Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում՝ անգամ պատից կախված ցախավելն է տարին մեկ կրակում: Այս ասացվածքը լավագույնս է բնորոշում Ռոբերտ Քոչարյանի՝ սեփական լրատվամիջոցին տված վերջին հարցազրույցը: Նա նշեց մի գաղափար, որն ամենայն հավանականությամբ դառնալու է առաջիկա ամիսների քաղաքական օրակարգի գլխավոր լեյմտոտիվը: Երկրի թիվ մեկ ամբաստանյալը խոսեց «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարի մասին: Ըստ նրա, բոլորը պետք է միավորվեն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:
Չափազանց էմոցիոնալ և սխալ կլինի միանգամից մերժել գաղափարը՝ գտնելով, որ Քոչարյանը չի կարող արժեքավոր միտք արտահայտել:
Պետք է մի կողմ թողնել, թե ո՞վ է ասողը և ընդհանրապես բարոյական իրավունք ունի՞ նման կոչեր հնչեցնելու: Քաղաքականության մեջ բարոյականությունը ունի տասներորդական նշանակություն, իսկ նրա մասին հաճախ հիշատակողներին նայում են իբրև աղքատ բարեկամների:
Անգամ էական չի դառնում այն հանգամանքը, որ «կոնսենսուս մինուս մեկ» գործողություն է ծրագրվում մեկի հանդեպ, ով մեկ տարի առաջ ստացել է հանրության գերակշիռ մասի վստահության քվեն: Իսկ ընտրությունները ճանաչվել են ազատ, արդար և թափանցիկ համաշխարհային հանրության կողմից: Անգամ էական չէ, որ գաղափարի հեղինակը երբեք չի ընտրվել Հայաստանի նախագահ և նրա բոլոր ընտրությունները անցել են չտեսնված կեղծիքներով, իսկ միջազգային կազմակերպությունները մշտապես կասկածի տակ են դրել դրանց լեգիտիմությունը:
Եթե առաջիկայում իշխանությունը չունենա կամք և հմտություն հանգուցալուծելու ՍԴ ճգնաժամը, ապա Քոչարյանի ազատության մեջ հայտնվելը կդառնա ամիսների հարց: Դրանից հետո, սկսվելու է մի գործընթաց, երբ փողի ու ռևանշի ձգտող բոլոր ուժերը միավորվելու են այդ անձնավորության շուրջ:
Ի՞նչ պետք է անի իշխանությունը: Մի կողմից՝ արագորեն լուծի ՍԴ-ի խնդիրը: Արագացնի քաղաքական ռեֆորմները՝ փոխի կուսակցությունների մասին օրենքը և Ընտրական օրենսգիրքը: Մյուս կողմից՝ սկսի իրագործել Քոչարյանի գաղափարը՝ հակառակ կողմից: Անհրաժեշտ է սկսել մեծ երկխոսություն քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերի հետ: Պետք է ստեղծվի իրական կոնսենսուս՝ ընդդեմ բոլոր այն ուժերի և անհատների, որոնք ձգտում են ռևանշի: Ընդդեմ այն ուժերի, որոնք, ելնելով իրենց նեղ անձնական շահերից, պատրաստ են վտանգել Հայաստանի պետականությունը: Ընդդեմ այն ուժերի, որոնք համագործակցում են օտար պետությունների հատուկ ծառայությունների հետ: Ընդդեմ այն ուժերի, որոնք չեն խորշում բռնության կոչեր հնչեցնելուց և հատկապես նրանցից, ովքեր ունեն կոնկրետ հետագիծ արյուն թափելու՝ հանուն սեփական քաղաքական շահերի: Ընդդեմ այն ուժերի, որոնք լոբբինգ են անում միջազգային կազմակերպությունների կողմից հակահայկական բանաձևեր ընդունելու ուղղությամբ: Քոչարյանը այդ բոլոր ուժերի մարմնավորումն է:
Քաղաքական բոլոր առողջ ուժերը պետք է հստակ ջրբաժան գծեն իրենց և վերոհիշյալ ուժերի միջև: Իշխանությունը պետք է ձգտի լայն կոնսենսուս ձևավորել՝ չսեփականաշնորհելով այդ չափազանց կարևոր քաղաքական պայքարը: Անսխալականության և աննախադեպության ախտանիշները պետք է իրենց տեղը զիջեն քաղաքական ճշգրիտ հաշվարկին:
Հայաստանին անհրաժեշտ է առողջ և օտարների շահերը չսպասարկող ընդդիմություն: Բայց նախ և առաջ պետք է փակել նախկինի էջը՝ չթողնելով նրան որևէ շանս պատմության անիվը հետ շրջելու համար:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020