Լինենք անկեղծ. ներհայաստանյան միասնականության և համերաշխության մթնոլորտը տևեց ընդամենը երկու-երեք օր: Խոսքը ժողովրդի մասին չէ: Ժողովուրդը իր գործը անում է լուռ, իր որդիներին ուղարկելով ռազմաճակատ, փող է փոխանցում Հայաստան հիմնադրամին, կացարան և սնունդ տալիս Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին:
Նույնը անում է Սփյուռքը՝ ինչպես իրենք են ասում «դոնաթ» անում և մասնակցում բողոքի ակցիաներին: Լոս Անջելեսի և Բրյուսելի ցույցերը չտեսնված էին իրենց չափերով:
Խոսքը ռևանշի ուժերի մասին է: Բայց այստեղ էլ պետք է լինել օբյեկտիվ: Այդ շրջանակների այն հատվածը, որ գտնվում է Սերժ Սարգսյանի ազդեցության և տիրապետության տակ, բավական զուսպ է պահում իրեն: Իհարկե, երբեմն «պոռթկման» դեպքեր արձանագրվում են, բայց նրանց ելույթների և հայտարարությունների հռետորաբանությունն էականորեն տարբերվում է քոչարյանական խմբերի վարքից: Նույն Աշոտյանը կամ Շարմազանովը շատ ավելի ճիշտ են դիրքավորվել, քան Թևանյան Անդոն և քոչարյանական խմբակի մյուս ներկայացուցիչները:
Համեմատությունն ավելի ակնառու կլինի, եթե մոնիթորինգ արվեն «Արմենիա» և 5-րդ ալիք հեռուստաընկերությունների մատուցած լուրերը: Վերջինս շատ ագրեսիվ քննադատում է իշխանություններին և հաճախ ներկայացնում, թե որքան վատ է վիճակը:
Դժվար կտեսնեք որևէ սերժականի, որ այս օրերին կպնդի, թե միայն Սերժ Սարգսյանը կարող է մեզ փրկել, և ճիշտը նրան իշխանությունը փոխանցելն է: Դրան հակառակ, բոլոր քոչարյանականները օրը մի քանի անգամ տարածում են այդ «հերոսի» նկարները՝ պնդելով, որ նա պետք է ստանձնի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Նրանք, իհարկե, չեն բավարարվում միայն դրանով: Նրանց գործունեության հիմնական դաշտը հայ-ռուսական հարաբերություններն են: Հնարավոր և անհնար բոլոր միջոցներով տարածում են լուրեր, թե հայ-ռուսական հարաբերությունները չափազանց վատթարացել են և Հայաստանի ղեկավարության պատճառով զենք ու զինամթերք չի մատակարարվում: Մինչդեռ իրականությունն այլ է, և անգամ Պուտինը ստիպված եղավ անդրադառնալ այդ հարցին՝ նշելով, որ հայկական կողմը չունի դժգոհություններ Ռուսաստանի պարտավորությունները կատարելու մասով: Ռուսաստանը բացահայտ հանդես չի գալիս Հայաստանի կողմից և միանշանակ ակնարկը վերաբերում էր զինամթերքի մատակարարումներին: Ամենևին բացառված չէ, որ Քոչարյանի՝ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը նույնպես նվիրված լինի այդ թեմային: Որովհետև թիրախավորելով Փաշինյանին, քոչարյանականները վնաս են հասցնում նաև Ռուսաստանին՝ պնդելով, թե այդ երկիրը զենք չի տալիս: Իսկ այս պահին, հասարակության մեջ նման տրամադրություններ զարգացնելը վնաս է նաև Ռուսաստանի համար:
Քոչարյանական շրջանակներն են տիրաժավորում այն միտքը, թե ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին: Բայց պետք է հասկանալ, որ դիմելու դեպքում Ռուսաստանն ունենալու է լրջագույն խնդիրներ կազմակերպության անդամ մյուս երկրների հետ: Նրանք չեն պատրաստվում հանուն Հայաստանի պատերազմել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Եվ կարող են պարզապես դուրս գալ դաշինքից՝ դրանով փլուզելով Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այդ ռազմաքաղաքական կռվանը: Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները, որպեսզի դիմելու անհրաժեշտություն չառաջանա:
Ինչևէ, պատերազմը ցույց տվեց, որ անգամ այս օրհասական պահին, նշված գործիչը չի վարանի պղտոր ջրում ձուկ որսալ. չի զսպի իրեն, իր տիրապետության ներքո գտնվող ուժերի և մեդիաների միջոցով չի խորշի վնաս հասցնել դաշնակիցների հետ հարաբերություններին: Սա պետք է հաշվի առնել և պատերազմից հետո հետևություններ անել: Ղ-Տելեկոմը միայն առաջին քայլն էր:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 30, 2020