...

Անպետք մեկնիչները - 2

Անպետք մեկնիչները - 2

(Միքայել Մինասյան)

Սերժ Սարգսյանի մեկնիչներից մեկն էլ փեսան է՝ Միքայել Մինասյանը: Նա առանց աներոջ հարցազրույցի էլ գերակտիվ է էլեկտրոնային տիրույթում: Սակայն վերջին օրերին ակնհայտորեն աշխուժացել է: Նրա տեքստերը, իհարկե, լավ հոգեբանի վերլուծության կարիք ունեն, բայց մենք կանդրադառնանք նրա մեկնական կարողություններին, որոնք առավելաբար դրսևորվել են պաթետիկ հռետորաբանությամբ:

Այսպես, Մ. Մինասյանը մի սրտաճմլիկ պատմությամբ փորձում է հասկացնել, որ ինքը մեր երկրի քաղաքական անցուդարձի որոշ դրվագների հետ համաձայն չէր, դրա համար էր դարձել դիվանագետ և գլուխն ազատել՝ աներոջը թողնելով մեն-մենակ: Եվ ահա հիմա է հասկանում, թե «ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը.  նա պաշտպանում էր պետությունը և որքան էլ տարօրինակ հնչի, այդ թվում՝ սեփական ժողովրդից։ Երևի թե սա է պատճառը, որ նա մնաց մենակ»: Փեսան չի մոռանում մեզ հիշեցնել նաև, որ աները բարի է, հիշաչար ու ագրեսիվ չէ: Մի խոսքով՝ մենք անհասկացողներս, այսպիսի գանձ ենք կորցրել, որ սեփական ժողովրդից պաշտպանում էր պետությունը: Իսկ Սերժ Սարգյանին երևի հերթական անգամ հասկացնում է, թե որքան կարևոր են իր ծառայությունները: Ուրեմն առանց Մինասյանի Սարգսյանը մենակ էր մնացել: Հանրապետականների բազմամարդ կոհորտան կարող է իրեն ցած նետել Դավիթաշենի կամրջից:  

Ապաշխարանքի այս ցնցող նամակի մնացած հատվածներին չենք անդրադառնա. շատ տխուր են: Պարզապես հիշեցնենք Մ. Մինասյանին, որ հայաստանյան չափանիշներով նա մեդիամագնատ է, պրոպագանդայի հզոր գործիք ունի: Այդ գործիքը տարիներ շարունակ զբաղվել է ապատեղեկատվությամբ, քաղաքական հակառակորդներին ոչնչացնելով, էժանագին արտադրանքով մարդկանց ճաշակը փչացնելով:

Ս.թ. փետրվարի 19-ին նա վրդովվում էր, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել իր ընկերներին՝ Կարեն Բեքարյանին և Արա Սաղաթելյանին: Անշուշտ, այս բռնությունները բնավ չենք ողջունում: Սակայն ուզում ենք, որ Մ.Մինասյանը մտաբերի իր վերահսկած լրատվամիջոցների պահվածքը հատկապես 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ: Մենք հիշում ենք, իսկ դո՞ւք: Եվ որքան էլ Մինասյանը փորձի աներոջը սահմանազատել այդ արյունահեղ դեպքերից, որքան էլ փորձի մեղքը գցել ուրիշների վրա, չի կարողանալու: Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է մարտի մեկի սպանդից հետո: Սա փաստ է:

Ամփոփելով ասենք, որ Մ. Մինասյանի, Ա. Աշոտյանի և այլոց համար ներկա իշխանությունը շատ հարմար հակառակորդ է: Գուցե իրենց հաշվարկն էլ հենց դա էր: Գուցե մտածում են, որ իրենց ինտելեկտուալ կարողությունները ներկաներից բարձր են և իրենց ֆինանսական հզորությունների հետ մեկտեղ կօգնեն իշխանությունը վերադարձնելուն, գուցե իրենց հիմնական դաշնակիցն այս հարցում հենց Նիկոլ Փաշինյանն է, որի ապաշնորհությունն ու անգործունակությունն օրեցօր ավելի  շատ մարդկանց են հիասթափեցնում: 

Սակայն կարծում ենք, որ իրենք էլ իմքայլականների իշխանության և լկտիության հիմնական երաշխիքն են, որովհետև իրենց շեֆերի հետ միասին մեղավոր են այն վիճակի համար, որում հայտնվել են Հայաստանն ու Արցախը: Միայն թե իրենց շեֆերից մանր ու խեղճ են...

Գրիգոր Խաչիկյան          

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ