Անկեղծ ասած՝ մինչ օրս Միքայել Մինասյանի կարճամետրաժ ֆիլմերից մի քանիսը դիտել ենք որպես երգիծական մոնոներկայացումներ: Բայց վերջինն ուղղակի ինքնախոստովանական ցուցմունք էր, որն անկասկած պետք է հետաքրքրի մեր ԱԱԾ-ում աշխատող ազնիվ սպաներին: Ինչո՞ւ: Որովհետև.
1. Միքայել Մինասյանը, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դնում հակահետախուզության բաժնի անձնակազմը.
2. Հաստատում է, որ ԱԱԾ-ն տարիներ շարունակ զբաղվել է ներքաղաքական գործունեությամբ՝ հօգուտ գործող իշխանության:
Կարծում ենք՝ 1-ին կետը քիչ թե շատ պարզ է: Անդրադառնանք 2-րդին:
Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի փեսայի ձեռքում հայտնվել այս փաստաթուղթը: Արդյո՞ք արտահոսք է եղել հենց այժմ, թե՞ այն վաղուց է եղել սույն գործչի պահոցներում նմանատիպ այլ թղթերի հետ: Ճիշտ եք. երկրորդ տարբերակն է: Պարզաբանենք: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք սովորական գործելակերպ էր կեղծ ընդդիմության ստեղծելը: Ս. Սարգսյանն ինքն է մի քանի անգամ բացահայտել իր հաճախորդներին: Հիշենք Արտաշես Գեղամյանին և Արթուր Բաղդասարյանին: Մեկը բարեհաջող օգտագործվեց 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանի դեմ, մյուսը՝ 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի:
Սակայն միայն այս հաճախորդներով նրանք չէին բավարարվում: Բազմաթիվ մարդկանց էին հավաքագրում և ներդնում ընդդիմության շարքերում: Ընդ որում, ներդրյալների մի մասը մնում էր ստվերում մինչև որևէ իքս ժամ, հետո, երբ որոշում էին նրանց դերը բարձրացնել, կազմակերպում էին որևէ սկանդալ, որը պետք է ուռճացվեր մամուլում՝ անձի համար ընդդիմադիրի իմիջ ապահովելու համար:
Ուշադրությո՛ւն դարձրեք Միքայել Մինասյանի հրապարակած թղթի վրա նշված ամսաթվին՝ 7.11.2007 թ.: Այո՛, չեք սխալվում: Երկիրը պատրաստվում էր նախագահական ընտրություններին: Լ. Տեր-Պետրոսյանն արդեն վերադարձել էր: Իշխանությունը գիտակցում էր, որ հեշտ չի լինելու: Ուստի նախապատրաստվում էր ամբողջ թափով:
Ինչով էր զբաղված 2007-ին հավաքագրված անձը 2008-ին՝ հայտնի չէ: Սակայն 2013-ի մարտին նրա անվան հետ մի փոքրիկ սկանդալ կապվեց: ԵՊՀ-ում նրան ժամեր չտվեցին (ի դեպ, բուհում նա աշխատել է մեկ կիսամյակ, այն էլ՝ ժամավճարով), և մամուլն անմիջապես աղմուկ բարձրացրեց, թե մայր բուհում ճնշում են ընդդիմադիրներին... Եվ ընդդիմադրի իմիջը պատրաստ էր:
Անդրադառնանք Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: 2015 թվականի կարևորագույն իրադարձությունը սահմանադրական հանրաքվեն էր, որի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումն էր: ՔՊ-ն և նրա առաջնորդը հայտարարեցին, որ դրան ընդդիմանալը կեղծ օրակարգ է և... փաստորեն աջակցեցին Միքայել Մինասյանի աներոջը: Իսկ 2017-ին Ելք դաշինքի կազմով դարձան պատգամավորներ:
2018 թվականին իշխանությունն անցավ նրանց: Ընդ որում, Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում արձանագրեց, որ բռնի ուժով չի ճնշում հեղափոխությունը, որովհետև դա իրենը չէ: Հերթական անգամ 2008 թ. մարտիմեկյան ոճրագործությունից տարանջատեց իրեն՝ մեղքը բարդելով Ռոբերտ Քոչարյանի վրա: (Ընդգծենք՝ 2008-ից սկսած՝ Մ.Մինասյանի անվան հետ կապվող լրատվամիջոցները ջանք ու եռանդ չէին խնայում սա ապացուցելու համար):
Իսկ հիմա ենթադրենք, որ 2018-ին իշխանության եկածների մեջ բազմաթիվ հավաքագրվածներ կան, որոնք, սակայն, չեն արդարացնում պատվիրատուների հույսերը: Այսինքն՝ իշխանությունը չեն ուզում վերադարձնել իրենց: Ի՞նչ պետք է անեն հավաքագրողները: Դարձյալ ճիշտ եք: Պետք է հրապարակեն կոմպորոմատները՝ դրանք զարդարելով «թուրքի շպիոն» ձևակերպմամբ:
Գրիգոր Խաչիկյան