...

Ով ինչ զենք կկիրառի

Ով ինչ զենք կկիրառի

Չորեքշաբթի օրը ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Սերժ Սարգսյանին և որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում փորձեց ցույց տալ, որ դա շարքային իրադարձություն է, այնուամենայնիվ, ակնհայտ է՝ նախկին ռեժիմի դեմ պայքարը մտնում է որակական նոր փուլ:

Քոչարյանը և Սարգսյանը ունեն շատ մեծ ընդհանրություններ, բայց կա նաև ռեսուրսների ահռելի տարբերություն: Եվ խոսքը ամենևին էլ ֆինանսական բաղադրիչի մասին չէ: Այդ «ճակատում» նրանց հնարավորությունները գրեթե հավասար են: Խոսքը կազմակերպչական, արտաքին քաղաքական  և հանրային ընկալումների, ինչպես նաև ժամանակագրության մասին է: Քոչարյանի կալանավորման դեմ պայքարում, արտաքնապես Սերժ Սարգսյանը և հանրապետականը մասնակցել են: Բայց դա ավելի շատ եղել է արարողակարգային պայքար, այսպես ասած՝ «գալոչկայի» համար: 

Հանրապետականից միայն Էդուարդ Շարմազանովն է մեկ-երկու անգամ երևացել դատարանի դիմաց: Ոչ մի  այլ կարկառուն հանրապետական հարկ չի համարել փողոցում աջակցել Քոչարյանին: Չպետք է մոռանալ, որ Քոչարյանը ստիպված էր իր համար կազմակերպվող ակցիաներին ներգրավել և խոսափողը հանձնել այնպիսի գործիչների, որոնց խոսքից ժպտում էին անգամ Քոչարյանին համակրող լրատվամիջոցների լրագրողները: Նրանք ստիպված էին լինում հաճախակի ընդհատել ուղիղ եթերները, քանի որ հռետորների խոսքը ավելի շատ վնասում էր, քան օգնում: Ճ կլասի գործիչներ, որոնք չունեին ոչ հեղինակություն, ոչ հռետորական հմտություններ, ոչ էլ լրագրողների հետ շփվելու փորձ: Մեծ հաշվով, մինչ այսօր, Քոչարյանի թիմը չի կարողացել լրացնել այդ բացը: Չի կարողացել, որովհետև բոլոր այն գործիչները, որոնք պատրաստ են գումարի դիմաց առաջարկել իրենց ծառայությունները, վաղուց գտնվում են Սերժ Սարգսյանի գրպանում: Եվ Սարգսյանը հարկ չի համարել անգամ նրանց վարձով տրամադրել Քոչարյանին: Սարգսյանի ձերբակալվելու դեպքում, մենք ականատես կլինենք փողոցում բովանդակային այլ պայքարի:

Արտաքին քաղաքական ճակատում, Սերժ Սարգսյանի իմիջը էականորեն տարբերվում է Քոչարյանի իմիջից: Եթե վերջինիս միակ ռեսուրսը Կրեմլի հետ քիմիական կապն է, ապա Սարգսյանի զինանոցը ավելի ընդգրկուն է: Տարիների ընթացքում, եվրոպական մի շարք կառույցներում Սարգսյանը հաստատել է մտերմիկ հարաբերություններ և հաշվի առնելով այդ կառույցների բարքերը, կարող է ակնկալել որոշակի քաղաքական և բարոյական աջակցություն: Իր խնդրահարույց անցյալով հանդերձ, Սարգսյանը Եվրոպայի համար գործիչ է, որն առանց արկածախնդրության գնալու հանձնեց իշխանությունը: Դրանով նա էականորեն տարբերվում է նույն Քոչարյանից: 

Անցած տարի գարնանը, հայ ժողովուրդը միահամուռ մերժեց Սերժ Սարգսյանին: Քոչարյանը և Սարգսյանը մնում են ամենաանընդունելի գործիչները հայաստանցիների համար: Բայց Քոչարյանը իր վարքով, հրապարակային խոսքով ավելի շատ կրքեր է բորբոքում իր դեմ: Այդ առումով Սարգսյանը ավելի ճկուն է: Անհրաժեշտ պահին, նա չի խորշի տարբեր միջոցներով կարեկցանք առաջացնելու իր հանդեպ: Ինչը բացառվում է Քոչարյանի դեպքում: Իսկ ինչպես հայտնի է հայ ժողովուրդը սիրում է կարեկցել: Կարևոր հանգամանք է նաև մեդիա աջակցությունը: Անցյալ տարի կալանավորվելուց հետո, Քոչարյանը ձեռք բերեց լուրջ ակտիվներ, բայց, միևնույն է, դրանք հեռու են Սարգսյանի և Մինասյանի ակտիվների հետ համեմատվելուց: 

Ժամանակագրության առումով նույնպես կան խնդիրներ: Անցյալ տարի իշխանության նկատմամբ վստահությունը անհամեմատ ավելի շատ էր, և դա լրջագույն ռեսուրս է նախկին նախագահ կալանավորելու առումով: 

Ամեն դեպքում, հուսով ենք, որ իշխանությունը հաշվի է առել վերոհիշյալ ռիսկերը և, ինչպես թրենդային է հիմա ասել, կկառավարի դրանք:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», 12, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ