...

1997 թվականի պայմանագիրը մեծ հնարավորություններ է ընձեռում

1997 թվականի պայմանագիրը մեծ հնարավորություններ է ընձեռում

Հասկանալի է, որ պատերազմ է, և էմոցիաների ավելցուկ կա: Իրավիճակի բարդությունը պայմանավորված է նաև նրանով, որ անկախության 30 տարիների ընթացքում, առաջին անգամ ենք առերեսվում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի հարձակման հետ: Վտանգի մասին միշտ ենք իմացել, սակայն առաջին անգամ է, որ այն դե ֆակտո իրականացավ: Հենց Թուրքիայի գործոնով է պայմանավորված, որ Ադրբեջանը չի նայում զինտեխնիկայի ահռելի կորուստներին, քանի որ ստանում է համալրումներ:

Առաջնագծի ծանր իրավիճակով է պայմանավորված հանրային դիսկուրս ներխուժած երկու ծայրահեղական գնահատականների առկայությունը:

Առաջին. պետք է անհապաղ համաձայնել բոլոր պահանջներին և ամեն գնով դադարեցնել պատերազմը:

Երկրորդ. հենց մի փոքր լավ նորություններ են գալիս ռազմաճակատից, միանգամից ակտիվանում են նրանք, որոնք պնդում են, թե ոչ ոք մեզ պետք չէ, ոչ մեկից օգնություն խնդրելու անհրաժեշտություն չկա, և բոլորը ցանկանում են վնասել մեր սուվերենությանը:

Չնայած ծանր իրավիճակին, պետք է սառը գլխով վերլուծել իրավիճակը, հասկանալ, թե սխալ ընտրված ստրատեգիան կամ հռետորաբանությունը ինչ հետևանքներ կարող են առաջացնել: Պետք է զսպել թե՛ խուճապային տրամադրությունները և թե՛ չհիմնավորված ամբիցիաները:

Շատ է խոսվում ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության մասին: Բայց պետք է հասկանալ, որ դա կարող է խնդիրներ առաջացնել հենց Ռուսաստանի համար: ՀԱՊԿ-ում թյուրքալեզու երկրները դժվար թե համաձայնեն պատերազմել հանուն Հայաստանի՝ ընդդեմ իրենց եղբայր երկրների: Իսկ դա բերելու է մեծ ճգնաժամի հենց կառույցի շրջանակներում, մի բան, որից Ռուսաստանը խուսափում է ամեն գնով:

Բայց նաև պետք է հասկանալ, որ Արևմուտքը այսօր օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով չի օգնելու Հայաստանին այս իրավիճակից դուրս գալու համար: Այս ամենը պետք է արձանագրել, որ հետո պոստֆակտում չասվի, թե նավերը չբարձրացան Հայկական լեռնաշխարհ:

Այս իրավիճակում միակ բնական դաշնակիցը, որ կարող է օգնել, Ռուսաստանն է: Եվ պետք է սկսել նրան դիմելուց: Ոչ թե հեռախոսով կամ կապի այլ միջոցներով, այլ պաշտոնապես:

Իսկ պաշտոնական դիմումի հիմք պետք է ծառայի 1997 թվականին կնքված հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագիրը:

Այդ պայմանագիրը շատ բաների մասին է, բայց ունի այս իրավիճակին վերաբերող կոնկրետ կետեր: Մասնավորապես պայմանագրի 2 հոդվածում ասվում է. Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին:

Պայմանագրի երրորդ հոդվածը ավելի է մասնավորեցնում փոխադարձ պատասխանատվությունը. Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով:

Հայաստանի նկատմամբ կա և՛ ագրեսիա, և՛ ագրեսիայի սպառնալիք: Հարվածել են Վարդենիսի գյուղերին, սպանել անզեն քաղաքացիների, իսկ հետո նաև վնասել են Հայաստանի տարածքում գտնվող ռազմական տեխնիկան: Հատկանշական է, որ ապացուցելու կարիք չկա. ադրբեջանական կողմը դա խոստովանել է:

Պետք է օգտվել պայմանագրի ընձեռած հնարավորություններից: Հակառակ դեպքում պատմությունը ոչ միայն չի ների հանձնվողներին և խուճապ տարածողներին, այլև արկածախնդիրներին:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 16 հոկտեմբեր, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ