Ռազմական գործողություններին զուգահեռ ընթանում է նաև դիվանագիտական պատերազմ, որը իր հերթին էական ազդեցություն է թողնելու ուժերի հարաբերակցության վրա: Պատերազմի չորրորդ օրը կարելի է որոշակի առումով բեկումնային համարել:
Նախ պաշտպանության բանակը այնքան լուրջ հարվածներ հասցրեց թշնամու մարդկային և ռազմատեխնիկական ներուժին, որ ժամանակ է պահանջվում այն վերականգնելու համար: Դրանով է պայմանավորված, որ Թուրքիան արդեն բացահայտ մտավ պատերազմի մեջ՝ օգտագործելով իր ռազմաօդային ուժերը: Ադրբեջանի բանակը և թյուրիմացաբար նրա շարքերում հայտնված սիրիացի գրոհայիններն այլևս չեն ցանկանում դառնալ թնդանոթի միս և միակ միջոցը մի փոքր փոխել բանակի բարոյահոգեբանական վիճակը՝ դա ամերիկյան արտադրության և Թուրքիայի ռազմական բալանսում գտնվող F-16-ի միջոցով ավերածություններ գործելն է: Այդ ինքնաթիռներն էլ չեն կարող վճռական բեկում մտցնել ռազմաճակատում, սակայն հակառակորդը հույս ունի դրանով Արցախի բնակչության և նրա պաշտպանների մոտ խուճապ առաջացնել և ինչպես վերևում նշվեց՝ բարձրացնել անկումային տրամադրություններ ունեցող ադրբեջանական բանակի մարտական ոգին:
Եվ այստեղ հայկական դիվանագիտությունը գործեց շատ օպերատիվ: Միանգամից շատ ճշգրիտ փոխվեցին շեշտերը և աշխարհը տեղեկացվեց՝ Հայաստանի դեմ պատերազմ է հայտարարել Թուրքիան: Դիվանագիտական ճիշտ շեշտադրումները շատ կարևոր են: Թուրքիան ոչ թե օգնում է, այլ պատերազմում է: Դրան արդեն չէին կարող չարձագանքել տարածաշրջանի և աշխարհի գլխավոր դերակատարները:
Ռուսաստանը և Իրանը արտաքին գերատեսչությունների մակարդակով շատ սուր հայտարարություններ արեցին: Իսկ Ֆրանսիայի նախագահի խոսքերը պետք է լրջորեն մտահոգեն Ալիևին, քանի որ Մինսկի խմբի անդամ երկրի ղեկավարի նման տոնայնությամբ խոսք հնչում էր առաջին անգամ: Եվ դա հետագայում խնդիրներ է ստեղծելու ոչ թե Էրդողանի, այլ Ալիևի համար: Որքան էլ հայտնի տանդեմը ցանկանա, չի կարողանալու փոխել բանակցությունների ձևաչափը և Մինսկի խումբն է մնալու որպես միակ բանակցային ֆորմատը:
Չափազանց կարևոր էր նաև երեկ նախագահ Արմեն Սարգսյանի օպերատիվ հեռախոսազրույցները Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և Եգիպտոսի նախագահի հետ: Այս երկու երկրները մեր տարածաշրջանի խոշոր խաղացողներից են և նրանց հետ հարաբերությունների կառուցումը կարևոր է Հայաստանի համար: Հատկապես Սաուդյան Արաբիայի հետ, որը մինչ այս պահը մշտապես թշնամական վարքագծով է աչքի ընկել Հայաստանի նկատմամբ: Բայց երեկվա հեռախոսազրույցը վկայում է, որ կա շահերի ընդհանրություն և շատ արագ կարելի է դրանք առարկայացնել:
Կա նաև դիվանագիտական ձախողում, որը պատերազմից հետո պետք է շտկվի: Կարելի է արձանագրել, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը բացարձակ իրեն չարդարացրեց: Հատկապես հաշվի առնելով, որ ոչինչ չշահելով վտանգեցինք Իրանի հետ հարաբերությունները: Իսրայելը ոչ միայն չդադարեցրեց Ադրբեջանին զենք վաճառել, այլև անգամ այս օրերին քրտնաջան կերպով ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան: Հայկական դեսպանատան ոչ մի միջամտության ականատես չեղանք և նրա գոյությունը այնտեղ չտվեց ցանկալի արդյունքներ: Համենայնդեպս, պատերազմից հետո պետք է դեսպան Սմբատյանին հետ կանչել՝ աշխատանքը ձախողելու պատճառաբանությամբ:
Նույնը վերաբերում է Ռուսաստանում ՀՀ դեսպան Տողանյանին: Իր չմտածված և անտեղի հայտարարություններով նա ավելի շատ վնաս տվեց, քան օգնեց հայրենիքին: Պարզ է, որ պատերազմի ժամանակ Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում դեսպան հետ կանչել գլխավոր դաշնակցի մայրաքաղաքից, բայց պատերազմից հետո այդ կադրային սխալը նույնպես պետք է ուղղվի:
Հայաստանը իրեն չի կարող թույլ տալ ունենալ դեսպան Ռուսաստանում, ով հայտնի չէ, թե ում շահերն է սպասարկում:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 29, 2020