անգամ ապացուցելով չարենցյան աքսիոմը՝ «ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Թեև աքսիոմները ապացուցման կարիք չունեն։
Փաստենք, որ ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանն ու միջազգայնորեն չճանաչված պետություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այսօր կռվում են ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի դեմ (Ադրբեջանը որպես պետություն այս պայքարում ունի պլացդարմի նշանակություն)։ Պատերազմի մեկնարկից կարճ ժամանակ անց արդեն ակնհայտ էր, որ երկու հայկական պետությունները՝ ՀՀ-ն ու Արցախը, պաշտպանելով պատմական հայրենիքում խաղաղ ապրելու իրենց անքակտելի իրավունքը՝ բացառապես հայ զինվորի թափած արյան ու հայ հարկատուի միջոցներով գնված սպառազինության գնով, միաժամանակ լայնածավալ պայքար են մղում ահաբեկչական նորահայտ որջի դեմ՝ ստանձնելով Կովկասում «հակաահաբեկչական դարպասի» առաքելությունը։ Անհերքելի է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, խախտելով միջազգային իրավունքի մի շարք նորմեր, ԼՂ հակամարտությունն այս պատերազմով այլևս դուրս է բերել դրա «բովանդակային սահմաններից» ու դարձրել պանթյուրքիզմի գաղափարի սպասարկման բաղադրիչ։ Չկա այլևս ԼՂ կոնֆլիկտ՝ նախկին սահմանմամբ, կա վերաբեռնված, վերաիմաստավորված մի հակամարտություն, որի մի կողմում հայ ժողովուրդն է, և, հարկավ, պետք է լինի նաև քաղաքակիրթ, այսինքն՝ խաղաղ գոյակցության, հումանիզմի ու այլ համամարդկային արժեքների դավանորդ համաշխարհային հանրությունը, մյուս կողմում վերոհիշյալ արժեքները մերժող, այսինքն՝ հակամարդկային, ահաբեկչական տանդեմն է։ Հատուկ շեշտենք՝ լայնածավալ կերպով մերժող, որի ապացույցներին ծանոթանալու համար բավական է թերթել այդ տանդեմի վերջին առնվազն 150 տարվա պատմությունը։
Հայ ժողովրդի կողմից տարվող հակաահաբեկչական պայքարին միանալու մարտակոչը պատերազմի առաջին իսկ օրերից իրենց հարցազրույցներում և ուղերձներում «մեխեցին» թե՛ ՀՀ, թե՛ Արցախի բարձր ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետի, նախագահի, ԱԳՆ-ի, ԼՂՀ նախագահի ու ԱԺ խոսնակի։ Ցավալիորեն պետք է արձանագրել, որ միջազգային հանրությունը պատերազմի առաջին օրերին անհաղորդ մնաց այդ մարտակոչին՝ վերսկսված մարտական գործողությունները դիտարկելով որպես հակամարտ կողմերի միջև կնքված զինադադարի հերթական խախտում։ Բնական է, որ արձագանքն էլ նույնպիսին էր՝ ստանդարտ ու սնամեջ՝ հորդորներ կրակը դադարեցնելու, լարվածությունը թուլացնելու, բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին։ Որևէ գործուն միջամտություն, որը կբռներ գիշատիչ կիկլոպի մահ սփռող ձեռքը, այդ հորդորներին չհետևեցին։
Հանգիստ անհանգիստները
Փաստ է, որ օրեր տևած արյունահեղությունից հետո միայն (սկսած սեպտեմբերի 30-ից), «գլադիատորական թամաշային» հետևող միջազգային հանրությանը հասու դարձավ ակնհայտը՝ Հայաստանին ու Արցախին պատուհասած աղետը շուտով պայթելու է նաև իրենց ոտքերի տակ, եթե ինքնապաշտպանական միջոցառումներ չիրականացնեն։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե զինված գրոհայինների տեղակայումը հակամարտության գոտում կհանգեցնի իրավիճակի է'լ ավելի սրացմանը և կստեղծի երկարաժամկետ սպառնալիք տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար։ «Կոչ ենք անում շահագրգիռ պետություններին գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելվի օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների անթույլատրելի մասնակցությունը հակամարտությունում, և նրանց անմիջապես դուրս հանել տարածաշրջանից»։ Հարևան Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն էլ հոկտեմբերի 1-ին հայտարարեց՝ իր երկիրը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները Իրանի հյուսիսային սահմաններին հարակից շրջանների անվտանգության դեմ սպառնալիքի վերածվեն: «Բախումների՝ Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը»։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն էլ պատերազմի 10-րդ օրը հայտարարեց. «Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Հարավային Կովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանակից պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան»։ Ակնհայտ է, որ այսպիսով ՌԴ-ն իր համար լեգիտիմ «ալիբի» նախապատրաստեց՝ հակամարտության գոտում իր պարտավորությունները կատարելու՝ հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելու համար։ Միջոցառումներ, որոնք շատ փորձագետներ ուշացած են համարում, քանի որ հայկական կողմը այդ ուշացման դիմաց թանկ գին է վճարել՝ հարյուրավոր անդառնալի կորուստներ։
Լավ է ուշ, բայց ոչ ուշացած
Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ միջազգային հանրության վերաբերմունքը, եթե ջրի երես դուրս չգային Սիրիայից Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջան տեղափոխված վարձկան-ահաբեկիչների մասին աղաղակող փաստերը, եթե հայկական դիվանագիտությունը միջազգային մակարդակում չամրագրեր այդ պատերազմի եղկելի բնույթը՝ ահաբեկչական լինելը։ Արդյոք հերթապահ հորդորներին կհաջորդե՞ր առարկայական գործիքակազմի կիրառում, թե՞ կշարունակեին գործել էգոիզմի ու կոմֆորտի իրենց գոտին չլքելով, ռուսական հայտնի ասացվածքի տրամաբանությամբ. «Моя хата с краю»։ Ուստի, այս համատեքստում շատ կարևոր էին Եվրոպական խորհրդարանում նախօրեին տեղի ունեցած արձանագրումները, և դրանցում շատ հստակ լսվող աշխարհաքաղաքական ուղերձները, որոնք ունեին կոնկրետ հասցեատերեր։ Այդ քննարկումներն ապացուցեցին, թե եվրոպական հանրությունն ինչպես է լցված Թուրքիայի, ավելի ստույգ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի նկատմամբ, ինչի վկայությունը պատգամավորների՝ թուքումրով հագեցած ելույթներն էին, ամենախիստ պատժամիջոցներ կիրառելու կոչերն ու առաջարկությունները։
Ամրագրվեց, որ Թուրքիան բացահայտ թքում է Եվրամիության երեսին, և այդ երկիրը ոչ միայն տեղ չունի ԵՄ-ում, այլև պետք է զրկվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից։ Որ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը, այլև Ադրբեջանի ու ահաբեկիչների գործակցությամբ հերթական ցեղասպանության փորձն է անում։ Որ կասետային պետք է կանգնեցնել ագրեսորին, քանի ուշ չէ։ Որ եթե ԵՄ-ն մի կառույց է, որը պետք է բավարարվի ՀԱՊԿ-ի պես միայն կոչեր անելով և ուժ չկիրառի, ապա պետք է կասկածի տակ դնել այդ կառույցի գոյությունը։ Որ Ադրբեջանին ԵՄ-ի հետ կապող միակ բանը եթե նավթային ու գազային խողովակներն են, ուրեմն պետք է հրաժարվել դրանցից։ Որ եթե ՌԴ-ն ունակ չէ և չի կարողանում լուծել այս կոնֆլիկտը, ապա այն պետք է լուծի ԵՄ-ն։ Որ պետք է արգելել ցանկացած սպառազինության վաճառք Թուրքիային։ Որ Արցախի ժողովուրդը պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը։ Եվ վերջապես՝ մենք բոլորս կանգնած ենք հնամենի հայ ժողովրդի կողքին, որը այնքան բան է տվել արևմտյան քաղաքակրթությանը։
Հեղինե Մանուկյան
Հ․Գ․ Դիվանագիտական այն ամուր դիրքերը, որոնք այժմ ունի ՀՀ-ն, հուսանք, հնարավոր կլինի կապիտալիզացնել նաև բանակցային գործընթացում՝ ջուր չդարձնելով բազում հայորդիների թափած արյունը, և ամենակարևորը՝ ոչ մի թիզ չնահանջելով ՀՀ ինքնիշխանության դիրքերից։ Այժմ, առավել քան երբևէ, մեծ հնարավորություն է ստեղծվել նաև ԼՂ անկախության միջազգային ճանաչման համար։
«Չորրորդ իշխանություն», թիվ 30, 2020