ԲԴԽ-ն իրեն նշանակել է առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրվող անձանց ազատ արձակման Դատարանի Գերագույն և գլխավոր դատավոր:
Ու հիմա ընդունարանի առաջ հսկայական հերթ է գոյացել: «Հաջորդը թող ներս մտնի»,- բացականչում է ինքը: Ներս է մտնում Քոչարյանը: «Ի՞նչ խնդիր ունեք»,- հարցնում է ինքը: «Արյան ճնշման կտրուկ տատանումներ, գաստրիտ, դաբաղ, լեթարգիա, ավիտամինոզ, թուլամտություն, մենինգիտ, կատաղություն»... Ինքը ընդհատում է. «Այ ընկեր, ես ձեր առողջական խնդիրների մասին չեմ հարցնում, դուք ասեք, թե արդարադատության հետ ինչ խնդիրներ ունեք»:
«Հաա՜,- ծոր է տալիս Քոչարյանը,- դատավոր ջան, ես արդարադատության հետ խնդիր չունեմ, էդ արդարադատությունն ինձ հետ խնդիր ունի: Մի քանի տարի առաջ ընկերներով զորավարժություններ էինք անցկացնում Երևանում, թարսի պես, էդ օրը ահագին ժողովուրդ էր լցվել փողոցները, զորավարժությունների ժամանակ պատահաբար մի քիչ տուժեցին: Ու վրես սահմանադրական կարգի տապալման հոդված են դրել: Բա դա անելու բան է՞»:
«Սպասեք մի րոպե,- ասում է ինքը ու զանգում ՍԴ: - Ալո՛, Հրայր, ընկեր, մոտդ մի հատ մարդ եմ ուղարկում, գլխին նատուրի սարքել են, մի հատ որոշում կայացրեք, էս մարդուն բաց թողեք: Հա, ԺԵԿ-ից տեղեկանք էլ ունի: Դե, պրիվետ»,- հեռախոսը դնում է ու հանկարծ Քոչարյանը սկսում է իրեն քաշքշել: «Էս ի՞նչ ես անում»,- գոռում է ինքը: «Վայ, կներեք, էդ պրիվետ բառից ահավոր ներվայնանում եմ, ինձ կորցնում»,- կուչ եկած արդարանում է Քոչարյանը: «Կորի աչքիցս, գնա, քեզ սպասում են, մինչև ապրիլի 5-ը Հրայրի մոտ պիտի հասցնես սաղ գործերդ պրծնել»:
Ներս է մտնում Սերժ Սարգսյանը՝ փեսայի ձեռքը բռնած: «Հարգելի դատավոր, ընկել են էս սուրբ տղայի հետևից, կյանքը ուտում են, ունեցածը ընդամենը երկու ՀԷԿ է, մեկ էլ մի քանի մանր-մունր կաֆե, ծելե»: «Մոտ արի»,- ինքը մատով է անում փեսային: «Դու լիքը ալիք ունես, մեկը կտաս ինձ, ու ազատ ես»: Փեսան ուրախանում է. «Հարց չկա, սիրով ձեզ կնվիրեմ Այվազովսկու «9-րդ ալիքը», ես դրանցից շատ ունեմ»: Հենց տեղում պայմանագիր են կնքում, ու հանկարծ տեսնում է, որ փեսան իր անվան փոխարեն գրում է Baham Snt. Jones LTD: «Արա՛, էս օֆշորով ե՞ս ուզում հետս գործ բռնել»,- բարկանում է ինքը:
Այդ պահին ներս է մտնում Արամ Բարեղամյանը: Ինքը անմիջապես սփրթնում է, գույնը գցում, մոտը սկսվում են արյան ճնշման կտրուկ տատանումներ, գաստրիտ, դաբաղ, լեթարգիա, ավիտամինոզ, թուլամտություն, մենինգիտ, կատաղություն... մի կերպ պոկվում է տեղից ու դատարանի պատուհանից իրեն դուրս գցում և ընկնում դատարանի բակ: Իսկ այնտեղ քաղբանտարկյալների հոծ բազմություն է կանգնած:
Արթնանում է երիկամային անբավարարությունից:
«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020