...

Փաշինյան-Քոչարյան սինդրոմ

Փաշինյան-Քոչարյան սինդրոմ

Մինչև վերջերս անհատականության անձի երկվությունը համարվում էր ոչ հաճախ հանդիպող հոգեկան հիվանդություն: Սակայն վերջին հետազոտությունների համաձայն, այդ հիվանդությամբ տառապում են շատ ավելի մեծ քանակի մարդիկ, քան նախկինում կարծում էին:

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը կորոնավարակի թեման փակելուց հետո, պետք է մասնագետների մի մեծ խումբ գործուղի Հայաստան, որովհետև հնարավոր է բացահայտվի հիվանդության նոր տեսակ՝ խմբային երկվություն: Այսինքն՝ մասնագետները պետք է պարզեն, որ անձի երկվությամբ տառապում են մի խումբ մարդիկ, որոնց միավորում է համատեղ աշխատանքը: 

Լավ կլինի, որ աշխատանքային խումբը ձևավորված լինի երկու մասից: Առաջինը հետազոտի իշխանությանը, երկրորդը՝ ընդդիմությանը:

Հիմա ավելի կոնկրետ, թե ինչու նման հետազոտության կարիք ունեն խորհրդարան անցած ուժերը:

Իշխանության մասով:

Մի կողմից՝ անխնա քննադատության է ենթարկվում ՀԱՊԿ-ը: Այդ գործին լծված են ոչ միայն իշխանության սատելիտ ուժերը, այլև պետության առաջին դեմքերը: Անկախ անձից ԱԽ քարտուղարը բարձրաստիճան պաշտոնյա է: Հայաստանը չունի ԱԳ նախարար և նրա բացակայության երկու ամիսների ընթացքում այդ պարտականությունը դե ֆակտո կատարում է Արմեն Գրիգորյանը:

Մյուս կողմից՝ իշխանությունը ջանք չի խնայում, որ ռուսները գան հաստատվեն Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում:

ՀԱՊԿ-ը նախ և առաջ Ռուսաստանն է: Ռուսաստանն է որոշում այդ կառույցի գործունեության վեկտորը: Զասը չի արտաբերում գեթ մեկ ստորակետ, որ համաձայնեցված չէ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և գլխավոր շտաբի հետ:

Բժիշկները պետք է հասկանան, թե իշխանությունների երկվություն այս տրավման ե՞րբ է առաջացել, ինչի՞ հետևանքով և արդյոք կա՞ շանս ապաքինվելու:

Ընդդիմության մասով:

Իրենց քաղաքական ողջ հետագծի ընթացքում հնարավոր բոլոր դիրքերով հարաբերվել են սահմանադրության և ՍԴ-ի հետ: Արհամարհել, ստորացրել, ահաբեկել, դարձրել հլու-հնազանդ ծառա, իսկ այսօր եկել և ապավինում են սահմանադրական արդարադատությանը: ՍԴ դիմելու հիմքում դրել են այնպիսի ապացույցներ, որոնք իրենց իշխանության օրոք իրենց կողմից արհամարհված էին: Եթե չեն տառապում անձի խմբային երկվությամբ, պետք է խոստովանեն, որ նախկինում երբեք Հայաստանում չի իրականացվել սահմանադրական արդարադատություն, իրենք գերու կարգավիճակում են պահել այդ ինստիտուտը, բայց հիմա հույս ունեն, որ վերջապես Հայաստանը կդառնա իրավական պետություն:

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը պետք է լուրջ ուսումնասիրություններ անցկացնի Հայաստանում, գուցե նոր հիվանդություն բացահայտի և անվանի Փաշինյան-Քոչարյան սինդրոմ:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   727 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ