...

Докатились

Докатились

Ինչպես կասեր ռազմավարական դաշնակիցը՝ докатились: Երեք տարվա աննախադեպ իրադարձություններից հետո նշմարվում է քաղաքական նոր լանդշաֆթ, որտեղ առաջատար ժողովրդավարությունների օրինակով, երկկուսակցական համակարգի տրամաբանությամբ, հիմնական քաղաքական դերակատարման առաքելություն են ցանկանում ստանձնել Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերը:

Եթե մեկը երեք տարի առաջ նման սցենար կանխագուշակեր, ապա ոչ թե հարյուր հազարավոր մարդիկ, այլ մի քանի հարյուրն անգամ դուրս չէին գա փողոցներ: Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունն ուներ գեթ մի հաջողություն, ապա դա Ռոբերտ Քոչարյանին ու իր փոքրաթիվ թիմին քաղաքականությունից դուրս մղելն էր: Իհարկե, դա հաջողվեց նաև այն ժամանակվա ընդդիմության հետևողական ու գրագետ պայքարի շնորհիվ: 

Երեք տարի անց ունենք նոր խճանկար՝ քաղաքական դաշտի առաջին երկու հորիզոնականների հայտ են ներկայացրել ձախողված իշխանությունները և ապաքաղաքական, արյուն թափած, կոռումպացված մի թիմ, որ իրեն կոչում է ընդդիմություն:

Առաջին հայացքից կարող է թյուր կարծիք ստեղծվել, որ այդ երկու ուժերն ամենից շատ միմյանց են ատում: Որպես փաստարկ էլ կարող է նշվել, թե Քոչարյանը նստեցրել է Փաշինյանին, իսկ վերջինս՝ առաջինին: Ճիշտ է՝ Փաշինյանը ազատազրկվել է Սերժ Սարգսյանի օրոք, բայց գործի հարուցումը և հիմնական նախաքննությունն իրականացվել է Քոչարյանի օրոք: Բայց վերջին իրադարձությունները հուշում են, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Ռոբերտ Քոչարյանը առաջինն, ըստ էության, ձեռք մեկնեց Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ մասնակցելու է ընտրություններին ու «կրելու է»: Դա ոչ այլ ինչ էր, քան գցել հայրենիքի փրկության շարժման գործընկերներին և Փաշինյանի հետ ընդհանուր օրակարգ ունենալու լավ թաքնված խոստովանություն: Իր հերթին, Փաշինյանը Մարտի 1-ի հանրահավաքին ինչ ասես, որ չասաց Սերժ Սարգսյանի հասցեին՝ է՛լ մերժված, է՛լ դավաճան, փոխարենը որևէ թթու խոսք չհնչեցնելով Քոչարյանի հասցեին: Փաշինյանի խոսքից կարելի էր տպավորություն ստանալ, որ գլխավոր շտաբի խռովության մասին Քոչարյանն իմացել է լրատվականներից:

Թերևս դրանով է նաև պայմանավորված, որ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք առիթը բաց չեն թողնում հակադարձելու Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին, խոնարհ հարսի պես չեն արտահայտվում Քոչարյանի արդարացման վերաբերյալ: Ռուբեն Ռուբինյանը ամենևին զարմացած չէ, իսկ Ալեն Սիմոնյանը չի ցանկանում իր ծանրակշիռ խոսքն ասել երեք տարի տևած գործընթացի ձախողման վերաբերյալ: Մինչդեռ իր «վերլուծության» արդյունքում կարող է մարդիկ հանգստանային և կրքերը հանդարտվեին: Թարսի նման Հովիկ Աղազարյանն էլ ժամանակ գտավ նեղսրտելու:

Քաղաքական երկու ախոյաններին միավորում է ևս մի շատ կարևոր առանձնահատկություն: Երկուսն էլ պատրաստ են հանուն իշխանության, առանց որևէ նախապայմանի հետևել ռազմավարական դաշնակցի հրահանգներին: Իսկ ռազմավարական դաշնակցի համար իդեալական վիճակ է ստեղծվում՝ իշխանությունը և ընդդիմությունը ունենում են նույնական մոտեցումներ ու ձեռագիր, և իշխանության փոփոխությունը չի սպառնում Հայաստանում դիրքերի կորստին: Ավելին, միշտ կարելի է մեկին վախեցնել մյուսով, անհրաժեշտության դեպքում կատարել տեղերի փոփոխում՝ առանց որևէ ցնցման:

Հունիսի 20-ին հասարակությունը պետք է շատ խոհեմ ընտրություն կատարի: Գրեթե վիրահատական ճշգրտությամբ, որպեսզի վերոհիշյալ երկու թիմերի սցենարը ի չիք դառնա: 

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ