ՎԵՐՋՈՒՄ ՔՈՉԱՐԻ ԷԼ ԿՊԱՐԵՆ
Գնալով ավելի ակնառու է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը ուժեր են կուտակում՝ նախապատրաստվելով վերջնական ճակատամարտին:
Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից հենց նրանք են պատրաստակամություն հայտնել այդ պատերազմի հիմնական ճակատամարտը մղել արտահերթ ընտրություններ կոչվող տեղանքում: Բայց մի բան է հրապարակային արտահայտած հռետորաբանությունը, մեկ այլ բան՝ թաքնված նպատակները:
Հայաստանի քաղաքական վիճակի պայթունավտանգ լինելու մասին է խոսում այն փաստը, որ հայտ ներկայացրած երկու գործիչները ամենահակասական ընկալումն ունեն հանրության շրջանում: Հայաստանի նորագույն պատմությունը մանրակրկիտ ուսումնասիրելու դեպքում ակնհայտ կդառնա, որ հենց այս երկու գործիչների օրոք են սկիզբ առել ամենավտանգավոր միտումները և նրանց օրոք է Հայաստանը որդեգրել քաղաքականություն, որը ի վերջո շատ թանկ է արժեցել պետականության տեսանկյունից:
Հանրության շրջանում կա մի մեծ մոլորություն, թե արտահերթ ընտրությունների դեպքում Փաշինյանը համոզիչ հաղթանակ կտանի: Զավեշտը նրանում է, որ այդ պնդումը ամենահաճախը կրկնում են այն մարդիկ, որոնք միաժամանակ հայտարարում են, որ ոչ մի պարագայում ձայն չեն տա իշխող ուժին:
Կյանքի որակը չի բարելավվել, նախկինները դատապարտված չեն, պատերազմում կրած պարտության համար հասարակության մի ստվար հատված մեղադրում է իշխանություններին, նրանց նկատմամբ հայտարարված է քարոզչական պատերազմ, կադրային քաղաքականությունը շարունակում է նորանոր զավեշտներ պարգևել և այդ ֆոնին իշխանությունների բալանսի միակ ակտիվը նախկինների հետ գալու վախն է:
Արտահերթ ընտրությունները ենթադրում են քարոզարշավ և իշխանության համար դրա ամենատհաճ բաղադրիչը՝ բանավեճը: Բանավեճների ընթացքում իշխանությունները ստիպված են լինելու պատասխանել բազում տհաճ հարցերի, որոնց պատասխանները կարող են է՛լ ավելի վտանգել իշխանության վարկանիշը: Այս մասին գիտի իշխանությունը և հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մի կողմից խոսում է արտահերթ ընտրություններից, մյուս կողմից չափազանց դանդաղ, մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ սկզբունքով է իրական քայլեր անում արտահերթ ընտրություններին մոտենալու համար: Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի 6-ամսյա ժամկետից անցել է ուղիղ կեսը, սակայն իշխանությունը չի շտապում՝ հայտարարելով, թե օրինակ Ընտրական օրենսգիրքը անպայման պետք է արժանանա Վենետիկի հանձնաժողովի հավանությանը: Իսկ հանձնաժողովի առաջիկա նիստը նախատեսված է մարտ ամսվա վերջին:
Իշխանությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկություն չունի, բայց միաժամանակ ամեն ինչ անում է, որ դրա պատասխանատվությունը դնի ընդդիմության վրա:
Իր հերթին, Քոչարյանը եղանակները տաքանալու պես ակտիվացնելու է փողոցային պայքարը՝ է՛լ ավելի ագրեսիվ տարրեր մտցնելով խաղի մեջ: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի փողոցներում տեղի ունեցածը նոր թափ և դրսևորումներ է ստանալու: Քոչարյանի նպատակն է հանրության շրջանում ձևավորել ուժեղ ձեռքի կարոտախտ: Ստեղծել քաոսի իրականություն և տպավորություն, իսկ այնուհետև գրպանային կուսակցությունների, մեդիաների և սոցիալական ցանցերի միջոցով ստեղծել արհեստական հանրային պահանջ, թե իբր իրավիճակից միայն Քոչարյանը կարող է գլուխ հանել:
Բոլոր առողջ ուժերի գերնպատակը պետք է լինի այն, որ այս երկու գործիչները չկարողանան քաղաքական դաշտը բաժանել իրար մեջ: Ամեն մեկը յուրովի խնդիր է Հայաստանի համար, երկուսով կարող են վերջնականապես խորտակել Հայաստանի Հանրապետությունը։
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2021