Մոտ ապագայում չկա կոնկրետ առարկայական ակնկալիք, որ հնարավոր կլինի դադարեցնել պատերազմը և նստել բանակցային սեղանի շուրջ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը տապալեց մոսկովյան այցը, ինչը իր հերթին նշանակում է նաև Փաշինյան-Ալիև հանդիպման անհնարինություն: Եվ երեկվա Փաշինյանի կոչը և արձանագրումը, թե դիվանագիտության միջոցով հնարավոր չէ խնդրի կարգավորում, հենց դրա հետևանքն էր: Այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան և նրա կողմից ֆինանսավորվող որոշ լրատվամիջոցներ փորձելու են Փաշինյանի արձանագրումը ներկայացնել որպես Հայաստանի խաղաղություն չհաստատելու դիրքորոշում, պարզ էր և կանխատեսելի: Բայց զարմանալի է, որ այդ թեզը շրջանառում են նաև որոշ շրջանակներ Հայաստանում: Շրջանառում են նույն այն կոնտեքստում, թե հնարավոր էր անել այնպես, որ պատերազմը չսկսվի, և ՀՀ իշխանություններն են ձախողել բանակցային գործընթացը:
Ընդհանրապես այս թեզը շատ հետաքրքիր է և փակագծերը մի փոքր ավելի բացելու արժանի: Այս թեզի հիմնազուրկ լինելու թիվ մեկ փաստարկը Ապրիլյան պատերազմն է: Այսինքն՝ Սարգսյանը շարունակում էր բանակցել, համաձայնել Կազանյան կարգավորումներին, մտերմություն էր անում Պուտինի հետ, բայց Ալիևը վերցրեց և պատերազմ հայտարարեց:
Փաշինյանը իր ուղերձում գրեթե բաց տեքստով ասաց՝ մի՛ հավատացեք լուրերին և ասեկոսեներին, Ռուսաստանը շատ բարձր մակարդակով կատարում է իր դաշնակցային պարտավորությունները: Անգամ, եթե չասեր, դա պարզ էր, քանի որ 25 օր է պատերազմում ենք, սակայն ոչ ոք չի լսել, թե զինամթերք չկա: Ուրիշ բան ԱԹՍ-ների վնասները, որոնցից չունի նաև Ռուսաստանը և որի ռազմական ղեկավարությունը նույնպես սկսել է մտահոգվել դրանց առկայությունից հետագա պատերազմներում, որ կարող է վարել Ռուսաստանը:
Այս պատերազմը հնարավոր դարձավ ոչ թե Հայաստանի ղեկավարության և ոչ էլ կարելի է ասել ադրբեջանական իշխանության մեղքով, պատճառով կամ ցանկությամբ: Այս պատերազմը հնարավոր դարձավ Էրդողան կոչվող երևույթի պատճառով: Եվ հիմա էլ շարունակվում է նրա ցանկությամբ և մտադրությամբ: Էրդողանը ցանկություն ունի ամբողջական վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական նավթի և գազի տրանզիտը ու դրանով շանտաժի ենթարկել եվրոպացիներին: Իհարկե, Հարավային Կովկասում ամրապնդվելու դեպքում, մի քանի տարի հետո, Էրդողանը որևէ մզկիթում կհայտարարի, որ իրենց պատմական առաքելությունն է ձեռք մեկնել Հյուսիսային Կովկասի մահմեդական եղբայրներին:
Այս պահին Ալիևը շատ կցանկանար կանգնեցնել պատերազմը և արձանագրել, որ հետ են վերցրել պայմանական Ջաբրայիլը: Բայց Էրդողանը չի եկել պայմանական Ջաբրայիլի հետևից. դա իրեն ամենևին չի բավարարում: Նրան հատկապես չի բավարարում, եթե հրադադարը կնքվի ռուսական հովանու ներքո: Էրդողանը այս պատերազմում ճակատագրական պարտություն չի կրելու, ուստի իրեն կարող է շռայլություն թույլ տալ և մի քիչ էլ պատերազմել: Մոտավորապես միլիոնատեր խաղամոլի նման, որ կարող է իրեն թույլ տալ պարտվել մի քանի տասնյակ հազար դոլար:
Մյուս կողմից, Ալիևն այնքան է ընկել թուրքական պրոտեկտորատի տակ, որ այժմ կտրուկ կտրելու դեպքում մի քանի ժամ անգամ չի մնա նախագահի պաշտոնին: Բավարար է, որ թուրքական լրատվամիջոցները մի քանի հրապարակում անեն, և Ալիևը շամպայնի խցանի նման կթռչի: Մեզ մնում է մի բան՝ շարունակել պայքարել, մինչև ադրբեջանցիները հրաժարվեն մեռնել հանուն Էրդողանի շահերի:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020