...

Իսկ նա դեռ շարունակում է քայլել

Իսկ նա դեռ շարունակում է քայլել

Երեք տարի առաջ նա սկսեց քայլել: Հիմա նորից քայլում է, ճիշտ է՝ հիմնականում կիրակի օրերին, քանի որ մնացած օրերին շատ բազմազբաղ է՝ կառուցում է 30 տարի չկառուցված պետական ինստիտուտները և շանսատակ է անում գելերին, որոնք չէին կառուցել պետական ինստիտուտները: Համենայնդեպս, ինքը խորապես համոզված է, որ Հայաստանը չի ունեցել որևէ կայացած պետական ինստիտուտ:

Ինչ ունենք երեք տարի անց: Եթե որևէ անծանոթ դիտորդ երեք տարի բաց թողած լինի ներհայաստանյան քաղաքական զարգացումները և կրկին հետևի Փաշինյանի ելույթներին, մտքի ծայրով իսկ չի անցկացնի, որ նա արդեն երեք տարի է, ինչ իշխանություն ունի, կմտածի, որ մարդը շարունակում է պայքարել իշխանության համար:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շատ մակերեսային պատկերացումներ ուներ Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական և ընդհանուր առմամբ մնացած բոլոր հասարակական հարաբերությունների վերաբերյալ: Պատկերացումներն ու գիտելիքները մակերեսային էին, հակառակ դեպքում չէր խոստանա, որ շատ կարճ ժամկետում կօգտագործի իր կախարդական փայտիկը և Հայաստանը կդարձնի «կոնֆետկա»: Պատկերացումները մակերեսային էին, հակառակ դեպքում չէր պնդի, որ Արցախի վերաբերյալ բանակցությունները կարող է սկսել իր օրակարգից և, ըստ էության, զրոյից: Մինչդեռ այսօր պարզվում է, որ անգամ Հովիկ Աղազարյանն է ավելի խորը գիտելիքներ ունեցել Արցախյան հակամարտության ներկա զարգացումների վերաբերյալ:

Պատկերացումները մակերեսային էին, քանզի հակառակ դեպքում չէր պնդի՝ ազգաբնակչության սոցիալական վատ վիճակի պատճառը նրանց գլխում է:

Պատկերացումները մակերեսային էին, քանզի հակառակ դեպքում առաջին իսկ հանդիպման ժամանակ չէր զարմացնի եվրոչինովնիկներին՝ նրանց կշտամբելով, թե մի քանի տասնյակ միլիոն դոլարն այն թիվը չէ, քանի որ նա այդքան գումար կարող է ստանալ մի թեթև թափ տալով հայաստանյան օլիգարխների գրպանները: Անգամ շատ բարձր մակարդակով հայտարարում էին, որ չեն սահմանափակվելու օլիգարխների՝ Հայաստանում ունեցած ակտիվներով, այլ հետամուտ են լինելու, որ վերադարձվեն նաև արտասահմանում գտնվող նրանց միլիոնները: Հիշեցնենք, որ, ըստ էության, բյուջե վերադարձվեց ոչ ավելի, քան 100 միլիոն դոլար:

Իսկ ամենասխալ պատկերացումները Հայաստանում առկա կլանային համակարգի կառուցվածքի և ամրության վերաբերյալ էին: Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե բավարար է միայն Սերժ Սարգսյանին հեռացնել և ամբողջ համակարգը վայրկենապես կփլուզվի: Մինչդեռ զարգացումները ցույց տվեցին, որ դատական ու օլիգարխիկ համակարգերը շատ ավելի ամուր թելերով են կառուցված ու կապակցված: Մակերեսային պատկերացումների պատճառով իշխող թիմը և նրա ղեկավարը չհասկացան, որ կոսմետիկ փոփոխություններով ու կոշտ հռետորաբանությամբ հնարավոր չէ փոխել դատական համակարգը: Իրական բարեփոխումների փոխարեն գնացին մի քանի դատավորների հետ պայմանավորվելու և այսրոպեական խնդիրները լուծելու ճանապարհով: Քոչարյանին ազատ են արձակել, ոչինչ, կներդնենք անմարդկային ջանքեր, կգտնենք, կպեղենք մի դատավորի, որը գոնե մի քանի ամսով կրկին նրան կուղարկի բանտախուց: Հետո՞, հետո մի դուռ կբացվի: Այս տրամաբանությամբ ու պատկերացումներով երեք տարի կառավարեցին:

Կյանքը ցույց տվեց, որ համառությամբ կարելի է իշխանության գալ, բայց միայն դրա շնորհիվ հնարավոր չէ արդյունավետ կառավարում իրականացնել: Միայն համառության շնորհիվ հնարավոր չէ արտաքին քաղաքականություն իրականացնել, հակառակը՝ միայն համառության շահագործման դեպքում վրա է հասնում մեծ ողբերգությունը:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 13, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1063 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ