Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Սին են իշխանությունների հույսերը, թե ժամանակը ձգձգելով հնարավոր կլինի վիճակը կայունացնել և խուսափել մեծ առճակատումից:
Գործող իշխանության խոսքից ու գործից ակնհայտ է, որ նրանք սխալ պատկերացում ունեն ստեղծված վիճակի մասին:
Իշխանությունն այն մտայնությունն ունի, որ ընդամենը պետք է տեղի չտալ և ամեն ինչ կներծծվի և կվերջանա: Սովորական օրերին հազարին մոտ մարդ էլ դուրս չի գալիս փողոցներ, իսկ շաբաթ օրերին, իրենց ամբողջ ներուժը ներդնելով, 17-ի միավորումը 10000 հազարից ավել մարդ չի կարողանում բերել հրապարակ: Իշխանությունները այս շարժումը դիտարկում են նախորդ տարիների շարժումների տրամաբանության մեջ և թույլ են տալիս հերթական ռազմավարական սխալը:
Նախորդ շարժումները, եթե չեն կարողացել մի քանի օրվա մեջ հավաքել կրիտիկական զանգված, շատ արագ մարել են: Մարել են, որովհետև շարժման առաջնորդները իրենց առաջ խնդիր չեն դրել ամեն գնով հասնել հաջողության, իսկ շարքային մասնակիցները եկել են իրենց կամքով և հետագայում չեն մասնակցել, որովհետև այլևս չեն տեսել հնարավորություն հաջողության հասնելու համար: Ներկա ցույցերի մասնակիցների շարժառիթները այլ են:
Կա մասնակիցների երկու խումբ. առաջինը նրանք են, որոնք կորցրել են իշխանությունը և հիմա հույս ունեն այն վերադարձնել: Այս խմբի մեջ են մտնում նաև նրանց ընտանիքի անդամներն ու մտերիմները: Սա այնքան էլ փոքր խումբ չէ: Նրա թվաքանակը պատկերացնելու համար պետք է հասկանալ, որ շուրջ երկու հազար պաշտոնյա կորցրել է իր աշխատատեղը: Երկրորդ խումբը ստիպողաբար կամ գումարի դիմաց ցույցերին մասնակցողներն են: Հաշվի առնելով, որ գործող իշխանություններին այդպես էլ չհաջողվեց գործուն հարվածներ հասցնել օլիգարխիայի կուտակած հարստությանը, նրանք կարող են շատ երկար ժամանակ մարդկանց ստիպել կամ գնելու միջոցով պարտադրել մասնակցելու իրենց կազմակերպած հանրահավաքներին:
Երկրորդ կարևոր գործոնը պատերազմում կրած պարտությունն է: Նախորդ շարժումների հետ համեմատելը սխալ է նաև այս դիտանկյունից: 30 տարվա մեջ մենք դեռ պարտված չէինք եղել. սա ևս առճակատման մասնակիցների նոր խումբ է ապահովում: Պարտադիր չէ համաձայն լինեն 17-ի հետ, որպեսզի ոչ միայն մասնակցեն ցույցերի, այլև գնան բախման: Պատերազմի շատ մասնակիցներ ունեն համոզմունք, որ եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվեր, չէինք ունենա այսօրվա պատկերը:
Իշխանությունը պետք է հրաժարվի մտադրությունից, թե կարելի է խուսափել արտահերթ ընտրություններից: Հնարավոր չէ անընդհատ շահարկել ժողովրդի անունը, նրա ընտրելու իրավունքը պահպանելու ցանկությունը, բայց չգնալ արտահերթ ընտրությունների:
Եթե Փաշինյանը մտավախություն ունի, որ հրաժարականի դեպքում, իր թիմից կվերցնեն 20 հոգի և կընտրեն նոր վարչապետ, ապա այդ մասին պետք է խոսի ավելի բացահայտ: Ստվերային պայմանավորվածությունների դաշտում նախորդներն ավելի պրոֆեսիոնալ են և ունեն շատ ավելի լուրջ լծակներ: Վտանգը չեզոքացնելու լավագույն միջոցն այն հանրայնացնելն է: Պետք է հստակ բացատրվի, որ բոլոր այն պատգամավորները, որոնք կգնան այդ քայլին՝ նպատակ ունեն ժողովրդին զրկել ընտրելու իրավունքից և Հայաստանը մղում են բռնատիրության:
Կարծում ենք, որ հրաժարական տալու և երկշաբաթյա գործընթացը առանց նոր վարչապետ ընտրելու լավագույն ժամկետը դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 8-ն է:
Արիս Վաղարշակյան
Հ.Գ. Արդար ընտրությունների անցկացման առաջին երաշխիքը պետք է դառնա Տիգրան Մուկուչյանի հրաժարականը և այդ պաշտոնում արտասահմանցի մասնագետ հրավիրելը:
«Չորրորդ իշխանություն», թիվ 39, 2020